«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտի փոքր կուսակցություններն այս օրերին փորձում են իրենց համար հասկանալ, թե ում հետ կարող են դաշինք կազմել: «Ժողովուրդ»-ը «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանից փորձեց պարզել, թե իրենց կուսակցությունն ինչպես է պատկերացնում ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը, ում հետ է դաշինքով հանդես գալու: «Գտնում ենք, որ միայնակ ոչ իշխանական քաղաքական ուժի, կուսակցության համար դժվար կլինի հաղթահարել (ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը,- խմբ.):
Մենք գտնում ենք, որ պետք է փորձել ձեւավորել նոր նախընտրական դաշինք եւ փորձել հասնել հաջողության»,- ասաց պարոն Զուրաբյանը: Իսկ այն հարցին, թե ՀՀՇ-ն որ կուսակցության հետ ոչ մի դեպքում դաշինք չի կազմի, Զուրաբյանը պատասխանեց. «Ապրում ենք Հայաստանում, որտեղ առկա են տարբեր քաղաքական ուժեր, եւ մենք բոլորի հետ պատրաստ ենք գնալ դաշինքի, եւ կարծում եմ՝ թվարկելու կամ ասելու հարց չկա»: