Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել` հերքելով ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հայտարարությունները, որոնք տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպանության հայտարարության մեջ նշվում է. «ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հրապարակված լուրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանությունը այս առնչությամբ հայտարարություն չի տարածել և դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Դեսպանությունը ևս մեկ անգամ ընդգծում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով` հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա»: