ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ԿԱՅԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին, երբ նախարարներն ու փոխնախարարները շտապում էին ՀՀ կառավարության նիստին, իսկ ցուցարարները շարունակում էին իրենց ավանդական դարձած բողոքի ակցիան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը հավաքվածներից մեկի վրա բարկացավ. «Ի՞նչ ես գոռում, ա՛յ ոչխար»: Սա, իհարկե, իրավաբանական ընթացք չստացավ: Պատճառը թերեւս Գ. Հակոբյանի անձն էր:
Արդեն նախօրեին տեղեկություն տարածվեց, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի՝ հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են` 1) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, 2) հարգել հանրության բարոյական նորմերը, 3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, 4) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել իր պաշտոնին վայել վարքագիծ, 5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս եւ այլն:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանի հետ. «Մենք նոր ենք ստացել այդ դիմումը եւ ներկա պահին ուսումնասիրում ենք նյութերը ու չենք կարող ասել, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկելու: Դիմումը կուսումնասիրենք, եթե անհրաժեշտություն տեսնենք, լրացուցիչ ուսումնասիրություն կանենք, որից հետո կկարողանանք որոշումներ կայացնել»: Հարցին, թե արդյոք մեղավոր է պաշտոնյան, պարոն Բաբայանը պատասխանեց, որ այս պահին որեւէ մարդու կամ պաշտոնյայի մեղադրել կամ չմեղադրել չի կարող, քանի որ նյութերը չի ուսումնասիրել:
Ի տարբերություն էթիկայի հանձնաժողովի, որն արդեն նկատելի է, թե ինչ աստիճանի է վախեցած Գորիկ Հակոբյանի «շուքից», ԱԱԾ-ի լրատվության բաժնից բավական կտրուկ փոխանցեցին, թե իրենց չի հետաքրքրում՝ ինչ են ներկայացրել էթիկայի հանձնաժողովին. «Մենք ոչինչ չենք մեկնաբանում, դա իրենց գործն է, ինչ ուզում են, թող անեն»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թեւան Պողոսյանի հետ, որն ասաց. «Բոլոր պետական այրերը պետք է սովորեն հարգել ՀՀ քաղաքացուն, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել, պաշտոնյաները քաղաքացիների հետ պետք է խոսեն «դուք»-ով: Ու ես կցանկանամ, որ հենց ինքն էլ լինի իր խոսքի առաջին պահանջատերը»:
Հիշեցնենք, որ նախկինում ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի դիմումի հիման վրա, թե արդյոք ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը չի գտնվում շահերի բախման իրավիճակում, եզրակացրել էր, որ բերված փաստերի հիման վրա ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, ինչպես նաեւ ՊԵԿ նախագահի անվան հետ կապվող «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում եւ արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշի»-ի ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի կաթի գործարան»-ը, «Ալյանս» մաքսային տերմինալը չեն պատկանում Գ. Խաչատրյանին: Ասել է թե՝ ակնհայտ ճշմարտությունն այդ հանձնաժողովի անդամները չեն ցանկացել տեսնել:
Այսքանից հետո կարելի է կանխատեսել, թե ինչ եզրակացություն է անելու ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը Գորիկ Հակոբյանի մասով: Ակնհայտ է, որ այդ մարմինը համարձակության պակաս ունի ու այս ժամանակահատվածում այդպես էլ չկարողացավ կայանալ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս