Շատերը կհիշեն, թե հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո ՀՀ իշխանություններն ինչպես էին ծաղրում Թուրքիային, երբ ողջ պալատական երգչախումբը միաբերան հայտարարում էր, թե այդ երկիրը միջազգային հանրության մոտ ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ:
Այս մասին 2010թ. դեկտեմբերին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր նաեւ անձամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ասելով. «2010 թվականը ցույց տվեց, որ Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու իր պարտավորությունները եւ հանդես եկավ որպես անվստահելի գործընկեր միջազգային հանրության հանդեպ»: Այդ նույն ձեւակերպումը տարբեր առիթներով բազմիցս կրկնել են ՀՀԿ-ական տարբեր պատգամավորներ Գալուստ Սահակյանի ու Էդուարդ Շարմազանովի «դիրիժորությամբ»:
Բայց արի՛ ու տես, որ իր արտաքին քաղաքական դեգերումներից, ԵՄ-ի հետ չորս տարի շարունակ բանակցելուց, սակայն վերջում ՌԴ-ի առաջարկած Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարություններից հետո այսօր այդ նույն կարգավիճակում է հայտնվել Սերժ Սարգսյանի իշխանությունը, ընդ որում՝ «անվստահելի գործընկեր» որակավորումը նրանց տվել են հենց միջազգային հանրության ներկայացուցիչները: Մասնավորապես, նախորդ շաբաթ Հայաստան էր ժամանել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որը Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ուղիղ տեքստով նրան ասել է այդ մասին: «Մենք մի փոքր խոսեցինք անցյալից՝ բանակցություններից, հավատից եւ փոխվստահությունից… Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում վստահության գործոնը: Ես ասացի այդ մասին եւ ասացի, որ եթե հավատ ու վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ ու վստահություն չկա, չկա ստեղծագործականություն ու գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն»,-Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է նա: Փաստորեն, Ֆյուլեն նույնիսկ չի ընկել ձեւականությունների հետեւից եւ արտահայտվել է բավական կտրուկ եւ ուղիղ ձեւով: Մի բան, որը դիվանագիտական պրակտիկայում այնքան էլ հաճախ չի արվում: Բայց այս դեպքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարն այս ամենը ոչ միայն ասել է Ս. Սարգսյանի «ճակատին»՝ հանդիպման ժամանակ, այլեւ կրկնել է իր ասածը ԶԼՄ-ներով՝ իր խոսքերն ի ցույց դնելով ե՛ւ հայ ժողովրդին, ե՛ւ միջազգային հանրությանը:
Կատարվածը, թերեւս, կարելի է համարել ամոթալի երեւույթ: Բայց ոչ Ս. Սարգսյանի դեպքում, որովհետեւ ինքն էլ գիտի, որ վաստակել է այդ վերաբերմունքը, որովհետեւ գիտի, որ այսքան տարի իրեն ներվել է ամեն ինչ հանուն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման, եւ այսպես շարունակ:
Ի դեպ, եւս մեկ կարեւոր հանգամանք. թեեւ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, բայց իրականում այսօր փորձում են հրաժարվել նաեւ դրանից: Բանն այն է, որ ԵՄ ներկայացուցիչները բաց տեքստով հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու դեպքում Հայաստանն այլեւս չի կարող ստորագրել անգամ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, քանի որ այն Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի անբաժանելի մասն է, եւ դրանք երկուսը միասին մեկ փաստաթուղթ են: Եվ երբ Շտեֆան Ֆյուլեն Ս. Սարգսյանի հետ հանդիպան ժամանակ հարցրել է՝ միգուցե Հայաստանն ուզում է վերստին բանակցել երկու համաձայնագրերի շուրջ, պատասխանը եղել է բացասական: Ասել է թե, հակառակ հրապարակային հայտարարություններին, արդեն սկսել են այլ կերպ գործել:
Այսպիսով՝ ԵՄ պաշտոնյաներն այսօր հետին թվով արձանագրում են, որ Ս. Սարգսյանը վստահելի գործընկեր չէ: Այնինչ ժամանակին նրանք, ընդհակառակը, ամեն գնով փորձում էին սատարել նրան ու աչք փակել լեգիտիմության բացակայության վրա: Ու դժվար է հավատալ, որ նրանք այս ամենը սեպտեմբերի 3-ից հետո են իմացել: Պարզապես եվրոպացիներին թվացել է, որ եթե Ս. Սարգսյանն ընտրություններից հետո «նետվեց» իրենց գիրկը, ապա էլ երբեք դուրս չի գա: Այնինչ օձը հաճախ տաքացնողին է կծում:
ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԻՄԻՋՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ