Միասնական տեղեկատվական տարածությունը՝ Պուտինի նոր պրոեկտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսի 31-ին մասնակցելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, նշել է, որ ԵՏՄ միացյալ տեղեկատվական տարածությունը լավ գաղափար է, եւ խնդրել հանձնաժողովին այդ կապակցությամբ առաջարկություն ներկայացնել:

Անշուշտ, տեղեկատվությունը կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունի ցանկացած կառույցի քաղաքականության մշակման համար: Այն ապահովում է արդյունավետ ֆունկցիոնալ եւ ինտեգրացիոն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս խթանելու ադապտացիոն գործընթացը նոր փոփոխվող իրականության նկատմամբ:

Վլադիմիր Պուտինի եւ նրա շրջապատի համար ակնհայտ է դարձել, որ իր նախաձեռնությամբ ստեղծված տնտեսա-քաղաքական միավորները չեն դիմանում արեւմտյան նույնանման միավորների հետ մրցակցությանը նաեւ տեղեկատվական դաշտում: Բացի այդ՝ ԵՏՄ-ն չի կարողանում իր գործառնականությունն առավել արդյունավետ կյանքի կոչել, քանի որ անդամ-պետությունների մոտ բացակայում է միասնական դիրքորոշումը այս կամ այն հարցի նկատմամբ:

Իսկ միասնական տեղեկատվական տարածությունը նպաստում է որոշակի գաղափարական բազա ստեղծելուն, որն իրենով դառնում է մոբիլիզացնող գործոն: Հետեւաբար, Կրեմլը փորձում է լրացնել այդ բացը, եւ ինֆորմացիոն դաշտի ստեղծմամբ այդ երկրներին ու դրանց քաղաքացիներին համախմբել իր շուրջը: Միեւնույն ժամանակ միասնական տեղեկատվական համակարգն իրենով դառնալու է կանխարգելող գործոն, որը թույլ չի տալու արեւմտյան տեղեկատվության տարածում ԵՏՄ-ում:

Քանի որ արեւմտյան գաղափարները, կենսակերպը, արժեհամակարգը, պետական ու հասարակական կյանքի կազմակերպման ձեւերն ավելի գրավիչ են, դրանք ունենում են ներգործող ազդեցություն ոչ միայն էլիտաների, այլեւ հասարակ քաղաքացիների գիտակցության ու վարքի վրա: Այստեղից էլ ավելի պարզ է դառնում Մոսկվայի մտահոգությունն ու նման նախաձեռնության բուն իմաստը: Բնական է, որ արդյունավետ տեղեկատվական դաշտի համար, նախ, անհրաժեշտ է ստեղծել գրավիչ գաղափաներ, օրինակ՝ ինչպիսին է հենց ազատականացումը՝ լիբերալիզմը, այնուհետ պետք է ստեղծել այնպիսի ինստիտուտներ, որոնք կգործեն միանման հենքով, օրինակ՝ օրենսդրության մոտարկում:

Այս նպատակի կյանքի կոչման համար էլ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ պետք է այս տարի մշակել ճանապարհային քարտեզ, որը վերաբերելու է ծառայությունների, առեւտրի ազատականացմանը, ինչպես նաեւ՝ պետք է միասնականացնել օրենսդրությունը շինարարության եւ տուրիզմի ոլորտում:

Սակայն կրեմլյան գործիչները լավ են պատկերացնում, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ բացահայտ մրցակցային դիրքորոշումը Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, որոնք միջազգային ինտեգրացիոն ծրագրերի իրականացման հաջողված փորձ ունեն, տիրապետում են հսկայական տեղեկատվական, ֆինանսական ու դիվանագիտական ռեսուրսների եւ այլն: Բացահայտ մրցակցությունն այս պայմաններում կարող է շատ արագ հասցնել նոր ստեղծվող կառույցների ու գաղափարների կապիտուլյացիայի, ուրեմն պետք է զգուշորեն գործել:

Այս նկատառումներից ելնելով էլ, հավանաբար, Պուտինը ողջունել է ղազախ գործընկերների նախաձեռնությունը, որը վերաբերում է ԵՏՄ-ԵՄ փոխհարաբերությունների հարթեցմանն ուղղված միջազգային համաժողովի անցկացմանը: ՌԴ նախագահը, փաստորեն, Արեւմուտքին փորձում է հեռու պահել ԵՏՄ տարածության նկատմամբ տեղեկատվական գրոհներից, որը թույլ կտա ժամանակ շահել մինչեւ ստեղծվեն միացյալ տեղեկատվական տարածության համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական եւ այլ պայմանները:

Արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա չեզոքացնել Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից իր նկատմամբ վարվող ճնշման քաղաքականությունը, ցույց կտա ժամանակը: Բայց ակնհայտ է դառնում, որ մոսկովյան ստրատեգներն այլեւս հստակ պատկերացնում ու կանխատեսում են միայնակ ու կամային քաղաքականության բացասական հետեւանքներն ու այն փոփոխության ենթարկելու անհրաժեշտությունը:

Իսկ Հայաստանը պետք է հնարավորինս լավ պատրաստվի աշխարհաքաղաքական նոր իրողություններին, այնպես որ չտուժեն ԵՄ հետ մեր հարաբերություններում ձեռքբերված պայմանավորվածությունները թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ արժեհամակարգային առումներով՝ չկորցնելով գործընկերային վստահությունը: Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ վերստին հավաստիացրեց, թե Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է:

Արման Սահակյան




Լրահոս