Հունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանն ու Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:
Շվեդիայից տեսակապով միացել էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ղեկավար Արշակ Գավաֆյանը, Շվեդիայի ՀՕՄ-ի ատենապետուհի Սիլվա Գուլուզյանը, դեսպանատան աշխատակիցներ, համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և շնորհավորեց Արշակ Գավաֆյանին՝ Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով:
Անդրադառնալով ապրիլյան դեպքերին՝ նախարարը կարևորեց շվեդական համայնքի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրված աջակցությունը: Նա մասնավորապես նշեց. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական սփյուռքն առավել համախմբված և միասնական դարձավ, կազմակերպվեցին ցույցեր, միտինգներ, բողոքի ակցիաներ, դրամահավաքներ, բացվեցին հիմնադրամներ: Օգնությունն այսօր էլ շարունակվում է: Այսօր մեր հիմնախնդիրը Հայաստանի և Արցախի հզորացումն է: Միայն հզոր Հայաստանը կարող է լուծել Արցախի հարցը: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը: Ամենակարևորը Արցախի միջազգային ճանաչման խնդիրն է»:
Նախարարը կարևորեց նաև հայոց լեզվի պահպանման խնդիրը՝ որպես համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործոն:
Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց նաև Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը: Դեսպանը նշեց, որ շվեդահայ համանքը ակտիվ հայանպաստ գործունեություն է ծավալում, ավելացել է կիրակնօրյա դպրոցների թիվը, աշխույժ է Հայ առաքելական Հայ կաթողիկե եկեղեցիների գործունեությունը:
Դեսպանը հատկապես կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կառույցների գործունեության մեջ:
Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ղեկավար Արշակ Գավաֆյանը հույս հայտնեց, որ տեսակապը նախարարության հետ շարունակական կլինի և համայնքն առավել ներգրավված կլինի նախարարության ծրագրերում: Նա նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնը, Հայ Դատի գրասենյակը որոշակի տեղեկատվական և լոբբիստական աշխատանքներ են տանում:
Քննարկվեցին նաև համայնքային խնդիրներն ու առաջիկա անելիքները: