Հայաստանում ԼՂ հակամարտության թեման իր նշանակությամբ այսպիսի համատարած ուշադրության էր արժանացել 18 տարի առաջ: Եթե այն ժամանակ նախագահի հրաժարականով գործընթացը սառեցվեց ու թեւակոխեց բանակցությունների նոր փուլ` երաշխավորելով անվտանգության ու կայունության գերակայությունը, ապա այսօր անվտանգության հիմնախնդիրը խիստ սուր է դրված: Ըստ այդմ, հարկ է հասկանալ, թե որտե՞ղ է Հայաստանի անվտանգության երաշխավորման բանալին, եւ արդյո՞ք այսօր Հայաստանն ունի այդ թնջուկի լուծման ռեսուրսներ:
1994թ.` զինադադարի կնքումից հետո, ԱՄՆ կատարած այցելության շրջանակներում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանն իր անվտանգության հարցը լուծել էր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մեջ ներգրավվելու ճանապարհով: Իրավամբ, այնժամ իշխանությունը կարծես այդ միության շրջանակներում կարողացավ հաջող աշխատանքներ տանել առնվազն Ռուսաստանի հետ` ապահովելով թիկունքը: 1991թ. դեկտեմբերից ԱՊՀ-ի, իսկ 1992թ. մայիսից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանը, որպես նոր ձեւավորվող պետություն, կարողացավ հարթակներ ստեղծել ներկայանալու եւ մյուս պետությունների հետ համագործակցելու համար:
Այդ եւ մի շարք այլ գործոնների պատճառով Արցախյան հակամարտությունը լուծվեց հայկական կողմի օգտին: Որքան էլ հայկական ու արցախյան զինված ուժերը լուծեցին իրենց առջեւ դրված խնդիրը, դուրս գալով Արցախի բնական սահմաններ ու անվտանգության լայն գոտու ստեղծմամբ հարցի ռազմական լուծման այլ ուղիներ չթողնելով, այդ հաջողությունների իրական բանալին արտաքին ուժային կենտրոնների հետ Հայաստանի հավասարակշիռ քաղաքականությունն էր: Վազգեն Սարգսյանը 98-ի իշխանափոխությունից հետո բավականին դիպուկ էր ձեւակերպել. «Ամենեւին պատահական չէր, երբ զինված ուժերը գրավում էին Շուշին, գրավում էին հետո Լաչինը, հետո յոթ-ութ շրջաններ, եւ մենք սարսափով մտածում էինք, թե մեզ թուրքերը կա՛մ կուտեն, կա՛մ ամբողջ աշխարհը մեզ ագրեսոր կճանաչի: Ո՛չ թուրքերը մեզ կերան, ո՛չ ագրեսոր ճանաչեցին: Դա լուրջ արտաքին քաղաքականության արդյունք էր»:
Այսօր, սակայն, ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը կարծես դարձել են ածանցյալ կառույցներ: Հատկանշական է, որ քառօրյա պատերազմերի օրերին Բելառուսի եւ Ղազախստանի հստակ ադրբեջանամետ դիրքորոշումը մտահոգություններ հարուցեց, թե մենք այլեւս ի՞նչ գործ ունենք այդ կազմակերպություններում: Այս տեսակետի կրողներն առաջարկում էին զարգացնել երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ` սահմանազատվելով ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից: Անշուշտ, որոշակիորեն տրամաբանական լինելով հանդերձ` այդպիսի քաղաքականությունը հեղափոխականության տարրեր է պարունակում, ինչը թե՛ կարող է վնասել Հայաստանի ներկայիս, թեկուզեւ երերուն, անվտանգությանը, թե՛ լուրջ ցնցումներ պատճառել մեզ: Ավելին` Սերժ Սարգսյանն էլ բնույթով դասական հակահեղափոխական գործիչ է, որից նման արմատական քայլեր ակնկալել պետք չէ, ինչը, ի դեպ, այս պահի դրությամբ կարծես այնքան էլ վատ չէ:
Սակայն ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի ծավալած գործունեությունն ակնհայտորեն այլեւս չի ապահովում մեր անվտանգությունը, այսինքն` համարժեք չէ Հայաստանի կացությանը: Հանգամանքը, որ Լավրովը Վիեննայում նստել էր Սերժ Սարգսյանի կողքին, բնավ չի նշանակում, որ Ռուսաստանը համերաշխում է Հայաստանի հետ: Ի վերջո, ՌԴ վարչապետի` ապրիլին Հայաստան կատարած այցը, որը ծրագրված էր ամիսներ առաջ, իր շարունակությունը գտավ Բաքվում տեղի ունեցած «ջերմագույն ու դարավոր բարեկամության» վերահաստատման արարով: Ուստի խոսել հայ-ռուսական հարաբերությունների նույնպիսի մակարդակի մասին, ինչպիսիք կային 1990-ականներին, այնքան էլ տեղին չէ: Դրան, անշուշտ, նպաստել են թե՛ հայաստանյան իշխանությունների բացառիկ երկչոտությունը, թե՛ Ռուսաստանի տարածաշրջանային շահերի վերանայումը: Արձանագրելի է, որ եթե 1990-ականներին Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը զգալիորեն համընկնում էին մեր շահերի հետ, ապա այսօր իրադրությունը զգալիորեն փոփոխվել է, ինչը հաշվի չառնել պարզապես անկարելի է: Եթե մի լուսնկա գիշերում ԵՏՄ մտնելու Սերժ Սարգսյանի որոշումը բացատրվում էր կամ, ավելի ստույգ, քարոզվում էր իբրեւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից դրդված քայլ, ապա այսօր այդ հարթակից հեռանալն է նույն ձեւով բացատրվում: Ցավոք սրտի, երկու դեպքում էլ որոշակի չափով ճշմարտություն, այնուամենայնիվ, կա:
Իրավիճակի այսօրինակ զարգացումները հուշում են, որ այժմ Հայաստանը կանգնած է անվտանգության ապահովման լուրջ բարդության առաջ: Եթե մինչեւ ապրիլյան առճակատումը ներքին քաղաքականության մեջ իրականացված «վարուցանքը» կարող էր փոխհատուցվել արտաքին հավասարակշռության մասին միֆերով, ապա այսօր Հայաստանը կանգնել է կոտրած տաշտակի առաջ: Պետք է հստակորեն հաշվի առնել, որ Ռուսաստանի հարաբերություններն արեւմուտքի հետ ոչ թե կարգավորվելու, այլ սրվելու միտում ունեն, որոնք այս պահին ժամանակավորապես սառեցվել են ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների պատճառով: Դոփելով նույն կառույցներում, որեւէ իրական այլընտրանք չստեղծելու համառ եսապաշտությամբ` այսօր իշխանությունները Հայաստանի անվտանգության հարցը կարող են լուծել բացառապես ներքին բարեփոխումների ճանապարհով:
Ն. Հովսեփյան