Ոստիկանությունը փորձում է շեղել հանցագործների հետքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ակտիվ քաղաքացիների վրա կատարված ահաբեկչական հարձակումներից հետո հանրությունը մատնացույց արեց, որ ՀՀ ոստիկանությունը չի ցանկանում բացահայտել այդ դեպքերը եւ ըստ էության հովանավորում է հանցագործներին: Այդ մասին ասվում է Վճարում ենք 100 դրամ շարժման հայտարարության մեջ:
“Եվ ահա սեպտեմբերի 16-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել իբր բացահայտման մասին: Իրականում այդ հայտարարությունն ապացուցում է, որ փորձ է արվում շեղել իրական հանցագործների հետքը: Այս խայտառակ ոչ պրոֆեսիոնալիզմի եւ տոտալիտար մեթոդների մասին են վկայում հետեւյալ փաստերը.
1. Ոստիկանությունը ակնհայտորեն կամայական փորձ է կատարել միմյանց հետ կապել ոչ մի տրամաբանական կապ չունեցող երկու դեպքեր: Այսպես, Հյուսիսային պողոտայում ցերեկը տեղի ունեցած վիճաբանությունը եւ քաշքշուկը ոչ մի կապ չունի կազմակերպված հանցավոր բանդայի կողմից մթության քողի տակ կատարվող հետապնդումների եւ հարձակումների հետ:
2. Հայտարարության մեջ նշված հաջորդ դեպքի՝ Միհրան Մարգարյանի եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա հարձակման հետ կապված ոստիկանությունը նշել է, որ “բաժին են ներկայացվել ու ծեծի ենթարկելու եւ վնասվածքներ պատճառելու մասին խոստովանական ցուցմունքներ տվել Երեւանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը եւ 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանըե: Օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե տեսախցիկների նյութերը դիտելուց հետո ինչո՞ւ են բացահայտվել միայն երկու անձինք, այլ ոչ բոլորը, բացի այդ, ինչ է նշանակում “բաժին են ներկայացվել” (բերվել են, թե ինքնակամ ներկայացել են) եւ վերջապես ամեն ինչ կհստակեցվի, երբ պարզ կդառնա, թե արդյոք հիմնավոր են շարժառիթները:
3. Հայտարարությունից պարզ է դառնում, որ մյուս երկու դեպքերի հետ կապված ընդհանրապես որեւէ բացահայտում չկա՝ չնայած տեսախցիկների արձանագրմանը:
Ոստիկանության այս մոտեցումը հիմք է տալիս ենթադրելու, որ ավազակախմբերի հարձակումներն իսկապես քաղաքական բնույթ են կրել, եւ առկա է իրավապահ մարմիններին ուղղորդելու եւ իրական հանցագործների ու պատվիրատուների հետքից շեղելու միտում: Այս նպատակով ոստիկանությունը սկսել է օգտագործել նախկին տոտալիտար համակարգին բնորոշ գործելաոճը:
Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը չդրսեւորի կամայականություն եւ իր տրամադրության տակ եղած տեսագրությունների հիման վրա բացահայտի քաղաքացիների վրա հարձակվող ավազակախմբերի բոլոր իրական մասնակիցներին: 
Նաեւ կոչ ենք անում ոստիկանությանը՝ չսպասել իրավապաշտպան եւ այլ կազմակերպությունների հորդորներին, այլ մշտապես կատարել ՀՀ սահմանադրությամբ ոստիկանության վրա դրված պարտականություններն ու լիազորություններըե,- նշել են հայտարարության հեղինակները:




Լրահոս