Սեպտեմբերի 18-ին` ժամը 13:20-ին, ոստիկանության շտաբի հերթապահ մասից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի տղամարդ և հայտնել, որ Սևան քաղաքի հիվանդանոցի դիմաց գտնվող բենզալցակայանի մոտ կրակել են իր վարորդի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին` դեպի Իջևան տանող կողնակում, հայտնաբերել է “Շևրոլետ Ցենտուրյոն” մակնիշի ավտոմեքենա` առջևի ձախ պատուհանը կոտրված վիճակում:
Ավտոմեքենայի վարորդը` 1989 թ. ծնված Արթուր Դ.-ն, հայտարարել է, որ կայանված վիճակում, գտնվելով ավտոմեքենայի սրահում, լսել է կրակոցի ձայն, և ապակին փշրվել է:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: