Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն անխուսափելի է. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռեգնում» գործակալությանը:

– Վերջերս ադրբեջանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա, որտեղ պետք է հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկի ԼՂ հակամարտության կարգավորման պայմանները: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Դա հերթական ապատեղեկատվությունն է, որը չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունն ընդհանուր առմամբ հիմնված է ապատեղեկատվության վրա, որի նպատակը կեղծ տվյալների տարածումն ու միջազգային և հենց Ադրբեջանի հանրության մանիպուլյացիայի փորձերն են: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ նախագահի կամ այլ երկրների առաջնորդների հետ հանդիպմանը, ապա մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ նման հանդիպումները տեղ կունենան, քանի որ մեր երկրի միջազգային ճանաչումն անխուսափելի է:

– Այսպես կոչված՝ քառօրյա պատերազմ տեղի ունեցավ: Ի՞նչ էր դա, Ձեր կարծիքով: Պատերա՞զմ, օպերա՞ցիա, թե՞ սադրանք:   

– Դա պատերազմ էր՝ Ադրբեջանի կողմից նենգաբար սկսված և մանրամասն ծրագրված, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության ոչնչացումն էր: Տվյալ ավանտյուրան ծախողվեց՝ շնորհիվ ԼՂՀ բանակի և նրա ժողովրդի արիության, հերոսության, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության: Ադրբեջանի ագրեսիան լուրջ մարտահրավեր էր միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, որը լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող կողմերի շփման գծում մոնիթորինգային խմբի ստեղծման ծրագիր մշակեց: Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ծրագիրը:

– Քառօրյա պատերազմից առաջ մենք Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին բազմիցս առաջարկել են միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման և սահմանի երկայնքով խախտումների գրանցման համար: Միջնորդները սատարեցին մեր առաջարկները, սակայն պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականության պատճառով դրանց իրականացումը տապալվեց: Այժմ տվյալ հարցը կրկին արդիական է, և հույս ունենք, որ այդ ուղղությամբ իրական քայլեր կձեռնարկվեն:




Լրահոս