Մի շարք հիթերով աչքի ընկած երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը պատրաստում է նոր տեսահոլովակ, որը շուտով կներկայացնի հանրության դատին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հազվադեպ է երգեր հեղինակում, սակայն երբ մուսան այցելում է, անպայման ծնվում է նոր ստեղծագործություն: Սա հենց այդ դեպքն է. նոր երգի թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի հեղինակը ինքը` Գեւորգն է. «Կան երգեր, որոնք գրել եմ, սակայն դեռեւս չեմ հանձնել երկրպագուների դատին. սպասում եմ հարմար պահի, որպեսզի դրանք կյանքի կոչեմ: Այս նոր տեսահոլովակի պարագայում կլինի համագործակցություն այլ երգչի հետ, սակայն դրա վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- ասաց նա:
Երգիչը խոստացավ, որ առաջիկայում հանդես կգա ոճային փոփոխություններով, ժանրային նոր լուծումներով:
Հայաստանի Երգի պետական թատրոնի սանը խոստովանեց, որ միշտ էլ ցանկություն կա ստեղծագործելու նաեւ, այսպես ասած, կոմերցիայից դուրս, սակայն ինչ-ինչ հանգամանքեր խանգարում են դրան: «Կոմերցիա, կոմերցիա, կոմերցիա, բայց երբեմն ուզում ես դրան չառնչվող բոլորովին այլ գործով ներկայանալ: Այդպիսի ստեղծագործություններ ունեմ, սակայն դրանք երկրորդ պլան են մղված եւ մի փոքր տուժում են: Հուսով եմ` առաջիկայում այդ երգերի հետ կապված իմ նպատակների գոնե մի քանի տոկոսը հնարավոր կլինի իրականացնել»,-նշեց նա:
Արդեն մի քանի ամիս է` Գեւորգը, բացի երաժշտական կարիերայից, իրեն նվիրել է նաեւ դերասանական արվեստին: Նա նկարահանվում է հայկական «Ֆուլ Հաուս» սիթքոմում եւ փորձում է գերել Անի Երանյանի կերտած կերպարի` Տաթեւի սիրտը:
Մենք հետաքրքրվեցինք` որքանով է Գեւորգը հարմարվել այս նոր աշխատանքին եւ իր կերպարին. «Ինձ համար ադապտացվելը բավական հեշտ ստացվեց, ես խաղում եմ սովորական հայ տղայի, թե կերպարային ինչ զարգացումներ տեղի կունենան, անկեղծ ասած` ինքս տեղյակ չեմ: Կարող եմ նաեւ նշել, որ սիթքոմի շրջանակում կադրից դուրս մեզ համար ավելի զվարճալի է (ծիծաղում է)»,- հավելեց Գեւորգը` նշելով, որ եթե լինի հարմար առաջարկ, ինքն էլի կընդգրկվի որեւէ հեռուստանախագծում:
Աննա Բաբաջանյան