Դերասան ՍԵՊՈՒՀ ԱՊԻԿՅԱՆԻՆ ճանաչում ենք նախ ,Վերվարածներըե հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Ասքանազի (Ճպլի) կերպարը, հետո “Բանակում” սերիալից` որպես փոխգնդապետ Բշտիկյան, իսկ հիմա էլ գիտենք որպես Սիրակ Խափլանյան` Yere1 նախագծից: Դերասանը նախկինում աշխատել է Սունդուկյան թատրոնում, իսկ հիմա խաղում է Մալյան թատրոնում:
-Ձեզ միշտ բացասական դերեր են բաժին հասնում, ո՞րն է պատճառը:
-Իսկապես, բացասական կերպարներս ավելի շատ են, ինչ խոսք, բացասական դեր խաղալը դերասանի համար ավելի հետաքրքիր ու դժվար է: Թատրոնում դրական դերեր ունեցել եմ, իսկ էկրանին, չգիտեմ, ռեժիսորներն են այդպես ընտրում, ինչին ես այդքան էլ համաձայն չեմ: Կարծրատիպ է, ինչ արած, նրանց թվում է, եթե մի դերասան հումորային դերեր լավ է խաղում, ուրեմն պարտադիր նորից նման կերպար պետք է մարմնավորի: Պետք է փորձել, տեսնել՝ էլ ինչ կարելի է ստանալ այդ դերասանից: Ինձ մոտ ցանկություն կա նաեւ դրական կերպարներ մարմնավորելու:
-Գումար վաստակելու ցանկությո՞ւնն էր պատճառը, որ թատրոնից անցում կատարեցիք սերիալ:
-Պետք է ճիշտը խոսենք, ցավոք, թատրոններում չկա այդ ֆինանսական կողմը, որ միայն էնտեղ աշխատես: Սերիալն էլ իր տեղն ունի, մանավանդ ես հաճախ հենց հումորային նախագծերում եմ հանդես գալիս: Դրանք նման չեն այսօրվա որոշ սերիալներին, որտեղ կրակում են իրար վրա ու խոսում ժարգոնով: Այնտեղ, որտեղ դերասանական կերպար կա կերտելու, դա ոչինչ, մենք համարում ենք մեր աշխատանքը: Ինքս սիրում եմ իմ աշխատանքը, հարցն այդքան էլ ֆինանսի մեջ չէ:
-Հիմա արդեն շատ սերիալներ փակվել են, հետագայի համար առաջարկներ ունե՞ք, թե՞ “օդում կախված” վիճակում եք, ինչպես շատ դերասաններ:
-Ինչ-որ առաջարկներ կան, բայց այս կրճատումները, որ հիմա կան, մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ: Դրականն այս ամենի մեջ այն է, որ սերիալները կարճ են նկարելու, որ ձանձրացնող չլինեն, ու իբրեւ թե պետք է նկարահանվեն միայն դերասաններ: Լավ կլինի, եթե իսկապես այդպես լինի, որովհետեւ ամեն մարդ իր գործով կզբաղվի, ոչ թե փողոցից եկած մարդը կնկարվի դերասանի կողքին, ինչը ես սխալ եմ համարում: Շատ հաճախ հենց այդ ոչ պրոֆեսիոնալների պատճառով տուժում է դերասանների աշխատանքը: Ես երբեք ինքս չեմ գնա ու, օրինակ, շինարարներին չեմ փորձի խորհուրդ տալ` շենքն ինչպես կառուցել, որովհետեւ մասնագետ կա էնտեղ: Ամեն մարդ պետք է իր մասնագիտությամբ զբաղվի, որ պրոֆեսիոնալիզմ լինի:
-Մի՞թե այդ նույն սերիալները պրոֆեսիոնալ են նկարահանում, շատ անգամ դրանք արագության մեջ արված ինչ-որ գործեր են: Ես շատ դերասաններից եմ լսել, որ սցենարը նկարահանումից մեկ օր առաջ են ստանում:
-Դա ոչ բոլոր նախագծերին է վերաբերում, կան նաեւ այնպիսիք, որտեղ մանրակրկիտ աշխատանք է արվում, բայց եւ չեմ հերքում, որ կան դեպքեր, երբ կոնվեերի նման փորձում են հասցնել արտադրել:
–Եթե չեմ սխալվում, Դուք մի որոշ ժամանակ ապրել եք Ռուսաստանում, հիմա երկրից հեռանալու ցանկություն չի՞ առաջանում:
-Ես հնարավորություններ շատ եմ ունեցել, բայց չեմ գնացել, սիրում եմ մեր երկիրը՝ չնայած հիմա էնպես է ստացվել, որ մենք մեր երկրում օտար ենք: Դե հիմա այդպիսի ժամանակներ են: Բայց ինձ մոտ չկա ցանկություն հեռանալ կամ ուրիշ աշխատանքով զբաղվել: Գուցե եթե ստացվի իմ աշխատանքով հյուրախաղերի մեկնել, լավ կլինի, բայց չեմ պատկերացնում, որ գնամ ու այլ բանով զբաղվեմ, կստացվի՝ այսքան տարիներիս աշխատանքն ու կրթությունս անիմաստ են: Ինչ վերաբերում է նրան, որ ապրել եմ Ռուսաստանում, շատ տարիներ առաջ եղել է նման շրջան, այնտեղ ես զբաղվել եմ իմ երկրորդ մասնագիտությամբ` երգ-երաժշտությամբ:
-Չե՞ք ցանկանում կրկին այդ ոլորտում Ձեզ փորձել:
-Չեմ փորձում, որովհետեւ իմաստը չեմ գտնում: Մեր երկրում ամեն ինչը դժվար է, չլուծված հարցեր շատ կան: Բայց կա ցանկություն, կուզենայի մի օր վերսկսել… Իհարկե, չեմ հրաժարվի իմ առաջին մասնագիտությունից, միայն այն դեպքում, երբ բանը հասնի նրան, որ այդ ամենը բացարձակապես չգնահատվի:
-Իսկ այսօր արդյո՞ք դերասանի աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն:
-Այսօր եւ ոչ մի ոլորտ չի գնահատվում: Պետությունը բոլորովին անտարբեր է իր արվեստագետի հանդեպ, շատ վատ են նայում: Մինչդեռ երկիրն իր արվեստով են գնահատում, դրանով է մակարդակը երեւում: Հիմա արվեստը շատ ցածր մակարդակի վրա է: Մեր երկրում գնահատվում են հյուրանոցը, սաունան կամ այլ ժամանցային վայրերը, բայց ոչ թատրոնը կամ ֆիլմը: Եվ, բնականաբար, այսպիսի վիճակ էլ պետք է լինի:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 617 համար