ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանը զինկոմիսարիատում հաշվառված երիտասարդի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` 2016թ-ի ամառային զորակոչից 3 տարի ժամկետով տարկետում հատկացնելու համար, նրա մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 5.730.960 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար կաշառք։
Պահանջված գումարի մի մասը՝ 2.389.400 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը, ստացել է անձամբ՝ 2016թ.-ի հունիսի 1-ի երեկոյան, իր անձնական օգտագործման «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի մեջ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդությունը ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է: