Armenian text to speach

Ինչո՞ւ է Ռուսաստանը ստվերում Բունդեսթագի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ասել է, որ այդ որոշումն այդ երկրի ներքին գործն է: Չի կարելի ասել, որ նման բան չկա, բայց Ռուսաստանի պաշտոնյայի կողմից այդ թեմայով խոսելն էլ խնդրահարույց է:

Նախ՝ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, ուստի իրեն քաղաքակիրթ համարող ցանկացած ազգ պետք է այն դատապարտի եւ խրախուսի բոլորին այդպես վարվելու: Ռուսաստանը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչը նշանակում է, որ այդպիսի քաղաքականությունն այդ երկրի համար միանշանակ դատապարտելի արարք է, իսկ Կրեմլից հայտնում են, որ Գերմանիայի դատապարտող քայլը ներքին խնդիր է:  Ի՞նչ է ստացվում, որ Ռուսաստանը ցեղասպանությունը դատապարտել է բացառապես իր ներքին խնդրով պայմանավորվա՞ծ, թե՞ որ դա համարել է իր պարտքը՝ որպես քաղաքակիրթ երկիր, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջոց:

Այսինքն՝ ըստ Պեսկովի՝ ճիշտ էր ողջունե՞լ նման ցանկացած քայլ, թե՞ դա ներքին խնդիր համարելով՝ փորձել թաքնվել եւ չարժանանալ Թուրքիայի կշտամբանքներին: Թեեւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի ուշ հայտարարել է, որ այս քայլով Գերմանիան մոտեցավ իր երկրի դիրքորոշմանը, բայց դրանով խնդիրը չի դադարում առկա լինելուց: Միգուցե սա փորձ էր սրբագրելու կրեմլյան անտարբերությունը, բայց, դատելով քաղաքականության նրբերանգներից, ավելի հավանական է թվում, որ Մոսկվան մի երեսով սիրաշահում է թուրքերին, մյուս երեսով՝ հայերին ու քաղաքակիրթ աշխարհին:

Ավելին՝ Գերմանիայի ու Ռուսաստանի դիրքորոշումների նույնականացման տրամաբանությունն էլ հուշում է, որ նրանից քաղաքական դիվիդենտներ են պետք: Եթե այդպես է, ապա նման երկվությամբ Ռուսաստանն իսկապես իզուր է հավակնում գլոբալ լիդերության. այդպիսի մտածելակերպով դա իր մոտ երբեք չի ստացվի առնվազն նրա հետ ինքնանույնացման անհնարինության պատճառով: Մյուս խնդիրը, որը Մոսկվայում երբեք հաշվի չեն առնում, բայց չափազանց կարեւոր է թեկուզ իրենց ամբիցիաների իրականանալիության համար, ՀՀ-ի եւ ՌԴ-ի ռազմավարական դաշնակցությունն է:

Հայ ժողովուրդը ենթարկվել է բնաջնջման իր իսկ հայրենիքում, ու դա իր մեծագույն ցավն է, ողբերգությունը, որը պետք է ոչ միայն դաշնակցի կողմից դատապարտվի, այլեւ մերժվի ժխտելու ցանկացած փորձ, եւ մշտապես խրախուսվի դատապարտման գործընթացը: Այլապես, ստացվում է, որ Մոսկվայի համար բացարձակապես հետաքրքիր չէ իր դաշնակցի նկատմամբ իրականացրած հանցագործությունը: Այդ դեպքում ինչպե՞ս են հարաբերություններ զարգանալու, եթե միմյանց լրջագույն խնդիրների հանդեպ կա անտարբերություն:

Դաշնակցությունը, ի վերջո, միայն քաղաքական ու տնտեսական շահերի համար ստեղծված հնարավորություն չէ, այն շատ ավելի խորքային երեւույթ է: Դաշնակցություն հնարավոր չէ, եթե չկա արժեքային ընդհանուր բազա, ժողովուրդները չեն ճանաչում միմյանց խնդիրները, բացակայում է մեկի խնդիրը մյուսի հարցը դարձնելու պետական-ազգային կամքը: Կարճ ասած՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ է երկրների բազմաշերտ փոխհարաբերություններում վստահության ձեւավորման ու արտաքին ինքնանույնացման համար: Եվ սա ոչ թէ իռացիոնալ երեւույթ է, այլ հակառակը, քանզի մեկմեկու խնդիրները լավ չպատկերացնելը կամ դրանց առանձնապես ուշադրություն չդարձնելը դրսեւորվելու է նաեւ արտաքին քաղաքականության իրականացման վրա, որի արդյունքում կարող են ձեռնարկվել դաշնակցի շահերին կամ խնդիրներին հակառակ քայլեր՝ հիմք ստեղծելով վստահության կորստի համար:

Այս պարագայում մենք գործ ենք ունենալու սովորական քաղաքական հարաբերության հետ, որը տվյալ պահին ստեղծված քաղաքական կունյունկտուրայի հաշվին համընկել է: Նմանօրինակ փսեւդո-դաշնակցությունը հեռանկար չունի. դա կարճաժամկետ գործընթաց է, որը այլ քաղաքական իրադրության պարագայում կարող է տրանսֆորմացվել՝ ընդհուպ անհամաձայնության եւ մրցակցության հասնելով:

Խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը տառապի հայկական հարցերով, մշտապես գտնվի էմպատիայի վիճակում, խնդիրն այն է, որ հայտարարություններն արտահայտում են որոշակի դիրքորոշում, իսկ վերջինը ցույց է տալիս տվյալ երկրի շահը կամ ձեւավորում է այդ շահը: Իսկ եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ռուսաստանի համար ճանաչման այլ դրսեւորումները բացառապես ներքին հարցեր են, ապա դա կարող է ընկալվել Թուրքիային աջակցություն հայտնելու ուղղակի կամ անուղղակի դիրքորոշում, որտեղ էլ պետք է փնտրել նրա իրական շահը:

Արման Սահակյան




Լրահոս