ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՊՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում քանդման ենթակա վթարային բազմաբնակարան եւ հանրակացարանային շենքերի առաջնահերթության ցուցակներում ներկայացված  են նաեւ Հալաբյան փողոցի հ. 3 շենքի 3-4-րդ մուտքերը, որոնք փլուզման վտանգի տակ են: Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը նշված շենքի մուտքերը «փրկելու» իր տարբերակներն է առաջարկում, ինչը, սակայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին չի հուզում: Իսկ բնակիչները համոզված են, որ վերաբնակեցման ծրագիրն ավելի թանկ է, քան նոր շենք կառուցելը:
Նշված շենքի չորրորդ մուտքում այս պահին նախկին 15 ընտանիքներից ապրում են միայն չորսը, իսկ մյուս բնակիչներից մի քանիսը բնակարան են ստացել Սիսակյան 22 հասցեի նորակառույց շենքում: Երկու մուտքերի բնակիչները կառավարությունից պահանջում են համարժեք փոխհատուցում կա՛մ բնակարանի տեսքով, կա՛մ գումարի:
37-ամյա Մարինա Ղարիբյանն իր երեք անչափահաս երեխաների, ամուսնու եւ մայրիկի հետ երկար տարիներ է, ինչ ապրում է Հալաբյան փողոցի հ. 3 շենքի 3-րդ մուտքում: Ղարիբյանների ընտանիքին Երեւանի քաղաքապետարանն առաջարկել է Սիսակյան 22 հասցեում երկուսենյականոց բնակարան, սակայն նրանք հրաժարվել են, քանի որ ընտանիքի անդամներին առաջարկված բնակարանի մակերեսը չէր բավարարում: «Այնտեղ ոչ մի նորմալ պայման չկար, որպեսզի հետագայում էլ կարողանայինք ձեւափոխել: Նույնիսկ առաջարկեցինք գումար ավելացնել, սակայն չհամաձայնեցին: Իսկ հիմա այնքան են ձգձգում, որ ավելի է վատանում շենքի վիճակը: Օրեցօր այն վթարային է դառնում, բոլորս էլ երեխաներ ունենք, վախենում ենք նրանց համար»,-ներկայացրեց Մարինան:
2005թ. շենքում իրականացվել են մասնակի ամրացման աշխատանքներ: Սակայն այդ աշխատանքները Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը որակում է անիմաստ, իսկ դրանց հիմքում դրված, այսպես ասած, «ճարտարագիտական» մոտեցումները եւ լուծումները` մակերեսային եւ անգրագետ: Ըստ սեյսմոլոգ Մելքումյանի` շենքը հնարավոր է արդյունավետ ամրացնել եւ հետագայում անվտանգ շահագործել: Նա շենքն ամրացնելու իր եղանակներն ունի, որոնց, սակայն, Երեւանի քաղաքապետարանը չի արձագանքում:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանում առկա քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը, ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 25-ի «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» հ. 682 եւ 2009թ. փետրվարի 25-ի «Երեւան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» հ. 172-Ն որոշումների համաձայն, իրականացվում է բացառապես պետական միջոցների հաշվին, սակայն ՀՀ պետբյուջեով 2009թ. հետո վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար գումար չի տրամադրվել, եւ Երեւանի քաղաքապետարանը պետական միջոցների հաշվին այդ նպատակով շինարարություն չի իրականացրել:
Բնակիչների վերաբնակեցման խնդիրն արագ կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարություններին առաջարկել էր իր պատրաստակամությունը`  համաֆինանսավորման սկզբունքով կարգավորել հարցը:
Իսկ ՀՀ ֆինանսների նախարարը 16.08.2013թ. գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 04.07.2013թ. հ. 740-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաեւ քանդված բնակարանային ֆոնդի բնակիչների բնակապահովման նպատակով միջոցներ նախատեսված չեն:
Քաղաքապետարանից կրկին հավաստում են իրենց պատրաստակամությունն առկա խնդրի լուծման տարբերակները համաֆինանսավորման միջոցով քննարկելու համար՝ նշելով, որ  Երեւանի քաղաքապետարանը բնակիչների խնդիրներն արագ կարգավորելու համար համայնքի միջոցների հաշվին ներկայումս կառուցում է բազմաբնակարան շենք Մարգարյան փողոցի հ. 37 հասցեում: Սակայն բնակիչներն այդքան էլ վստահ չեն, որ նորակառույց այս շենքի պայմանները կբավարարեն իրենց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս