ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան բուռն քննարկումների առիթ տվեց: Շատերին հետաքրքրում էր, թե ինչ նպատակով է Բաբայանը վերադարձել եւ արդյոք նա առաջիկայում պատրաստվում է քաղաքական գործունեություն ծավալել: Որոշ ժամանակ իր անվան շուրջ խորհրդավոր լռություն պահպանելուց հետո Բաբայանը նախօրեին հարցազրույց տվեց լրատվամիջոցներից մեկին՝ անդրադառնալով իր առաջիկա քայլերին եւ Հայաստան վերադառնալու մոտիվացիային: ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նաեւ նշեց, որ պատրաստվում է մեկնել Արցախ. «Մի քանի օրից ես կգնամ Ղարաբաղ, քանզի իմ վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում եմ հենց այնտեղ: Մնացածը ժողովրդի որոշելիքն է»,- եզրափակեց Բաբայանը:
Արդյոք Արցախում Սամվել Բաբայանի վերադարձին սպասում են, ինչպես կընդունեն նախկին հրամանատարին այնտեղ… այս եւ այլ հարցերի շուրջ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ Աժ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ, ով համարվում է Սամվել Բաբայանի համախոհներից:
-Պարո՛ն Խանումյան, Հայաստան վերադարձած ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը երեկ հայտարարել է Արցախ մեկնելու մտադրության մասին: Տեղյա՞կ եք, թե որոնք են Բաբայանի վերադարձի պատճառները, եւ ներկայումս ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ:
-Կարծում եմ՝ Սամվել Բաբայանն իր հարցազրույցում արդեն պատասխանել է Ձեր հարցերին:
-Իսկ ի՞նչ կասեք Բաբայանի հետ Ձեր հարաբերությունների մասին, այս ընթացքում ինչպիսի՞ն է եղել Ձեր կապը:
-Սամվել Բաբայանի հետ մշտական կապ ունենք շուրջ մեկուկես տարի, զրույցների ընթացքում հիմնականում խոսել ենք այն մտահոգությունների շուրջ, որոնք շոշափված են հարցազրույցի մեջ:
-Պարո՛ն Խանումյան, ԼՂ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դուք հայտարարում էիք, որ Սամվել Բաբայանը գալու է՝ միանալու Ձեզ որպես ընդդիմադիր: Արդյո՞ք այժմ նրա վերադարձը հենց դա է հուշում:
-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք հայտարարել ենք, որ Սամվել Բաբայանն աջակցում է մեր կուսակցությանը: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայան-ընդդիմություն հարաբերություններին, ապա պետք է պնդել, որ Սամվել Բաբայանի քաղաքական ընդգրկումն ավելի մեծ է, քան Արցախի ընդդիմության քաղաքական ընդգրկումը:
-Ձեր խոսքերից կարող ենք ենթադրել, որ Սամվել Բաբայանը մտադիր է մտնել քաղաքական դաշտ, բայց ոչ Արցախում:
-Չէ, ես այդպիսի բան չասացի: Ես ուզում էի ասել, որ չնայած Ս. Բաբայանը մեզ է աջակցել, պետք չէ նրան նույնացնել մեր կուսակցության կամ ընդդիմության հետ ընդհանրապես: Բաբայանը կողմնակիցներ ունի լայն հասարակության շրջանակում, անկախ նրանից՝ ընդդիմադիր են, թե իշխանամետ:
-Մեծ սպասելիքներ կային, որ Սամվել Բաբայանը կոշտ քննադատություն է հնչեցնելու իշխանությունների հասցեին, սակայն նման բան տեղի չունեցավ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:
-Կարծում եմ՝ հստակ քննադատություն կար հարցազրույցում թե՛ անվտանգության բնագավառում, բանակաշինության ոլորտում թույլ տված բացթողումների ու սխալների, թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ այլ հարցերում:
-Պարո՛ն Խանումյան, իսկ ինչպիսի՞ տեղեկություններ ունեք` այս պահին Սամվել Բաբայանն արդեն Արցախո՞ւմ է, թե՞ դեռ չի ժամանել:
-Որ ժամանի, բոլորդ էլ կիմանաք, ինչպես Երեւան ժամանելու դեպքում:
-Իսկ ինչպիսի՞ օրակարգով է նա ժամանելու Արցախ:
-Չունեմ նման տեղեկություն:
-Ովքե՞ր են Սամվել Բաբայանին դիմավորելու: Գուցե Դո՞ւք կամ այլ պաշտոնյանե՞ր էլ լինեն դիմավորողների շարքում:
-Դիմավորելու հարց չի քննարկվել: Կարծում եմ՝ դա էական չէ, մարդն իր տունն է վերադառնում:
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԻ
Ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին համաձայնությունից հետո թեեւ լայնամասշտաբ մարտական գործողությունները չվերսկսվեցին, սակայն սահմանային լարվածությունը, այնուհանդերձ, շարունակվում է: Ստեղծված իրավիճակում ինչպիսի ելքեր կարող են լինել: Այս մասին «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արկադի Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, հրադադարի կնքումից ի վեր Հայաստանը պաշտպանվողական մարտավարությամբ է առաջնորդվում, ինչի արդյունքում ունեցանք ոչ միայն ապրիլի քառօրյա պատերազմը, այլեւ մինչ այդ եւ դրանից հետո էլ բազմաթիվ զոհեր: Ըստ Ձեզ՝ մինչեւ ե՞րբ պետք է մենք պաշտպանվենք:
-Պետք չէ շփոթել պաշտպանվողին զոհի հետ: Ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքուն կրկին անգամ համոզվեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ավելին՝ Ադրբեջանը ստիպված էր խաղաղություն խնդրել:
-Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տարածքային զիջումների մասին խոսակցությունները: Ո՞ր տարածքների մասին է խոսքը, ո՞րն է մեր զիջումների շեմը:
-Քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը, խոսել տարածքների մասին, անիմաստ է:
-Ըստ Ձեզ՝ այսօր վարվող բանակցությունները առաջիկայում որեւէ առարկայական արդյունք կտա՞ն:
-Առարկայական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացն իր լիարժեք եռակողմ ձեւաչափով: Իսկ մինչ այդ անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը շփման գծում:
-Պարո՛ն Ղուկասյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նշում են, որ հետաքննության մեխանիզմներ պիտի ներդրվեն, ըստ որի՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խախտումները արձանագրող սարքեր պիտի տեղադրվեն: Դուք տեղյա՞կ եք, թե ովքե՞ր պետք է տեղադրեն, սահմանի ո՞ր հատվածում եւ ե՞րբ:
-Դրանք տեխնիկական հարցեր են, որոնք համապատասխան քաղաքական որոշման դեպքում միջնորդներն ու կողմերը կարող են լուծել աշխատանքային կարգով:
-Օրեր առաջ Թուրքիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ: «Հայաստանը պետք է իրականացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձեւերը կամ պատժամիջոցների ենթարկվի»,- ասել է նա:
-Ինձ թվում է՝ Իլհամ Ալիեւը թերըմբռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իմաստը: Դա ինձ չի զարմացնում: Զարմացնում է այն, որ Ադրբեջանում չկա մի փորձագետ, որ բացատրի Ալիեւին այդ բանաձեւերի էությունը:
-Պարո՛ն Ղուկասյան, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը օրեր առաջ վերադարձել է Հայաստան եւ արդեն հայտնել Արցախ այցելելու իր մտադրության մասին: Ըստ Ձեզ՝ նա ինչո՞ւ է եկել, Դուք հանդիպե՞լ եք նրան:
-Ո՛չ, չեմ հանդիպել:
-Սամվել Բաբայանի վերադարձը ի՞նչ կարող է փոխել Ձեր առաջիկա ծրագրերում:
-Ոչինչ:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՉԵՆ ԸՆԴՈՒՆԻ՞
Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան եւ նախօրեին էլ հարցազրույցում ասել էր, որ առաջիկայում պատրաստվում է մեկնել Արցախ: Երեկ «ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կամ Արցախի մեկ այլ պաշտոնյա պատրաստվում է ընդունել հայրենիք վերադարձած Սամվել Բաբայանին, եւ հնարավո՞ր է՝ նրան որեւէ պաշտոն առաջարկեն: «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ: Չեմ կարծում, որ ներկա դրությամբ այդպիսի բան ծրագրավորվել է: Ինչքան գիտեմ՝ իր կողմից չի եղել դիմում ինչ-որ տեղ աշխատելու կամ ծառայելու: Հետո ունենք բազմաթիվ գեներալներ` արցախյան պատերազմի միջով անցած, որոնք հիմա թոշակի են. մեկը զբաղվում է իր անձնական գործերով, մյուսը՝ հասարակական, մյուսը երբեմն հրապարակումներ է կատարում: Այսինքն՝ այսպես նորմալ իրավիճակ է, որեւէ արտառոց բան այստեղ չկա»,- պատասխանեց Դավիթ Բաբայանը:
ՆՈՐԱՁԵՎ ԸՕ
ՀՀ գործող ընտրական օրենսգրքով, որը մի քանի օրից ուժը կկորցնի, թեկնածուներից եւ կուսակցություններից յուրաքանչյուրը տեղամասերում իրավունք ունի ունենալ մեկական վստահված անձ: Սակայն ՀՀ ընտրական նոր օրենսգրքով, որը մոտ տասն օրից ուժի մեջ կմտնի, նախատեսվում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ կուսակցությունները իրավունք կունենան տեղամասում միաժամանակ մինչեւ երկուական վստահված անձ ունենալ: ՀՀ նոր ԸՕ-ի 34-րդ հոդվածի 3-րդ կետում մասնավորապես նշված է. «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նիստին եւ քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա լինել ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մինչեւ երկու վստահված անձ»:
ԻՆՉ ԿՐՃԱՏՈՒՄ, ԻՆՉ ԲԱՆ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պետական կառավարման համակարգի աշխատակազմի եւ ծառայողական ավտոմեքենաների թվաքանակն անհրաժեշտ է կրճատել եւ հնարավորինս խնայել բյուջետային միջոցները: «Ժողովուրդ»-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից փորձեց պարզել, թե արդյոք այս մարմինը եւս պատրաստվում է կրճատել իր ծառայողական ավտոմեքենաների թիվը: ՀԾԿՀ-ից մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեցին. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում առկա ծառայողական ավտոմեքենաները շահագործվում են հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, եւ դրանց ներկայիս քանակը հասցված է նվազագույնի: Այժմ շրջանառության մեջ է գտնվում «Փոստային կապի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանձնաժողովին վերապահել բավականին լայն հսկողական գործառույթներ: Նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանձնաժողովը լրացուցիչ կուսումնասիրի եւ կանդրադառնա նշված հարցին»: