Տեւական ժամանակ է, ինչ կառավարության անդամները «փնտրում են» կոռուպցիան եւ այդպես էլ չեն գտնում: Ավելին՝ նրանք նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի բազմազան միջոցներ են մտածում, սակայն ապարդյուն: Եւ այդպես էլ մեր հայրենի իշխանություններին չի հաջողվում երկրի երեսից վերացնել կոռուպցիան:
Հիշեցնենք՝ մինչ գերատեսչությունների՝ կոռուպցիայի դեմ ծավալված ակտիվ պայքարը, դեռեւս նախորդ տարի նույն կառավարությունը արդեն իսկ ստեղծել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Սակայն, ինչպես տեսնում եք, ոչ մի դրական փոփոխություն չկա, չի գրանցվում:
Ինչպես հայտնի է՝ 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության նիստում որոշվեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Այն ղեկավարում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նիստերը ի՞նչ պարբերականությամբ է գումարում: Եւ կոնկրետ ի՞նչ ծրագրեր են մշակվել եւ հաստատվել, եթե այդպիսիք կան:
Կառավարությունից ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ կոռուպցիայի դեմ պայքարի՝ նախորդ տարի ստեղծված խորհուրդը նիստեր է գումարում, հանձնարարականներ տալիս. «Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
Ըստ կառավարության՝ քննարկվել եւ ՀՀ արդարադատության նախարարությանը տրվել են հանձնարարականներ, որոնք վերաբերել են ՀՀ նոր քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում իրավաբանական անձանց քրեական եւ վարչական պատասխանատվություն նախատեսելուն եւ այլն: Բացի այս՝ ՀՀ արդարադատության նախարարը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ որի՝ էթիկայի հանձնաժողովին հնարավորություն կտրվի հայտարարագրման գործընթացի կանոնները խախտելու համար պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության:
Սա նկատի ունենալով՝ համաձայնեք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ստեղծված խորհուրդը բավարարվում է միայն հանձնարարականներ տալով, կարգեր մշակելով, քննարկումներ անցկացնելով կամ էլ օրենքներում փոփոխություններ անելով: Ուրիշ ոչինչ: Ոչ մի առարկայական գործողություն:
Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի կազմում են երկրի ամենակոռումպացված պաշտոնյաները (խորհրդի նախագահ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Դավիթ Հարությունյան եւ այլք): Այսքանից հետո դժվար է սպասել դրական արդյունքների: Եւ որքան էլ վերոնշյալ պաշտոնյաների ղեկավարած խորհուրդը նիստեր գումարի եւ հանձնարարականներ իջեցնի, միեւնույն է՝ ՀՀ քաղաքացու կյանքը չի փոփոխվում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ