Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց երեկ տեղի է ունեցել հունիսի 2-ին Նոր գյուղ հայաշատ շրջանում զոհված 4 հայերի՝ 1942 թվականին ծնված Վազգեն Ճապաղջուրյանի, 1949 թվականին ծնված Խաչիկ Աբուլապությանի, 1967 թվականին ծնված Հովսեփ Ջանեցյանի և 1954 թվականին ծնված Լևոն Քելխաչերյանի հուղարկավորությունը:
Օրերս Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել, որոնց հետևանքով վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, որում էլ զոհվել էին հայերը:
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքին պատկանող Սուրբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Եկեղեցուն կից վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են:
Լուրջ վնասներ են կրել եկեղեցու «Աղաջանյան» սրահը, միանձնուհիների սենյակները․ եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են, երբ դրա մոտ հրթիռ է ընկել ու պայթել, իսկ «Զվարթնոց» վարժարանի մեջ մեկից ավելի հրթիռներ են ընկել՝ վնասելով դասարանները: