Ինչո՞ւ ԲՀԿ-ական պատգամավորը չի առաջադրվելու ռեկտորի մրցույթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշենք, որ ներկայիս ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետը ավարտին է մոտեցել, ինչի համար էլ ԿԳՆ-ն բաց մրցույթ է հայտարարել:
Ի դեպ, վերջին շրջանում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ռեկտորի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով համալսարանում որպես պրոֆեսոր, դասախոս եւ ամբիոնի վարիչ է աշխատում:

Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ե՛ւ Միքայել Մելքումյանի, ե՛ւ գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյան

-Պարո՛ն Աթոյան, կրթության եւ գիտության նախարարությունը տնտեսագիտական համլսարանի ռեկտորի բաց մրցույթ է հայտարարել: Դուք առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:

-Այո՛, առաջադրվելու եմ:

-Իսկ այլ թեկնածուներ կա՞ն:

-Տեղյակ չեմ, չեմ լսել: Հայտարարությունը տրված է, ով ցանկանում է, նա էլ կառաջադրվի:

-Պարո՛ն Աթոյան, համառորեն լուրեր են տարածվել այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ է ցանկանում առաջադրել իր թեկնածությունը…

-Ինձ հարցնում եք, որ ես ի՞նչ պատասխանեմ: Ով ցանկանում է, նա էլ դիմում է ներկայացնում:

-Ինչպե՞ս կընդունեք Միքայել Մելքումյանի ռեկտորի պաշտոնում առաջադրվելու մասին լուրը:

-Օրենքը թույլ է տալիս, թող առաջադրվեն բոլոր ցանկացողները: Որեւէ խնդիր չկա:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյան

-Պարո՛ն Մելքումյան, Դուք առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:

-Ես իմ միտքը չեմ փոխել: Ցանկություն չունեմ առաջադրվելու, որովհետեւ ես ինձ տեսնում եմ ուրիշ ոլորտում՝ քաղաքականության, գիտության մեջ:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ մրցույթին մասնակցելու համար դիմումները կարող են ներկայացնել 2016 թվականի հունիսի 6-ից հուլիսի 5-ը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ մրցույթը տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 15-ին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս