Իրանից ներկրված գազի ծավալներն աճել են, իսկ Ռուսաստանից ներկրումը` նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում գազի սպառումը նվազել է ավելի քան 10 տոկոսով: Նշենք, որ Հայաստան է ներկրվել 663 մլն խորանարդ մետր գազ, որից 94,3 մլն-ը Իրանից, իսկ մնացածը՝ Ռուսաստանից:
Անցած տարի ներկրված գազի ծավալը եղել է 737 միլիոն 900 հազար խորանարդ մետր, որից 92,5 մլն-ը՝ Իրանից: Ստացվում է, որ իրանից ներկրված գազի ծավալներն ավելացել են, իսկ Ռուսաստանից ներկրումը նվազել է 76,7 մլն խորանարդ մետրով:
Ի դեպ, հիշեցնենք, որ Իրանից գազը ներկրվում է «Երեւան ՋԷԿ»-ի համար, որի դիմաց Հայաստանը վճարում է էլեկտրական էներգիայով: Ու չնայած ընդհանուր ցուցանիշում ներառվում է, սակայն մնացած հաշվարկներում այն չի ընդգրկվում: Մասնավորապես, էներգետիկ ոլորտի գազի սպառման ծավալներում այն չի հաշվարկվում:

Երբ ուսումնասիրում ենք սպառողների առանձին խմբերի օգտագործած գազի ծավալները, ակնհայտ է դառնում. Հայաստանում գազի սպառման անկումն հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ էներգետիկ ոլորտի, կամ ավելի կոնկրետ՝ Հրազդանի երկու ՋԷԿ-երի կողմից սպառվող գազի ծավալների կտրուկ՝ մոտ 40 մլն խորանարդ մետրով նվազել է: Իսկ բնակչության սպառած գազը ավելի քան 11 մլն խորանարդ մետրով ավելացել է, ինչը պայմանավորված է այն փաստով, որ այս տարվա ձմեռը եւ մարտ ամիսը անցած տարվա համեմատ ավելի ցրտաշունչ էին: Ինչ վերաբերում է արդյունաբերության գազի սպառմանը, ապա այն նվազել է 5 մլն խորանարդ մետրով: Այս փաստն իր հերթին հիմնականում պայմանավորված է ցեմենտի արտադրության ծավալների անկմամբ:
Ի դեպ, վերջին տարիների կտրվածքով առաջին անգամ նվազել են նաեւ գազալցակայանների օգտագործած գազի ծավալները: Անցած տարվա առաջին եռամսյակում գազալցակայանները սպառել էին 106 մլն 100 հազար խորանարդ մետր գազ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 103 մլն 700 հազար խորանարդ մետր:

Այն փաստը, որ արդյունաբերության սպառած գազի ծավալները նվազել են, պայմանավորված է Հայաստանի տնտեսությունում առկա անկումային վիճակով: Ինչն իր հերթին հանգեցրել է ընդհանուր բնակչության գնողունակության անկման, քանի որ գազով լիցքավորվող ավտոմեքենաների թվաքանակի անընդհատ ավելացման պայմաններում գազալցակայանների կողմից գազի սպառման անկումը միայն ընդհանուր գնողունակության անկմամբ կարող է բացատրվել:
Իսկ ինչ վերաբերում է սպառված գազի դիմաց վճարումներին, ապա այս տեսանկյունից, ինչպես միշտ, ամենաանպարտաճանաչը էներգետիկ ոլորտի ձեռնարկություններն են: Փաստորեն Հրազդանի երկու ՋԷԿ-երն այս տարվա առաջին եռամսյակում իրենց սպառած գազի գումարի միայն 83 տոկոսն են վճարել:

Հիշեցնենք, որ նշված ՋԷԿ-երի սեփականատերը նույն «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է: Այլ կերպ ասած՝ «Գազպրոմ-Արմենիան» ինքնիրեն գազ է վաճառում, բայց դրա գումարը նորմալ չի հավաքագրում: Փոխարենը բնակչության վճարումներն այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով 99 տոկոս են կազմել:
Իսկ, ահա, գազալցակայանների դեպքում նույնիսկ գերավճարի հետ գործ ունենք, քանի որ վճարումները կազմել են 106 տոկոս, արդյունաբերության դեպքում նույնպես գերավճար է եղել՝ 16 տոկոսի չափով: Էներգետիկ ոլորտից բացի՝ թերվճարում առկա է նաեւ միայն բյուջետային կազմակերպությունների դեպքում, որտեղ այդ ցուցանիշը ընդամենը 3 տոկոս է կազմել:

Նշենք, որ առաջին եռամսյակի արդյունքներով՝ գազի փոխադրման համակարգում կորուստները կազմել են 25 մլն 400 հազար խորանարդ մետր, իսկ բաշխիչ համակարգում կորուստները եղել են 12 մլն 900 հազար խորանարդ մետր:

Ըստ այդմ, գազի համակարգում ընդհանուր կորուստը կազմել է 38 մլն 300 հազար խորանարդ մետր, որը ընդհանուր ներկրված գազի 6 տոկոսն է կազմում: Անցած տարվա առաջին եռամսյակում գազի կորուստի ծավալը ճիշտ այնքան է եղել, որքան այս տարի: Կարելի է կարծել, որ խողովակներից գազը կայուն կորում է եւ կապ չունի, թե որքան է ներկրվում կամ բաշխվում սպառողներին:

Ամեն դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի ներկրված եւ սպառված գազի ծավալներն անցած տարվա համեմատ տասը տոկոսով նվազել են, ստացվում է, որ կորուստների տեսակարար կշիռն աճել է մոտ մեկ տոկոսով՝ 5-ից դառնալով 6:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս