ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Իլուր»-ի միջոցով պատասխանել է ՀՀ քաղաքացիների մի քանի հարցերի: Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչ հարցեր են հնչել, ու ինչպես է արձագանքել այդ հարցերին Լ. Տեր-Պետրոսյանը:
Քաղաքացու հարցին, թե իբր Սերժ Սարգսյանը Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ, Լ. Տեր-Պետրոսյանն ասել է. «Ես կզարմանայի, եթե Ռուսաստանը ճնշում չբանեցներ: Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը գերտերություն է, եւ ինքնըստինքյան հասկանալի է, որ նա առաջնորդվում է գերտերությունների խաղի կանոններով: Ի՞նչ է, նա պիտի երաշխավորեր Հայաստանի անվտանգությունը, վերահսկեր Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը, տրանսֆերների միջոցով ապահովեր Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը ու դրա հետ մեկտեղ հանգիստ դիտեր, թե իր թիկունքում ինչպե՞ս է Սերժը Հայաստանը տանում դեպի Եվրոմիություն: Այս ամենը նշելով հանդերձ՝ ես չեմ կարծում, որ նախագահ Պուտինն առանձնապես մեծ ճնշում է գործադրել Սերժի վրա: Դրա կարիքը նա ամենեւին չուներ: Բավական է միայն, որ նա Սերժին բացատրեր ընդամենը մի քանի հասարակ բան՝ ասելով մոտավորապես հետեւյալը. «Տղա՛ ջան, ուզում ես գնալ դեպի Եվրոմիությո՞ւն: Գնա՛: Ձեռքիցդ բռնող չկա: Միայն թե նկատի՛ ունեցիր այս, այս, այս բաները»»:
Շտեֆան Ֆյուլեն, չկարողանալով թաքցնել իր հիասթափությունը, մի քանի օր առաջ Երեւանում հայտարարեց, որ թե՛ ինքը, թե՛ Եվրամիությունն արդեն կորցրել են իրենց վստահությունը Ս. Սարգսյանի հանդեպ, ու խստորեն դատապարտեցին քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունները. այս մասին հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Եթե Եվրոմիությունն ու անձամբ Ֆյուլեն այլեւս կորցրել են իրենց վստահությունը Սերժ Սարգսյանի հանդեպ, ապա դրանով իսկ ակամա խոստովանում են, որ հինգ տարի շարունակ անվերապահորեն վստահել են նրան: Վստահել են մի մարդու, ով երկիցս իշխանությունը զավթել է համատարած ընտրակեղծարարության, մարտի 1-ի սպանդի եւ հարյուրավոր քաղաքական գործիչների բանտարկության գնով, մի մարդու, ում գլխավորած ավազակախումբն անխնա թալանում է սեփական ժողովրդին՝ նրան մատնելով հետին չքավորության, անասելի տառապանքների ու արտագաղթի: Ինչ վերաբերում է քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունների դատապարտման առթիվ արված հայտարարությանը, ապա այն իսկապես աննախադեպ է, քանի որ ո՛չ ընտրակեղծիքների, ո՛չ մարտի 1-ի սպանդի, ո՛չ էլ հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության փաստի առթիվ Եվրոմիությունը երբեւէ այդքան խիստ չի արտահայտվել»:
Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու հարցին` առաջին նախագահը նշել է. «Եթե Սերժի մեջ ամոթի, խղճի կամ պետության ճակատագրի հանդեպ պատասխանատվության թեկուզ մի փոքրիկ նշույլ դեռ մնացել է, նա պետք է օր առաջ ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա: Պետության բաճկոնը նրա հագովը չէ»:
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՃԿՈՆԸ ՆՐԱ ՀԱԳՈՎԸ ՉԷ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ