ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 16-ին Վիեննայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Երեւան վերադառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ բանակցությունների ընթացքում համանախագահները համաձայնել են, որ օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պետք է հաստատվի մոնիթորինգի ռեժիմ: «Ժողովուրդ»-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից փորձեց պարզել, թե կա՞ արդյոք այդպիսի կոնկրետ ծրագիր արդեն, ի՞նչ ժամկետներում է հնարավոր տեղադրել հետաքննող սարքերը, որպեսզի մշտադիտարկում անցկացվի՝ պարզելու, թե ով է Արցախի եւ Ադրբեջանի սահմանին առաջինը խախտում հրադադարի ռեժիմը: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ամերիկացի համանախագահն ասաց. «Մենք ուզում ենք հնարավորինս արագ առաջ շարժվել Վիեննայում նախագահների միջեւ համաձայնեցված բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ վստահության ձեւավորման միջոցներ ու բանակցություններ, որ կարող են հանգեցնել կարգավորման»: Այլ կերպ ասած, ամերիկացի դիվանագետը ակնարկում է, որ ցանկությունը կա, բայց թե երբ այն կիրագործվի եւ, ընդհանրապես, կիրագործվի, թե ոչ, չեն կարող ասել:

 

 

 

Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում, որը կարող է ծավալվել նախկին կուսակիցների միջեւ: Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին` նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը: Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել: Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները եւս: Այս ամենը խիստ զայրացրել է ԲՀԿ ղեկավարությանը, եւ նախագահ Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Վարդան Օսկանյանի եւ նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հանդիպումից հետո որոշվել է նաեւ «Ժառանգության» հետ համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին:

 

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ «Հրապարակ» օրաթերթի միջեւ ընթացող դատական գործը գնալով նորանոր երանգներ է ստանում: Բանն այն է, որ այս գործով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը լրատվական դաշտի համար կարող է ճակատագրական լինել: Նշված դատարանը ոչ միայն մերժել է «Հրապարակ»-ի բողոքը, այլ նաեւ իր որոշման մեջ գրել. «…այն դեպքում, երբ լրագրողը միջոցներ է ձեռնարկում ճշտելու նյութի` իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկությունը եւ ստանալով տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ պատասխան, այդուհանդերձ, տպագրում է նյութը, ապա այդ անձինք չեն կարող օգտվել 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետով երաշխավորված պաշտպանությունից»: Այլ կերպ ասած, գրաքննության նոր գործիք են ցանկանում ստեղծել դատավորները: Եւ ստացվում է, որ եթե լուրը շահագրգիռ կողմը հերքում է, ապա լրատվամիջոցը չպետք է համարձակվի այն հրապարակել: Իսկ ո՞ր կաշառակերը կխոստովանի, որ նման բան է արել, չգրե՞նք:

 

 

 

Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմը ոչնչով նման չէր 90-ականների գոյամարտից, քանի որ տեխնիկայի ու տեղեկատվական պայքար էր: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արիա ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն Վիկտոր Մնացականյանի հետ` պարզելու` արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է ժամանակակից պատերազմին: «Տեղեկատվական պատերազմը կիբերպատերազմի բաղադրիչ է, որն էլ իր հերթին հիբրիդային պատերազմի դրսեւորում է: Իսկ այն հիմնականում լինում է չհայտարարված պատերազմների պարագայում, որում եւ մենք հիմա գտնվում ենք: Կիբերպատերազմները նոր ֆորմատի, տեխնոլոգիաների պատերազմ են, եւ մեզ հիմա այս պահին պետք է «Квантовый скачок» անել, որպեսզի արագ տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին: Իսկ ժամանակակից պատերազմը DIME (Diplomacy, Information, Military, Economics) ֆորմատն է»: Ըստ Մնացականյանի՝ կիբերպատերազմը ինտերնետում հատուկ տեսակի դիմադրություն է, որն ուղղված է խափանելու համակարգի շահագործումը պետական, ֆինանսական մարմիններիում եւ այլ ձեռնարկություններում, որոնք օգտագործում են այդ կապը: «Նման ռազմական գործողություններ կատարելու համար ընդամենը մեկ տեսակի զենք է հարկավոր` համակարգիչ, որը միացված կլինի ինտերնետին, եւ, իհարկե, հմուտ մասնագետ, ով էլ կհետեւի գործընթացին»: Հարցազրույցի շարունակությունը` ArmLur.am-ում:

 

 

 

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ

Ադրբեջանի Գերագույն դատարանը երեկ փոխել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը՝ նրա 7.5 տարվա ազատազրկման ժամկետը փոխարինելով 3.5 տարվա պայմանական ազատազրկմամբ: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւի ընտանիքի օֆշորային գործարքների մասին հետաքննություն սկսած Խադիջա Իսմայիլովան դատապարտվել էր ազատազրկման՝ «յուրացումների, չարաշահումների ու հարկերի վճարումից խուսափելու» համար: Ադրբեջանցի լրագրողի հարցը մեծ հնչեղություն էր ստացել ողջ աշխարհով մեկ, եւ ի թիվս տասնյակ այլ ազատազրկված իրավապաշտպանների եւ լրագրողների՝ հենց Իսմաիլովայի ազատ արձկումն էր այն պայմաններից մեկը, որ առաջադրվում էր Արեւմուտքի կողմից Իլհամ Ալիեւի վարչակազմի նկատմամբ նախկին վերաբերմունքը վերականգնելու հարցում:
Եվ, ահա՝ գնալով այդ քայլին՝ Ալիեւն, ըստ էության, կատարեց դեպի Արեւմուտք 3-րդ ժեստը. հիշեցնենք, որ մարտին նրա հրամանագրով ազատ արձակվեցին 15 քաղբանտարկյալներ՝ այդպիսով հնարավորություն տալով Ալիեւին քիչ թե շատ «երեսատեղ» ունենալ Վաշինգտոնում միջուկային գագաթնաժողովին մասնակցելու համար:
Հաջոդ ժեստը, որ արեց Ադրբեջանն Արեւմուտքի ուղղությամբ, մայիսի 23-ին ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին Էլմար Մամեդյարովի մասնակցությունն էր: Հիշեցնենք, որ դրանից առաջ՝ անցած ամռանը, հենց նույն՝ մարդու իրավունքների հետ կապված եվրոպական կառույցների քննադատությանն ի պատասխան՝ Ալիեւն ասել էր, թե Ադրբեջանին բոլորովին էլ պետք չէ ինտեգրվել Եվրոպային. «Մեզ պետք չեն եվրոպական արժեքները: Եթե այսօր հարկ լիներ ընտրություն կատարել, ապա հնարավոր է` մենք չէինք մտնի նաեւ Եվրոպայի խորհուրդ»:
Արեւմուտքի ուղղությամբ ալիեւյան քաղաքականության այս փոփոխությունը ամենեւին պատահական չէ եւ ուղղակի կապ ունի ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Բաքվում հասկացել են, որ ներկայիս իրավիճակում, երբ երկրում տնտեսական ճգնաժամ է, եւ նավթադոլարների նախկին քանակը, հետեւաբար նաեւ ազդեցությունն այլեւս չեն կարող լինել այնքան որոշիչ, որքան մինչ այդ, նրանք որոշել են երկրի ժողովրդավարացմանն ուղղված մի քանի ցուցադրական քայլեր անել: Զուգահեռաբար Բաքուն շատ ակտիվ կերպով մեսիջներ է հղում թե՛ Եվրոպային, թե՛ Ռուսաստանին: Բրյուսելյան գագաթնաժողովից հետո երեկ էլ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց Բաքվի ցանկության մասին՝ «հաշտեցնելու» Թուրքիային եւ Ռուսաստանին, որի հետ այդ երկիրը ունի «ամենաջերմ հարաբերությունները»:
Թե որքանով են Ադրբեջանի այս նախաձեռնություններն անկեղծ եւ ինչ արդյունքի կհանգեցնեն, դժվար է ասել, սակայն փաստ է, որ ապրիլյան պատերազմից հետո Բաքուն տարբեր ուղղություններով շատ ակտիվ արտաքին քաղաքական քայլեր է կատարում՝ այդ ընթացքում գնալով նաեւ իր համար ցավոտ վերանայումների: Իսկ թե դրան ի հակակշիռ ինչ է անում Երեւանը, ցավոք, առայժմ տեսանելի չէ:




Լրահոս