ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՄՏԱՀՈ՞Գ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանն այս օրերին շատ մտահոգ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա շտաբի անդամները պարզել եւ շտաբում քննարկել են, որ նա Կապան քաղաքում գրեթե չի կարողանալու ձայն հավաքել: Այդ վերաբերմունքը նկատվել է նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ. կապանցիներն ակնհայտ արհամարհել են ՀՀԿ-ական թեկնածուին: Վերջինիս հույսը գյուղական համայնքներն են: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ա. Կարապետյանից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց ինչ-որ մեկն ու ասաց, թե Կարապետյանը վիրավորվել է լրագրողներից, քանի որ իր խոսքերը աղավաղում են, ու այլեւս չի ցանկանում որեւէ մեկի հարցին պատասխանել: Իսկ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ա. Կարապետյանն այս օրերին գյուղերում նախընտրական ակտիվ քարոզչություն է իրականացնում: «Հույսը դրել է գյուղերի վրա, Կապանում ինքը ձայն չունի»,-մեր լուրն ակամայից հաստատեց նա:

ԴՈՒՄԱՆՅԱՆԸ ՀՍԿՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանը վերջերս ալկոհոլի ազդեցության տակ զանգահարել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին եւ հաշիվ պահանջել իր հետ վատ վերաբերվելու համար: Նա Դումանյանին ասել է, թե ինչ կուզի կանի, եւ ինչպես իրեն հարմար է, այդպես էլ կաշխատի: ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ որոշել է Համիկի «հախից» գալ ոչ թե նրա հետ «կռիվ անելով», այլ ցավեցնելով: Ըստ այդմ, Դումանյանը հենց այդ զանգից հետո ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանին հանձնարարել է ամեն օր ստուգել ԱԺ ավտոպարկը, պահեստը, բենզինի հատկացումները, այսինքն՝ այն ամենը, ինչը գտնվում է Հ. Մկրտչյանի «ձեռքում» եւ ապահովում շռայլ կյանք վարելու հնարավորություն: ԱԺ-ում նույնիսկ կատակում են, թե բենզինը «պիպետկայով» են բաց թողնում:
Սակայն Գուրգեն Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրականում նման բան չկա, եւ որեւէ վերահսկողություն չի իրականացվում. «Չէ՛, սխալ տեղեկություններ են, որեւէ փոփոխություն չի եղել»:
Իսկ Հ. Մկրտչյանը վստահեցրեց, թե ամեն ինչ իր հունով է ընթանում, եւ որեւէ խնդիր չկա իր եւ Գ. Դումանյանի միջեւ:

ԲՈՂՈՔ ՉՈՒՆԵՆ
Սեպտեմբերի 14-ին կայացավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը: Քվեարկելու իրավունք ունեցող 1370 փաստաբաններից ընտրությանը մասնակցեց 913-ը: 731 ձայն հավաքեց Արա Զոհրաբյանը, 94՝ Տիգրան Աթանեսյանը, 87՝ Կրոմվել Գրիգորյանը: Պարտված թեկնածուներն ընտրությունների արդյունքների հետ կապված որեւէ բողոք չունեն, ավելին, նրանք արդեն շնորհավորել են ՓՊ նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանին:.

ՏԻԳՐԱՆՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ազատման երաշխավորագիր է ներկայացրել: Այս նախաձեռնությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Երաշխավորության նամակին են միացել մի շարք արվեստագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է միացել նախաձեռնությանը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տ. Առաքելյանին ազատ արձակելու մասով քաղաքական որոշումն արդեն կայացված է: Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա առթիվ հայտարարվելիք ընդգրկուն համաներման շրջանակներում, Տիգրանն ազատ կարձակվի: Այս մասին լրագրողների հետ «փակ» հանդիպման ժամանակ ասել է նաեւ Սերժ Սարգսյանը:

ՀԵՏ ՉԵՆ ԳԱԼԻՍ
Վրաստանի Հանրապետությանը սահմանակից, Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքում այս պահին ապրում է 138 բնակիչ: Դպրոցի աշակերտների թիվը 12 է՝ նախկին 38-ի փոխարեն: Պատճառն արտագաղթն է: Համայնքապետ Արուսյակ Դումիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նկատեց, որ գյուղում մնացել են միայն ծերացող ընտանիքները. «Թիվը նվազում է:  Մարդիկ գնում են ու հետ չեն գալիս: Անցյալ տարի միայն յոթ ընտանիք հեռացավ գյուղից, իսկ այս տարի ընտանիքներ կան, որոնք պատրաստվում են ճանապարհ ընկնել: Աշխատատեղ չկա, միջհամայնքային եւ գյուղամիջյան ճանապարհներն անանցանելի են:  Բացի այս, երկար տարիներ է, ինչ համայնքում տրանսպորտ չկա: Գյուղում մի քանի մեքենա կա, բայց շատ թանկ է դրանցով երթեւեկելը»: Նշված խնդիրներից բացի, անասնապահությամբ զբաղվող պաղաղբյուրցիները դժվարությամբ են կարողանում իրենց ապրանքն իրացնել:

100-ԴՐԱՄԱՆՈՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից տեղեկացավ, որ այս շաբաթվա մեջ հայտնի կլինի, թե երբ են սկսվելու հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի թանկացման մասին հանրային քննարկումները. «Արդեն հայտնի է եւ այս երկու օրը կհրապարակվի նաեւ հանձնաժողովի կազմը»: Նշենք, որ հանձնաժողովում նախատեսված է ընդգրկել ուղեւորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների,  ակտիվիստների եւ այլոց: Ի դեպ, քննարկումներին պետք է որոշվի սոցիալապես անապահով խմբերի հարցն ու նրանց արտոնություններ շնորհելը: Բանն այն է, որ արդեն որոշում կա կայացված՝ հասարակական տրանսպորտի գինը 100 դրամից բարձրացնելու վերաբերյալ:




Լրահոս