Շատ հեռուստադիտողների հետաքրքրում է, թե այժմ որտեղ է «Ընկեր Փանջունի» ֆիլմից, «Վերադարձ», «Կյանքի գինը», «Ընտրյալները», «Անծանոթը», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Ստեփան Շահինյանը եւ ինչով է զբաղված, ինչու չի երեւում էկրաններին:
Ստեփան Շահինյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ արդեն մի քանի տարի է` ոչ մի հեռուստանախագծից հրավեր չի ստանում. «Մտածել ու հասկացել եմ, որ մեր սերիալներում շատ քիչ են անդրադառնում ինտելեկտուալ, ինտելիգենտ մարդկանց, փոխարենը մշտապես ներկայացնում են գողական, հանցագործ կերպարների: Իսկ ես այդ կերպարների շրջանակների մեջ չեմ «տեղավորվում»»,- մեկնաբանեց նա:
Անդրադառնալով հայկական սերիալների որակին` նա նկատեց, որ թեեւ ամեն բան չէ, որ իր սրտով է, ամեն դեպքում ինքն այն կարգավիճակում չէ, որ հրավերներից հրաժարվի. «Սերիալները փող աշխատելու համար պարարտ հող են: Իհարկե, ես կցանկանայի այնպես ապրել եւ այնքան վաստակել, որ այն, ինչ չեմ սիրում, չանեի»,-ասաց նա:
Ս. Շահինյանը տեղեկացրեց, որ մանկական թատերական ստուդիա ունի` «Արփի» անունով. այնտեղ նա բեմադրություններ է անում, դերասանական խմբի ղեկավարն է: «Երեխաների հետ ավելի մեծ հաճույքով եմ աշխատում, քան մեծերի: Նրանք հավակնոտ չեն, բերանները բաց սպասում են, թե դու իրենց ինչ կասես, որ անեն: Իսկ երբ քո ասածն անում են, մեկ էլ իրենք են իմպրովիզ անում. դա մեծ բավականություն է: Տեսնում ես, որ ասածդ «գետնին չի մնացել», վերցրել են: Այդ երեխաները մասնակցում են տարբեր նախագծերի եւ հաջողություններ գրանցում»,-իր ուրախությամբ կիսվեց դերասանը:
Ս. Շահինյանը դասավանդում է նաեւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Խոսելով ուսանողների առաջադիմության մասին` նա նկատեց. «Դերասանական ոլորտի մեր իրականությունն այնքան էլ հեռանկարային չէ, ուստի ուսանողներն էլ ցանկալի էնտուզիազմով չեն սովորում, օրինակ` այնպես, ինչպես տարիներ առաջ էր` սերիալների բումի ժամանակ»:
Երեւանի մնջախաղի, «Մետրո», Հ. Մալյանի անվան թատրոններում, Է. Էլբակյանի անվան խամաճիկների պետական թատրոնում աշխատած դերասանն այժմ որեւէ թատրոնում չի աշխատում: Թե ինչու, պատասխանեց հակիրճ. «Իրենց պետք չեմ, իմ պահանջը չեն զգում, բայց անկեղծ ասած` դրանից առանձնապես չեմ տխրում»:
Աննա Բաբաջանյան