Մթագնած վիճակ էր. չարություն, վախ, ցասում կար. Ալլա Լևոնյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի օրերին թեեւ շատ արվեստագետներ պարզապես սիրտ չունեին ստեղծագործելու, սակայն նրանց մոտ խմորվում եւ հասունանում էին գաղափարներ, որոնք հետո պետք է կյանքի կոչվեին: Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ շուրջ 10-15 օր առաջ հեղինակել է նոր երգ` Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» ստեղծագործության հիման վրա. «Հիմա տարվում են երգի գործիքավորման աշխատանքները:

Պատերազմի օրերին երգելու էնտուզիազմ չկար, մթագնած վիճակ էր, չարություն, վախ, ցասում կար, որոնք չէին թողնում, որ երգը ծնվեր, թեեւ դրա գաղափարն արդեն ունեի: Հետո, երբ, այսպես ասած, սառում ես, երգն ինքն իրեն վերարտադրվում է»,-ասաց նա:

13325644_1067120006702398_2212588517654613197_n

Ա. Լեւոնյանը մեզ տեղեկացրեց, որ ստեղծագործության հիման վրա կներկայացնի ոչ թե տեսահոլովակ, այլ ֆիլմաշար. «Շատ մանրամասներ դեռ չեմ ուզում հայտնել, սակայն կասեմ, որ այն կլինի հաղթական, լուսավոր գործ: Լաց ու կոծ չի լինի: Այստեղ գլխավորը Շիրազի խոսքերը կլինեն, իսկ իմ երաժշտությունը կգունավորի դրանք»,-նշեց նա:

Ա. Լեւոնյանը օրերս իր մասնակցությունն է ունեցել նաեւ մեկ այլ նախագծում: Հունիսի 27-ին կլրանա վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 40-ամյակը: Այս առիթով Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել է մի հաղորդում, որի շրջանակում իրենց հուշերով եւ սրտի խոսքով կկիսվեն ընկերները, այդ թվում` Զարուհի Բաբայանը, Արմինկան, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը եւ Ալլա Լեւոնյանը, ապա վերջիններս խմբով կկատարեն Վարդուհու երգերից մեկը:

Մենք, ընդառաջ գնալով երկրպագուների պահանջներին, Ա. Լեւոնյանից հետաքրքրվեցինք նաեւ` երբ է նա պատրաստվում հանդես գալ նոր տեսահոլովակով. «Միշտ էլ մտածում եմ այդ մասին, սակայն դրա համար հնարավորություն է պետք: Հատկապես երբ ես եմ գրում երգերս, ուզում եմ, որ դրանք անպայման ունենան տեսահոլովակներ»,-պատասխանեց նա:

13322070_1067120010035731_8666646863907422704_n

Երգչուհին հավելեց, որ առաջիկայում պատրաստվում է արտերկրում հանդես գալ համերգային շրջագայություններով. «Հրավեր եմ ստացել Իսրայելից. հայկական եւ հրեական համայքների ջանքերով այնտեղ կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Աշնանն էլ կլինեմ Կիպրոսում, բանակցություններ են տարվում նաեւ Իտալիայում համերգով ներկայանալու ուղղությամբ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս