Աճուրդի են հանվել միայն ոչ պիտանի ծառայողական ավտոմեքենաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների տրանսպորտային միջոցները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դրանք գերատեսչությունների կողմից օտարված տրանսպորտային միջոցներն են, որոնք հիմնականում ռուսական արտադրության մաշված եւ շահագործման համար ոչ պիտանի փոխադրամիջոցներ են:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթից հետո, որտեղ հանձնարարեց անցնել խնայողությունների ռեժիմի, բոլոր գերատեսչությունները լծվել են իրենց հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների կրճատման գործընթացին:

«Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ աճուրդի են հանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սեւան» թունելի վերականգման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված տրանսպորտային միջոցները: Աճուրդը կմեկնարկի հունիսի 14-ին, կավարտվի հոկտեմբերի 31-ին:

Այսպես՝ վաճառվում է 2002 թվականի ռուսական արտադրության «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա, որի մեկնարկային գինը կազմում է 300 հազար դրամ, եւ 1991 թվականի արտադրության «ԻԺ-27151» մակնիշի ավտոմեքենա՝ 50 հազար դրամով: Նաեւ պետական գույքի կառավարման վարչության պետի մայիսի 12-ի հրամանով վաճառքի է հանվել «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության» աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից դուրս գրված, բայց օտարման ենթակա գույքը: Վերոնշյալ կառույցը վաճառում է 2010 թվականի արտադրության «Toyota Corolla»՝ 1 մլն 5 հազար 700 դրամ մեկնարկային գնով:  Այս տրանսպորտային միջոցի աճուրդի մեկնարկը կտրվի հունիսի 8-ին եւ կավարտվի հոկտեմբերի 31-ին:

Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված տրանսպորտային միջոցների աճուրդը կայացել է մայիսի 30-ին, սակայն գնորդ չի եղել: Նշենք, որ աճուրդի է հանվել 4 ավտոմեքենա՝ 2004 թվականի արտադրության «Պեժո 406» (400 000 դրամ), 2003 թվականի արտադրության 2-ական «Վազ 21214» (յուրաքանչյուրը՝ 350 000 դրամ), 1997 թվականի՝ «Տոյոտա Լենդ Կրաուզեր» (700 000 դրամ):

«Ժողովուրդ»-ը բնապահպանության նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյոք շահագորման ենթակա են աճուրդի հանված ավտոմեքենաները: Մեր հարցին ի պատասխան՝ ԲՆ-ից փոխանցեցին, որ այդ ավտոմեքենաները դեռեւս 3 ամիս առաջ են դուրս գրվել, դրանցից երկուսը շահագործվող եւ սարքին վիճակում են, իսկ մյուս երկուսը՝ ոչ:

Իսկ, ահա, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող օտարման ենթակա գույքը 3-ն են` 2007 թվականի ռուսական արտադրության «Վազ 21214-126-20»՝ 700 000 դրամ մեկնարկային գնով, 2005 թվականի «ԳԱԶ-31105-120»՝ 408 հազար դրամ արժեքով, եւ 2004 թվականի արտադրության «Վազ-21214»՝ 600 հազար դրամով:

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի կողմից օտարման ենթակա տրանսպորտային միջոցների թեմային, ասաց, որ աճուրդի հանված ավտոմեքենաները ոչ պիտանի են: «Շահագործման ենթակա չեն: Չեն աշխատում: Վերականգման ծախսն ավելի շատ է: Ավելի լավ է շուկայից նորը գնվի, քան թե դա վերականգնվի: Դրանք 11-12 տարի է, ինչ օգտագործում ենք: Դրանցով մարզեր ենք գնացել, դաշտերով ենք շրջել, մաշված են»,- նկատեց ՊՈԱԿ-ի տնօրենը՝ նկարագրելով ավտոմեքենաների վիճակը: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքերով՝ իրենց հաշվեկշռում գտնվող, բայց օտարման ենթակա երեք մեքենաները տեւական ժամանակ է, ինչ աճուրդի են հանվել, բայց այդպես էլ գնորդներ չեն գտնվել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը նույնպես օտարել է տրանսպորտային միջոցներ, որոնք էլ պետական գույքի կառավարման վարչության կողմից աճուրդի են հանվել: Այսպես՝ նշված կառույցի կողմից վաճառքի են հանվել 1990 թվականի արտադրության «Ուազ-33-03»՝ 262 հազար 500 դրամ մեկնարկային գնով, 2002 թվականի արտադրության «Վազ 21214»՝ 127 հազար 500 դրամով:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ յուրաքանչյուր տարի ՊՈԱԿ-ը գույքագրում է իրականացնում, եւ եթե պարզվում է, որ գույքը պիտանի չէ շահագործման համար, այսինքն՝ 50 տոկոսից ավել մաշված է, ապա սահմանված կարգով ներկայացվում է աճուրդի կենտրոն ՊՈԱԿ:

Ավագյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ աճուրդի հանված գույքը ՊՈԱԿ-ը օտարել է, այլ ոչ թե դուրս գրել: Եւ այն գնահատվել է անկախ փորձագետի կողմից:
«Մենք դրանցով մարզեր ենք գնացել, գյուղեր, դաշտեր: Մինչեւ անցյալ տարի մի կերպ շահագործում էինք «Վազ 21214»-ը, բայց տրանսպորտային միջոցի կարիք ունենք: Հետո տեսանք, որ անիմաստ է դրա վրա այդքան ծախսեր անել: Իսկ 1990 թվականի արտադրության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան վերջին երկու տարում չենք էլ շահագործել եւ գումար չենք ծախսել դրա վրա: Այն ֆիզիկապես մաշված է: Երկու մեքենաներն էլ մնացորդային արժեք չեն ունեցել, իրենք իրենց տեխնիկական լիարժեք մաշվածության մեջ են եղել, եւ մենք օտարել ենք՝ օրենքով սահմանված կարգի պահանջներին համապատասխան»,- հավաստիացրեց Ավագյանը:

Այսքանից հետո մեզ մնում է հետեւություն անել, որ իրականում դուրս են գրվել եւ աճուրդի են հանվել չշահագործվող, ոչ պիտանի ծառայողական ավտոմեքենաները: Եւ վարչապետի հայտնի ելույթի ֆոնին գերատեսչություններն ընդամենը փորձում են իրենց փիառն անել եւ թվային համապատասխան ցուցանիշներ ապահովել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս