ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում շարունակում են վերադասավորման ակտիվ գործընթացներ տեղի ունենալ, որոնք ներկայումս հիմնականում ծավալվում են իշխանությունների ջանքերով ստեղծված կամ նրանցից այս կամ այն կերպ նեղացած ուժերի շրջանակներում:

Մասնավորապես, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, բայց փաստացի այդ կուսակցության հետ ոչ մի կապ չունեցող Վարդան Օսկանյանի կողմից հիմնադրվելիք «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչներն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում են ԲՀԿ-ից դուրս եկած ակտիվիստներին համոզել, որ նրանք միանան իրենց եւ համալրեն նոր ստեղծվելիք կուսակցության շարքերը: Նախկին ԲՀԿ-ականներով հետաքրքրվում են նաեւ Արթուր Բաղդասարյանի` ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդի» վերածված կուսակցության ներկայացուցիչները:
Սակայն այս գործում Վարդան Օսկանյանի թիմակիցները մի առավելություն ունեն. նրանք նույն այդ ԲՀԿ-ականների հետ կուսակիցներ են եղել եւ «դժգոհների» հետ կապ հաստատելը նրանց համար ավելի հեշտ է: Թերեւս հենց այդ հանգամանքով է պայմանավորված նաեւ այն փաստը, որ Օսկանյանի կողմնակիցները միայն նախկին ԲՀԿ-ականներով չեն բավարարվում եւ փորձում են իրենց կողմը ներգրավել նաեւ վերը նշված կուսակցության շարքերում մնացած անդամներին: Հարկ է նկատել, որ Օսկանյանի եւ Բաղդասարյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվել են ԲՀԿ-ի մարզային տարածքների ներկա եւ նախկին անդամները: Այս տեսանկյունից ուշագրավ է նախօրեին կայքերից մեկի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից արտահայտած հետեւյալ միտքը. «Եթե, ըստ չակերտավոր վերլուծաբանների, թույլ է ԲՀԿ-ն, ինչո՞ւ են հին ու նորաստեղծ որոշ կուսակցություններ ամեն օր գրոհում «Բարգավաճ Հայաստանի» տարածքային կառույցների վրա, խնդրում, աղաչում, աղերսում մեր տարածքային կառույցների պատասխանատուներին դուրս գալ ԲՀԿ-ից ու անդամակցել իրենց կուսակցություններին: Հետո կխոսեմ ավելի բաց: Զգուշացնում եմ որոշ նորաստեղծ կուսակցություններին, որ էդքան հզոր եք ու հզոր ռեսուրս ունեք, ինչու եք բոլորդ կառչած «Բարգավաճ Հայաստանի» ռեսուրսներից»:
Ի դեպ, ուշագրավ է, որ Արթուր Բաղդասարյանի եւ Վարդան Օսկանյանի թիմակիցները նախկին ԲՀԿ-ականներին իրենց շարքերը ներգրավելու հարցում, կարելի է ասել, որ գործում են համաձայնեցված` առանց մեկը մյուսին խանգարելու: Ավելին, ըստ լուրերի՝ Օսկանյանն ու Բաղդասարյանն իրենց հայտնի հանդիպումից հետո արդեն իսկ պայմանավորվել են 2017 թվականի ընտրություններին մասնակցել համագործակցված: Նույնիսկ բացառված չէ, որ նրանք վերջին պահին որոշեն դաշինքով հանդես գալ: Սակայն մինչ այդ նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր դիրքերն ամրապնդել, որպեսզի հետագա բանակցությունների ընթացքում կարողանա իր կուսակցության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ակնկալել:
ԲՀԿ-ականներից բացի՝ Օսկանյանի կողմնակիցների թիրախում են հայտնվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ազդեցիկ դիրքեր զբաղեցրած, հետագայում իրենց պաշտոնից զրկված գործիչները: Այլ կերպ ասած՝ Օսկանյանը, որպես ՀՀ ԱԳ նախկին նախարար, փորձում է իր շուրջը հավաքագրել նեղացածներին: Թերեւս համոզված է, որ իրեն կհաջողվի իշխանության ապաշնորհ գործունեության հետեւանքով վերջին տասը տարում «նախկին» դարձածներին համոզել համախմբվել:
Նշենք նաեւ, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի «վերադարձի» շուրջ համացանցում ծավալված աժոտաժը եւս պատահական չէ: Մեր տեղեկություններով՝ Օսկանյանի թիմակիցները նախատեսել են, որ նախ իրենք Բաբայանի վերադարձի հասարակական պահանջի տպավորություն կստեղծեն, հետո «կամադուշչին» կհամոզեն մեծ շուքով անդամագրվել իրենց կուսակցությանը: Արդյունքում, ոչնչից բավական ազդեցիկ փիառ ակցիա կստացվի:
Բայց, ինչպես միշտ, լրատվամիջոցները համը հանեցին. նախ նրանց աչքից չվրիպեց Բաբայանի թաքուն վերադարձը, որի ընթացքում էլ հենց քննարկվել է նրա` Օսկանյանին միանալու հարցը: Դրանից հետո էլ երբ արդեն Սամվել Բաբայանն արդեն «պաշտոնապես» վերադարձավ, մամուլն այդ աշխարհացունց իրադարձությանը առանձնապես նշանակություն չտվեց: Ու նույնիսկ արդեն արտահոսք եղավ, որ նա չի մասնակցելու քաղաքական գործընթացներին:
Մի խոսքով, որքան մոտենում են 2017-ի խորհրդարանական ընտրությունները, քաղաքական դաշտում իրավիճակն այնքան գունեղ է դառնում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՏՈՒՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ
Չնայած մեր երկրի տնտեսական անկումային վիճակին՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական թունդ ընդդիմադիր պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դրամական միջոցները նախորդ տարի 2014 թվականի համեմատ զգալի ավելացել են: Նրա դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 230 մլն դրամ, 310 հազար դոլար եւ 160 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ պատգամավորը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 580 հազար դրամ եւ վարձակալության դիմաց ստացած վճարը՝ 21 մլն դրամ: Պակաս ունեցվածքի տեր չէ նաեւ պատգամավորի տիկինը՝ Աիդա Մանուկյանը, նա ունի 140 մլն դրամ, 125 հազար դոլար, 60 հազար եվրո: Տիկին Աիդան որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 73 հազար 90 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը՝ 5 մլն 417 հազար 160 դրամ եւ մեկ ընկերությունից ունեցած 400 հազար դրամի չափով շահաբաժինը: Ի դեպ, վերջերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ա. Մանուկյանը վերցրել է ԲՀԿ-ին պատկանող 100 մլն դրամի չափով գումարը եւ փախել: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պատգամավորը Հայաստանում է: Ավելին՝ նա Նորք-Մարաշում զբաղված է իր առանձնատան շինարարական աշխատանքներով:

 

 

ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԱՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով բարձրացել է: Այսպես՝ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 370 դրամից դարձել է 380 դրամ, պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը՝ 390-ից դարձել է 400, իսկ սուպերը՝ 410-ից 420 դրամ: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ պարզելու, թե ինչն է բենզինի թանկացման պատճառը: Հարցին ի պատասխան՝ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի կողմից գերիշխող տնտեսվարողներին պատկանող բենզալցակայաններում կատարված ամենօրյա մոնիթորինգի արդյունքներով արձանագրվել է, որ բենզինի 1 լիտրի գինը բարձրացել է 10 դրամով: Իսկ թե ինչն է գնի թանկացման պատճառը, ՏՄՊՊՀ-ն դեռ ուսումնասիրում է եւ կհայտնեն:

 

 

ԲՂԱՎՈՑՆԵՐ ԱԺ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ
Մայիսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարեւանությամբ գտնվող միջանցքում արտասովոր իրավիճակ էր: Ինչպես նկատել է «Ժողովուրդ»-ի թղթակիցը` Ազգային ժողովի աշխատակիցներից մեկը Ազգային ժողովի ֆինանսական հարցերով զբաղվող մի քանի աշխատակիցների հետ լեզվակռվի մեջ էր մտել: Նկատեցինք, որ տարեց պապիկը պահանջում էր վճարել իր հասանելիք աշխատավարձը: Սակայն աշխատակիցները նրա հետ, մեղմ ասած, «ռազբորկայի» մեջ էին մտել` բղավոցներով հետաքրքրվելով, թե որ օրն է աշխատել, ինչ է աշխատել եւ այլն: Ու երբ ֆինանսական բաժնի աշխատակիցները նկատեցին, որ ԱԺ միջանցքում լրագրողների թիվը գնալով մեծանում է, եւ իրավիճակը կարող է վատ ավարտ ունենալ իրենց համար, շտապ պապիկին հանգստացրին եւ հորդորեցին գալ մի քանի օր հետո` խոստանալով լուծել խնդիրը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԽՆԱՅՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր նշանակումից ի վեր նախարարությունը միշտ էլ խնայողությամբ է աշխատել եւ շարունակելու է այդպես: Նախարարը նշել է, որ ինքն իր բնույթով խնայող է եւ դա կիրառում է նաեւ նախարարությունում: «Ես առաջին օրվանից միայն էկոնոմ կլասով եմ գնացել գործուղումների, մեկ հոգի է ուղեկցել ինձ: Մենք խիստ կրճատում ենք, նույնիսկ ես եկա նախարարություն, ջղայնանում էի, երբ ցերեկը լույսերը վառն էր»,- ասել է Կարապետյանը:
 

ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԸ
Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է հաշտեցնել Թուրքիային եւ Ռուսաստանին: Նա ընդգծել է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում լարվածությունը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին, որը բարձր մակարդակի ռազմավարական հարաբերություններ ունի երկու պետությունների հետ: «Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ադրբեջանը պատմականորեն սերտ կապերով կապված է երկու պետությունների հետ, եւ այդ լարվածությունն անհանգստություն է առաջացնում»,- ասել է Հասանովը:

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երեկ ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ հայտագրերի փոխանակման ձեւով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը, որի համաձայն՝ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Այն կուղղվի ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ մասնավորապես արտակարգ իրավիճակների դեմ պայքարին:

 

 

ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ
Ընտրական օրենսգրքի նախագծին կողմ քվեարկողների թվում է եղել գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով երեկ ԱԺ չէր եկել: ԱԺ դահլիճում գեներալի մի կողքին նստում է գեներալ Սեյրան Սարոյանը, իսկ մյուս կողքին` Գարեգին Նուշիկյանը: Թե ով է եղել գեներալի փոխարեն քվեարկած պատգամավորը, պարզ չէ: երեկ ԸՕ նախագծին կողմ են քվեարկել նաեւ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի փոխարեն, ով եւս խորհրդարանում չէր: Գեւորգյանի կողքին խորհրդարանում նստում է պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ով էլ, ըստ ամենայնի, քվեարկել է իր կողքին նստողի փոխարեն: Իսկ, ահա, ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի փոխարեն կարող էր քվեարկած լինել Վահագն Մախսուդյանը:




Լրահոս