ՀՔԾ-ն նույնպես Արգիշտի Կիվիրյանի դեպքում կոպտորեն խախտել է օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շուրջ 50 օր է անցել “Արմենիա Թըդեյ” լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնարարքի՝ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ առաջին դեպքից  հետո: Այդուհանդերձ, քննությունը դոփում է նյութերի նախապատրաստության փուլում: Ըստ օրենսդրության, հետաքննություն անցկացնելու համար նախատեսված է 10-օրյա ժամկետ, որի ավարտին քննչական մարմինը պետք է որոշում կայացնի քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այսինքն՝ հետաքննության ժամկետների կոպիտ խախտման “քառասունքն” անցել է: Այս մասին գրում է “Փաստինֆոն”: Ընդ որում, քրեական գործ հարուցելու համար հիմքն առկա է՝ Արգիշտի Կիվիրյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ բժշկական փաստաթղթի,  իրավապահների հետ շփման արդյունքում Արգիշտի Կիվիրյանի մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ աջ բազկի արյունազեղումների, աջ արմնկահոդի, աջ նախաբազկի, աջ ազդրի, սրունքների քերծվածքների, աջ բազկի և աջ ազդրի ճանկռվածքների ձևով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Կիվիրյանը բացատրություն է տվել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել ապօրինի՝ բռնի ուժ գործադրելով և մարմնական վնասվածքներ պատճառելով: 
ՀՔԾ-ն  դանդաղում է  նաև օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտասի 5 հասցեի մոտ   Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնարարքի  դեպքով    քրեական գործ  հարուցել՝ այստեղ ևս հետաքննության ժամկետը սպառվել է: “Փաստինֆո”-ի հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից սահմանափակվեցին պատասխանելով, թե նյութերի նախապատրաստումը շարունակվում է, իսկ օրենքի խախտման մասին, որեւէ տրամաբանական պատճառաբանություն չնշվեց: Հիշեցնեք, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւս իր նախորդ զեկույցներից մեկում քննադատել էր նախաքննական մարմիններին ՔԴՕ-ի հենց նշված պահանջը խախտելու համար, բայց մեր իրավապահներն աշխատում են այնպես, ինչպես կարողանում են` օրենքի խախտմամբ: 2013թ. օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտասի 5 հասցեի մոտ ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները՝ մեկուսացնելով Արգիշտի Կիվիրյանին ոստիկանական մեքենայում դաժան ծեծի են ենթարկել նրան: Նյութերի նախապատրաստման ժամանակ Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցներն են իրեն ավտոմեքենայի մեջ հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 
Ոստիկանները նույն օրն իսկ օգտագործել են փորձված մահակը՝  քրեական գործ են  հարուցել  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Այս դեպքում ոստիկաններին անհրաժեշտ չի եղել հետաքննության համար օրենքով սահմանված ժամկետը և առանց սպասելու դատաբժշկական փորձաքննության եզրակացության ներկայացնելուն՝   հապշտապ քրեական գործ են  հարուցել՝  միակողմանիորեն հիմնվելով միջադեպի կողմերից մեկի՝ ոստիկանի  հաղորդման ու բացատրության վրա: 
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 




Լրահոս