ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅՈՒՀՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Վերջերս Սլովակիայում կայացած գեղասահքի միջազգային պատանեկան Գրան պրի մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանը ներկայացնող միակ մարզուհին՝ 14-ամյա Անաստասիա Գալստյանը։
ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը տեղեկացրել է, որ մարզուհին կարճ ծրագրից հետո գրավել է 11-րդ տեղը։ Իսկ կամավոր ծրագրի արդյունքում 31 մասնակիցների շրջանում Անաստասիան ընդհանուր հաշվարկով հանգրվանել է 7-րդ հորիզոնականում՝ մտնելով Գրան պրիի մասնակիցների լավագույն տասնյակ։ Ֆեդերացիայի նախագահը հավելել է, որ հայ գեղասահորդուհու այդ ցուցանիշը բացառիկ է Հայաստանի համար. տվյալ մարզաձեւում հայ մարզիկներն այդպիսի արդյունքներ չէին գրանցել վերջին 15 տարիներին։ Ի դեպ, Անաստասիան ծնվել եւ բնակվում է Մոսկվայում ու բոլորովին վերջերս է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Մարզուհին լավագույնների տասնյակում հայտնվելու շնորհիվ նաեւ վարկանիշ է հավաքելու, ինչն էլ թույլ է տալու նրան պայքարել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ուղեգրերի համար։ Հոկտեմբերի 1-6-ը Չեխիայում անցկացվելու է գեղասահքի պատանեկան եւս մեկ Գրան պրի մրցաշար, որում, բացի Անաստասիայից, Հայաստանը ներկայացնելու է նաեւ Սլավիկ Հայրապետյանը։

ԵՐՐՈՐԴԸ՝ ՉՈՐՍԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Սենթ Լուիսում ավարտված մրցաշարում մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 6 հնարավորից վաստակեց 2,5 միավոր եւ հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Հայ շախմատիստը վերջին տուրում զիջեց Կարլսենին, իսկ Կամսկի-Նակամուրա պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Կարլսենը` վաստակելով 4,5 միավոր: Նակամուրան նրանից ետ մնաց մեկ միավորով, իսկ վերջին` 4-րդ տեղում հայտնված Կամսկին իր ակտիվում ընդամենը 1,5 միավոր ունի:

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԽԱՂԸ
Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Համբուրգ»-ի նկատմամբ 6:2 հաշվով տարած հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հայտարարել է, որ իրենց թիմի հարձակման գիծն ավելի է հզորացել այն բանից հետո, երբ թիմը համալրել են Հենրիխ Մխիթարյանն ու Պիեռ Օբամեյանգը: Լեհ ֆուտբոլիստը մասնավորապես ասել է. «Մենք հրաշալի հանդիպում անցկացրինք: Հիմա արդեն ակնհայտ է, որ Մխիթարյանին ու Օբամեյանգին ձեռք բերելով՝ մենք երկու բարձրակարգ հարձակողական ֆուտբոլիստներ ունեցանք: Դեռ ավելին, կարծում եմ՝ նրանք տուրից տուր ավելի բարձրակարգ խաղ կցուցադրեն: Նրանց դեռ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի վերջնականապես հարմարվեն մեր խաղային ոճին, սակայն արդեն հիմա կարելի է տեսնել, թե որքան լավն են նրանք ու որքանով են ուժեղացրել մեր կազմը»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս