ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹԻ ԳՈՐԾՈՎ
2013թ. ապրիլի 17-ին Վրաստանի սահման-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին վրաերթ էր տեղի ունեցել, որի հետեւանքով Վրաստանի Շահումյան գյուղի բնակիչ 37-ամյա Բորիս Օկոյանը դեպքի վայրում մահացել էր, իսկ 26-ամյա Կամո Անտոնյանը՝ ստացել ծանր վնասվածք: Վրաստանի Շահումյան գյուղի բնակիչ Սեյրան Անտոնյանին պատկանող «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վառելիք գազը սպառվել էր, եւ վաճառքի համար Երեւան սինդրիկ տեղափոխող 4 երիտասարդներ առավոտյան կիսախավարում ավտոմեքենան հրել էին մինչ մոտակա ավտոգազալիցքավորման ճնշման կայան: Այդ ժամանակ մեքենան հրող տղաներին թիկունքից հարվածել էր Երեւան սպիրտ տեղափոխող «DAF FT 95XF 380» մակնիշի SAJ-800 պետհամարանիշի բեռնատարը կիսակցորդով: Բեռնատարի վարորդ, Փոթի քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված, նախկինում դատված Գիվի Խուբուլավային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) եւ 2-րդ մասերով (անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նշենք, որ դեպքից հետո Բորիս Օկոյանի դին վրաերթի վայրից ավելի քան 500 մ այն կողմ էր, իսկ Գիվի Խուբուլավան «Ժողովուրդ»-ի թղթակցին ասել էր, որ «Ֆոլկսվագեն»-ը հրող  երիտասարդներին հարվածել է անհայտ ինչ-որ «Օփել» ավտոմեքենա: Գ. Խուբուլավան կալանավորված է: Նրա վարած բեռնատարը ցայսօր գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի շենքի առաջ: Այս գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «ՍԱԴԱԽԼՈ ՄՈԼ»
Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց հարավկովկասյան շուկայի ստեղծման հարցը: Թեքալիի բնակիչ, ֆերմեր Մուշվիգ Նամազովը Թեքալիի գործընթացին է նվիրել իրեն պատկանող 4 հա տարածք, որպեսզի այնտեղ պայմաններ ստեղծվեն միջազգային քննարկումներ, հանդիպումներ անցկացնելու համար, նաեւ Հարավային Կովկասի 3 երկրների բնակիչների մասնակցությամբ գյուղատնտեսական մթերքների շուկա գործարկվի: Հանդիպման հայ, վրացի, ադրբեջանցի մասնակիցները խոսեցին 2006թ. փակված Սադախլոյի շուկայի մասին: Մառնեուլ քաղաքի բնակչուհի, հասարակական կազմակերպության նախագահ Սաբինա Թալիբովան ասաց, որ վրացիները հայ-վրացական սահմանին մոտ կառուցում են «Սադախլո մոլ», որը կփոխարինի Սադախլոյի շուկային:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս