ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԶԻՋԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան բարեգործական ավտոբուսների թիվը: Այժմ ընդամենը մի քանի ավտոբուս է գործում, ու մարդիկ ժամերով սպասում են, որ օգտվեն բարեգործական ավտոբուսներից: Չարենցավանի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ ժամանակին մոտ 16 ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվ նվազել է՝ հասնելով 6-7-ի:
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը կրճատել է բարեգործական ավտոբուսների քանակը, ասաց, թե այդ ավտոբուսները մշտապես էլ աշխատել են ըստ անհրաժեշտության: «Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել է դրա անհրաժեշտությունը»,-նշեց մամլո խոսնակը: Հավելենք, որ շուրջ երկու տարի է, ինչ «գծապայքար» էր սկսվել Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջեւ: Ու, փաստորեն, սանիկը հաղթում է քավոր Ծառուկյանին:
ԳՆԱՑ ՄՈՍԿՎԱ
Երեկ հայրենի պաշտոնյաները Սերժ Սարգսյանին մեծ շուքով ճանապարհեցին Մոսկվա՝ մասնակցելու հայկական եկեղեցու բացման արարողությանը: Գրեթե բոլոր նախարարները, մեծուփոքր պաշտոնյաներն իրենց կառավարական ավտոմեքենաներով սլանում էին դեպի օդանավակայան՝ Սերժ Սարգսյանի աչքին երեւալու եւ «թաթիկով» ցտեսություն ասելու համար: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ նույնիսկ «օդում» էին պահպանում Սարգսյանի անվտանգությունը. օդանավակայանի «գլխավերեւում» ուղղաթիռներ էին պտտվում: Այս իրադարձության մեջ միակ լավ բանն այն էր, որ ժամանակավորապես սկսեց երկրում գործել ՀՀ Սահմանադրության «ազատ տեղաշարժի իրավունքի» դրույթը: Բանն այն է, որ Ս. Սարգսյանի «խաթեր» Տարոն Մարգարյանի ցերեկային ասֆալտապատումը դադարեցվել էր, եւ ՀՀ քաղաքացիները կարողացան շուրջ 1 ժամ առանց խցանումների երթեւեկել Իսակովի պողոտայով: