Լոռու մարզային փրկարարական վարչությունից ահազանգում են, որ վերջին օրերին մարզում կրկին շատացել են անտառածածկ եւ չոր խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման դեպքերը: Այս անգամ առկա է մարդկային գործոնը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ու Լոռու մարզային փրկարարական վարչությունը լոռեցիներին զգոնության կոչ են անում: Հակառակ դեպքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Ինչպես փաստում են համապատասխան մարմիններից, Լոռու մարզի անտառներում եւ չոր խոտածածկ տարածքներում ստեղծվել է ծայրահեղ բարձր հրդեհավտանգ իրավիճակ: Այս տարի փրկարարական վարչության դիսպետչերական կետում ստացվել է անտառներում եւ չոր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների ավելի քան 35 ահազանգ, որից 10-ը՝ վերջին տասն օրվա ընթացքում: 3 դեպքում այրվել է անտառածածկ, 7 դեպքում` չոր խոտածածկ տարածք: Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արթուր Չատինյանը փաստում է. «Մեր մարզում այնպիսի շոգ եղանակներ չեն լինում, որ անտառներում եւ չոր խոտածածկ տարածքներում ինքնաբռնկում առաջանա, այսինքն՝ տվյալ պարագայում գործում է մարդկային գործոնը՝ լինի դա մտածված կամ ոչ մտածված»:
Լոռու մարզային փրկարարական վարչությունում հորդորում են հիշել նախորդ տարիների դառը փորձը, մասնավորապես 2012 թվականին հրդեհի 271 դեպք է գրանցվել, այրվել է ավելի քան 1282,2 հա տարածք: Նման կորուստներից խուսափելու համար անհրաժեշտ է այս օրերին հատկապես ուշադիր լինել: Հրդեհի վերջին դեպքերից 2-ը բռնկվել են գերեզմանատներում: Եվ կրկին՝ մարդկային գործոնը. խունկը չեն մարել, քամին տարածել է կրակը, եւ հրդեհ է բռնկվել: Լոռու մարզային փրկարարական վարչությունից զգուշացնում են, որ խունկը վառելուց հետո պետք է մարել, մեքենաներից ծխախոտ չնետել, խոտհարքները չայրել, խիստ զգույշ լինել անտառներում եւ չոր խոտածածկ տարածքներում բաց կրակի հետ վարվելիս: Սրանք, իհարկե, գլխավոր զգուշացումներն են, իսկ մնացած դեպքերում մարդն ինքը պետք է հասկանա, թե ինչը կարող է հրդեհի առաջացման պատճառ դառնալ:
Լոռի