Արտառոց դեպք Տավուշում. ավագանու անդամը ծեծի է ենթարկել հրդեհի վայրից հեռացող համագյուղացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսաձոր գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Վիգեն Մատինյանը 2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Լուսաձոր գյուղի հարակից տարածքում, իրեն պատկանող ցորենի արտում բռնկված հրդեհի ժամանակ, գտնվելով հոգեկան լարված վիճակում, նկատել է հրդեհի վայրից հեռացող եւ օգնություն ցուցաբերելուց խուսափող Անդրանիկ Մելիքսեթյանին եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավարությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության կարճատեւ քայքայումով մարմնական վնասվածք:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ նշված օրը Լուսաձորում ցորենի արտի հրդեհը հանգցնելու համար Իջեւանից այդ գյուղ է ժամանել հրշեջ խմբի հրամանատար Ա. Մելիքսեթյանը, նա ավտոմեքենա նստելով՝ ցանկացել է առաջ գնալ՝ տեսնելու համար, թե հրշեջ մեքենան ո՞ւր է հասել, մոտենո՞ւմ է վառվող արտին: Հոգեկան հուզմունքի մեջ գտնվող Վ. Մատինյանն էլ կարծելով, որ նա չի ցանկանում արտը հանգցնելու համար իրեն օգնել, հեռանում է, նրան հարվածներ է հասցրել:

Լուսաձոր համայնքի ավագանու անդամ Վ. Մատինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախկինում չդատված Վիգեն Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջության այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Սույն հոդվածով բնութագրվող արարքի համար նախատեսված է 50-150 հազար դրամ տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (2015թ. այդ նախարարությունները մեկ կառույց էին) ինտերնետային կայքը ոչ մի տեղեկություն չհաղորդեց արտակարգ այդ դեպքի մասին: Դատարան ուղարկված քրեական գործում Անդրանիկ Մելիքսեթյանը ներկայացված է ոչ թե որպես Իջեւանի հրշեջ խմբի հրամանատար, փոխգնդապետ, այլ Գանձաքար գյուղի բնակիչ:

Վ. Մատինյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Մայիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Վ. Մատինյանին դատապարտել է 50 հազար դրամ տուգանքի: Դատարանը հաշվի է առել, որ նա վատառողջ է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ 




Լրահոս