Ապրիլի 25-ի ուշ երեկոյան 63 երթուղու ավտոբուսի պայթյունը շարունակում է բոլորի համար մնալ առեղծված, թե ինչու եւ ինչ հանգամանքներում այն պայթեց, եւ, առհասարակ, մի՞թե տեղի ունեցածն ահաբեկչություն չէր: Սակայն իրավապահ համակարգը խուսափեց կատարվածը այդպես որակել` ավելորդ խուճապ չստեղծելու համար: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ին այս գործով մանրամասներ են հայտնի դարձել:
Աղմկալի ու արյունալի հրդեհը
Հիշեցնենք, որ Հալաբյան փողոցում 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պահին ավտոբուսում գտնվել էին 10 անձ՝ վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել էին, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իրավապահները ավտոբուսում հայտնաբերել էին հեռախոսային քարտ, որը պատկանել էր ՀՀ քաղաքացի, նախկինում երկու անգամ դատապարտված Ռուբեն Բալյանին: Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով եւս խուզարկություն էր կատարվել, եւ հայտնաբերվել էին տարբեր ռազմամթերքներ: Ավելի ուշ պարզվել էր, որ Ռուբեն Բալյանը իր մոր` Կլարա Ոսկանյանի հետ բնակարանին առնչվող խնդիրներ է ունեցել ու այդ գիշեր գնացել էր պայթեցնելու մորը: Բայց մայրը՝ տեսնելով, որ նա հարբած է, հրաժարվել էր բացել դուռը: Ծրագրերը ձախողվել էին, եւ Ռուբեն Բալյանը որոշել էր ողջ պայթուցիկ նյութերը վերցնել, ավտոբուսով վերադառնալ տուն ու ճանապարհին պայթեցրել էր, կամ գուցե այն պատահական էր պայթել:
Այսպիսով՝ անցել է մեկ ամիս, սակայն արծարծված հարցերի պատասխանը դեռեւս հայտնի չէ ոչ ոքի: 63 համարի ավտոբուսի ենթադրյալ պայթեցնողը` Ռուբեն Բալյանն էլ չկա: Ի՞նչ է անում այս գործով ՀՀ քննչական կոմիտեն` բացի նրանից, որ շարունակում է նախաքննությունը:
Մայրը պատմել է
«Ժողովուրդ»-ը փորձեց որոշ մանրամասներ պարզել քննության ընթացքից, ինչը առավել խորացրեց կասկածները: Միակ հաստատ բանը, որ փորձաքննությամբ իրավապահները կարողացել են ապացուցել, այն է, որ ավտոբուսում պայթած Ռուբեն Բալյանը Կլարա Ոսկանյանի որդին է: Ասել է, թե մայրությունն ապացուցված է:
Իսկ ի՞նչ է հայտնել Ռուբեն Բալյանի մայրը իրավապահներին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա հայտնել է, թե որդին չի ցանկացել իր հետ ապրել, քանի որ կյանքը կապել է իրենց շենքի բնակչուհի Ինգա Ադամյանի հետ, որն ամուսին չունի: Ու հենց այդտեղից էլ առաջացել է մոր ու որդու գժտությունը:
Ուշագրավ է այն տեղեկությունը, որ Կլարա Ոսկանյանը տարիներ առաջ վաճառել է Երեւանի Մալյան փողոցում գտնվող իրենց բնակարանը 67 հազար ԱՄՆ դոլարով եւ գումար չի տվել որդուն: Որդին էլ պարբերաբար իր հետ այդ գումարի պահանջով խնդիրներ է ունեցել: Ու թերեւս այդ վախով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ տիկին Կլարան որդու առջեւ ապրիլի 25-ին դուռը չի բացել:
Վերջին զրույցը
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Ռուբեն Բալյանի մանկության ընկեր Մանվել Բադիրյանին իրավապահները հարցուփորձ են արել: Նա եղել է այն անձնավորությունը, որի հետ վերջին հեռախոսային խոսակցությունն է ունեցել Ռուբենը պայթյունից առաջ: Քանի որ Ռուբենի մայրն իր որդուց մշտապես վախեցել է նաեւ նշված գումարի պատճառով, ապրիլի 25-ի երեկոյան զանգահարել է իր որդու ընկեր Մանվել Բադիրյանին եւ հայտնել, որ Ռուբենը իր դռան դեմ հարբած կանգնած է` խնդրելով օգնել որդուն հանգստացնել եւ տարածքից հեռացնել: Եւ, ահա, Մանվել Բադիրյանը ապրիլի 25-ի գիշերը զանգահարել է իր ընկերոջը` Ռուբենին, եւ ասել, որ գա իրենց տան կանգառի մոտ` Նոր Նորքի 2-րդ զանգված, եւ երկուսով կգնան Ձորաղբյուրի իր ամառանոց: Ռուբենը համաձայնել է գնալ Նոր Նորք, սակայն մոտ 20 րոպե անց, երբ Մանվելը զանգահարել է նրա բջջային հեռախոսին, Ռուբենն արդեն անհասանելի է եղել: Ըստ այս փաստերի՝ ստացվում է, որ Ռուբենն ավտոբուսը պայթեցնելու միտում չի ունեցել, այլ սովորականի պես նստել է քաղաքային տրանսպորտ` ընկերոջ մոտ գնալու:
Մերժված Ռուբենը
Քննիչները հարցաքննել են նաեւ Ինգա Ադամյանին, որին եւս Ռուբենն այդ օրը զանգահարել է: Ադամյանի շրջապատի ներկայացուցիչներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Ռուբենը Ինգային զանգահարել է` խնդրելու, որպեսզի գիշերի Ձորաղբյուրի իր ամառանոցում, սակայն Ինգան մերժել է` հասկանալով, որ նա հարբած է:
Այսպիսով՝ պետք է ամփոփենք, որ մինչ օրս ծավալված քննությունը բացառապես կենցաղային հողի վրա կատարվածի վարկածն է քննում: Ու պարզ չէ, թե Ռուբենը մինչ այդ, օրինակ, ո՞ր երկրում է եղել, ո՞ւմ է հանդիպել, ի՞նչ կոնկրետ հիվանդություն է ունեցել (գուցե անբուժելի), ու արդյո՞ք բացառված է, որ նա կարող էր հավաքագրված լինել թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Հուսանք, որ իսկապես նա այլ երկրի գործակալ չի եղել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանավորված եւ ներկայումս «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում գտնվող Արթուր Միհրանյանը ընդունել է իր մեղքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին: Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով բերման Էին ենթարկել Երեւանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ 43-ամյա Արթուր Միհրանյանին:
Իսկ ինչն էր եղել այս երկու երիտասարդների կողմից Կարեն Վարդանյանին այսպես դաժանորեն սպանելու պատճառը: Ինչպես հայտնի է՝ Կարեն Վարդանյանը իր Երեւան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել էր 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին, որի դիմաց պետք Է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով: Ավելի ուշ Գեւորգ Զոհրաբյանը առաջարկել Էր Կարենին փողի դիմաց Վրաստանի միջոցով ուղարկել Դուբայ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան: Արդյունքում՝ տղաները սպանել էին Կարեն Վարդանյանին, դիակը տեղափոխել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ եւ թաղել:
Ա. Միհրանյանին եւ Գ. Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն՝ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները դիմել են դատարան, որպեսզի գործով անցնող Արթուր Միհրանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվի: Քննիչը իր միջնորդության մեջ նշել է՝ կան կասկածներ, որ եթե կասկածյալ Միհրանյանին ազատ արձակեն, նա կարող է թաքնվել նախաքննությունը իրականացնող մարմնից: Եվ, ահա, այս միջնորդությունը դատարանը բավարարել է, եւ Արթուր Միհրանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Ու մինչ այս գործով նշանակվել են դատահետքաբանական, դատակենսաբանական եւ այլ փորձաքննություններ, եւ իրավապահները սպասում են փորձաքննությունների եզրակացությանը, մեզ տեղեկություններ հասան, որ այս գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հարցաքննել են շուրջ 10 վկայի, որոնք, ըստ էության, պատմել են, թե ինչ է իրենց պատմել Կարեն Վարդանյանը Միհրանյանի եւ Զոհրաբյանի մասին, ինչ գիտեն իրենք կալանավորվածների մասին, երբեւէ տեսել են նրանք սպանված հասարակական գործչին կալանավորված անձանց հետ, ինչպիսին են եղել նրանց փոխհարաբերությունները:
Ամենայն հավանականությամբ, վկաները տվել են քննիչներին հուզող հարցերի պատասխանը, եւ իրավապահները այս օրերին սպասում են նշանակված 5 փորձաքննությունների եզրակացություններին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:
ՀԵՏ ԲԵՐԵԼ
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, կողմնակից է նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 800 հեկտարը հետ գրավելուն, բայց կարծում է, որ սա պետք է արվի պետական մակարդակով, այսինքն՝ հրամանը վերեւից ստացվի: Նա Tert.am-ին ասել է, որ եթե կամավորականները դիմեն Գերագույն գլխավոր հրամանատարին, ինքն էլ կդիմի: «Պետությունը պետք է որոշի, հրամանը պետք է վերեւից ստացվի: Ես կողմ եմ, որ դա անեն կամավորականները, ոչ թե ջահել էրեխեքը»,- ընդգծել է Կոմանդոսը:
ԷԼԻ ՍԿՍԵՑԻՆ
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: Իսկ, ահա, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումները:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները երեկ վերստին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով գործարանի վերագործարկում եւ տույժ-տուգանքների հատուցում։ «Եթե գործարանն աշխատի, մենք գործարանին կնվիրենք այդ գումարները, իսկ եթե չէ, մենք մինչեւ վերջին լուման ստանալու ենք, չենք պատրաստվում ո՛չ կառավարությանը, ո՛չ էլ տնօրեն Սաղաթելյան Ռուբիկին ոչ մի լումա տալ»,- ասել են ակցիայի մասնակիցները: