Նախընտրական տարին մոտենում է, եւ քաղաքական դաշտում արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները: Հատկապես նոր Սահմանադրության եւ նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո առաջիկա ընտրապայքարն առավել դժվարանալու է փոքր կուսակցությունների համար, եւ այս առումով 2017 թվականին խորհրդարանում հայտնվելու համար, թերեւս, պետք է մշակվեն նոր մոտեցումներ ու մարտավարություններ:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանին:
-Պարո՛ն Զուրաբյան, 2017 թվականին ՀՀՇ-ն մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, եւ այժմ կուսակցությունն ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Ես կարծում եմ՝ որոշ հարցերի պատասխանները վերջնական ունենալու համար մի քիչ վաղ է, որովհետեւ պրոցեսները դեռ ընթանում են: Հիմա մենք ընտրական նոր օրենսգրքին ավելի լայն շրջանակներով ծանոթանում ենք, որպեսզի հասկանանք, թե այն ամբողջությամբ ինչից է բաղկացած: Առանցքային կետերը հասկանալի են, բայց մանրամասն պետք է ուսումնասիրել: Բնականաբար, մտածում ենք, քննարկում ենք հնարավարությունը՝ ընտրությունների մասնակցության, միաժամանակ գտնում ենք, որ միայնակ ոչ իշխանական քաղաքական ուժի, կուսակցության համար դժվար կլինի հաղթահարել սահմանված շեմը: Մենք գտնում ենք, որ պետք է փորձել ձեւավորել նոր նախընտրական դաշինք եւ փորձել հասնել հաջողության:
-Դուք արդեն հստակեցրել եք, թե որ քաղաքական ուժերի հետ եք պատրաստվում 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել:
-Մենք մշտապես նշել ենք, որ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական դավանանքը նույնական կամ շատ մոտ լինի, այլ կերպ չենք պատկերացնում մասնակցությունը: Մեզ համար ավելի հոգեհարազատ քաղաքական ուժերի հետ կարող ենք գնալ, այն ուժերի, որոնց հետ ունենք որոշակի անցած ճանապարհ կամ պատկերացնում ենք համատեղ գործունեությունը:
-Թեեւ նշեցիք, որ նոր ԸՕ-ն մանրամասն քննարկման կարիք ունի, այդուհանդերձ, խնդրում եմ ներկայացրեք, թե որոնք են այն հիմնական դրույթները, որոնք Ձեզ համար, ՀՀՇ-ի համար անընդունելի կամ խնդրահարույց են նոր ընտրական օրենսգրքում:
-Խնդրահարույց կամ ոչ խնդրահարույց, հիմա սա առկա իրողությունն է, որով պետք է առաջնորդվենք: Ինչու ենք հիմա փորձում մանրամասն ուսումնասիրել այն, որովհետեւ, ի վերջո, բոլորին թվում է, որ բոլոր հարցերի պատասխանները գիտեն: Բայց ես կարծում եմ, որ նախկին ընտրական օրենսգիրքը կազմողները, առանձին հարցերը չհաշված, մեծամասնությունը լիարժեք պատկերացում չունի այն նյութից, որի մասին մշտապես խոսում է, ինչեւէ: Ես կարծում եմ, որ այս ընտրական օրենսգիրքը ունի էլեմետներ, որոնք բարդացնում են կյանքը, բայց նաեւ ունի էլեմենտներ, որոնք հնարավորություն են տալիս քաղաքական թիմերին հայտնվել պառլամենտում: Այն, որ ձայները չեն կորչում, եւ յուրաքանչյուր ստացված ձայն ի օգուտ է գնում քաղաքական ուժին, ես դրական եմ գնահատում: Կապրենք, կտեսնենք:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ