«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին պաշտոնանկ կանեն։ Իսկ պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որի մեջ հայտնվել է պաշտոնյան։ Բանն այն է, որ գերմանական հայտնի «Լյուֆթհանզա» ավիաընկերությանը Հայաստանի օդային տարածքում լիցենզիա տալու համար ՔԱԳՎ-ում խոշոր չափի կաշառք են պահանջել, արտասահմանցի գործընկերներն էլ զայրացել են, թե՝ «բա խնդրեք, գանք ձեր երկրում ավիաբիզնես անենք»։ Իրենց գլխին եկածը հասցրել են Բաղրամյան 26։ Այս հողի վրա իշխանության վերին օղակում մի քանի օր է՝ խմորումներ են, լավատեղյակները չեն բացառում, որ ամեն րոպե կարող է լինել Արտյոմ Մովսեսյանի ազատման հրամանը։ Երկու օր առաջ, երբ ստացել էինք լուրը, փորձեցինք այն ճշտել Արտյոմ Մովսեսյանից։
«ՉԷ, բացարձակապես սխալ տեղեկություն ունեք, հիմարություն է, այդ խոսակցությունները հիմարություններ են»,- իր պաշտոնանկության մասին լուրը հերքեց ՔԱԳՎ պետը։ Ինչ վերաբերում է ավիաընկերությունից կաշառք ուզելու մասին լուրերին, դա ևս հերքեց. «Էդպիսի բան չի կարող լինել ավիացիայի մեջ, շատ վատ կարծիք է, այդ պոպուլիստական հիմար խոսակցություններին պետք է պատասխանել նման ձևով»։ Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնն զբաղեցնում է շուրջ 12 տարի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։