ՄԻՄՅԱՆՑ ԱՐԺԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ տարօրինակ է, սակայն Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի եւ անձամբ Սերժ Սարգսյանի համար, թվում է, ճակատագրական որոշմանը ՀՀ քաղաքական դաշտի հակազդեցությունը բավականին թույլ եղավ: Ավելի ճիշտ` այն ընդհանրապես չեղավ: Չհաշված մի քանի մանր-մունր ուժերի՝ ՀՀ գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններն այս հարցում, ըստ էության, բերանները ջուր առած, սպասում են: Օրինակ`  «Դաշնակցություն»-ը, որը, թվում էր, ՀՀ ինքնիշխանությունը վտանգող ցանկացած որոշման դեպքում պիտի քարը քարին չթողներ, այս օրերին իրեն բավականին հեզ է պահում` բավարարվելով ոչ առարկայական, ընդհանուր բնույթի հռետորիկայով: Ինչ վերաբերում է իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա այստեղ ինչպես վերջինիս` կոալիցիայից դուրս գալուց հետո, կիսահղի վիճակ է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է գալիս` «Ով չուզի Ռուսաստանի լավը, նրահայտարարություններով, այն դեպքում, երբ Նաիրա Զոհրաբյանն ամեն կերպ ընդգծում է եվրոինտեգրացիայի առավելությունը (ի դեպ, այս կարեւորագույն արտաքին քաղաքական որոշման շուրջ տարօրինակ կերպով լռում է Վարդան Օսկանյանը): Անգամ «Հայ ազգային կոնգրես»-ը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, հանդես է գալիս բավականին ռուսասիրական հայտարարություններով: Թեեւ ՀՀ առաջին նախագահն իր հաջորդի հասցեին որոշակի քննադատական խոսք հնչեցնում է, սակայն ակնհայտորեն` այդ խոսքը շատ ավելի մեղմ է, քան Տեր-Պետրոսյանի կողմից Ս. Սարգսյանի գործունեությանը տրված երբեմնի  գնահատականները: Ինչ վերաբերում է «թունդ» արեւմտամետ ուժերին` ի դեմս «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի, ապա նրանք թեեւ հանդես եկան կատարվածը դատապարտող հայտարարություններով («Ժառանգության» դեպքում` Ր. Հովհաննիսյանը դա արեց անձամբ իր անունից), սակայն այդ հայտարարություններին այդպես էլ որեւէ գործնական քայլ, զորօրինակ` հանրահավաքի տեսքով (հիշեցնենք` մինչ այդ «Ժառանգություն»-ը մեկ ամսով Ազատության հրապարակը «բրոնյա» էր արել) չհետեւեց: Ինչ վերաբերում է իրեն «անողոք ընդդիմադիր» հայտարարած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, որը նախկինում «իշխանափոխության հաշվիչը» միացնելու «գեշ խասյաթ» ուներ, ապա նա էլ բավարարվեց ընդամենը մեկ-երկու հարցազրույցներով եւ, չգիտես ինչու, այս անգամ այդ «հաշվիչը» միացնելուն ուղղված փորձ անգամ չարեց: Ո՞րն է պատճառը, ի վերջո, ինչո՞ւ են ՀՀ քաղաքական ուժերն այդքան խոնարհ: Այստեղ կարող է լինել երկու տարբերակ. կա՛մ նրանք հստակ գիտեն, որ Մոսկվայում Ս. Սարգսյանին այլընտրանք չեն թողել` անելով այնպիսի «առաջարկություն», որից հրաժարվելը կսպառնար Ղարաբաղի կորստով: Եվ ուրեմն` Ս. Սարգսյանի որոշման դեմ խոսելը կնշանակի, որ իրենք համաձայն են Ղարաբաղը կորցնելուն: Կա՛մ` որն առավել հավանական է, պարզապես չեն համարձակվում ռուսների հասցեին թթու խոսք ասել: Երկու դեպքում էլ ստացվում է շատ տխուր պատկեր. ՀՀ քաղաքական դաշտը միանգամայն արժանի է Ս. Սարգսյանի նման նախագահ ունենալուն:




Լրահոս