ՃԱՐՊԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ԺԱՄԱՆԱԿՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի ՌՈՒԶԱՆ ՎԻԹ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ տարիներ առաջ նկարահանվեց երեք ֆրանսիական ֆիլմերում, այնուհետեւ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմում, իսկ հետո սկսվեց տեւական դադար: Երկար տարիներ դերասանուհին չէր համաձայնում նկարահանվել սերիալներում, մեկ անգամ փորձեց ու հասկացավ, որ դա իրենը չէ: Թե ինչով է զբաղվում Ռուզանն այս պահին, ինչ նոր նախագծեր ունի, պարզեցինք դերասանուհու հետ զրույցում:
-Այդպես է ստացվել, որ եթե բալիկ ես պահում ու չես ստեղծագործում, դա շատ ծանր է  անդրադառնում քեզ վրա: Որովհետեւ եթե դու արտիստ ես, պահ է գալիս, որ ուզում ես ինչ-որ նոր բաներ անել: Սերիալ էին նկարում, ես մերժում էի, իսկ թատրոն չէի մտնում, որովհետեւ դու պիտի ապրես թատրոնի ներքին կարգով, ինչից ես միշտ դուրս եմ մնում, քանի որ այնքան լիդեր եմ, որ կա՛մ պետք է իմ հետեւից գնան, կա՛մ էլ…
-Երկար ժամանակ մերժում էիք սերիալում նկարվելու առաջարկները, հետո հանկարծ համաձայնեցիք:
-Փորձեցի ու նկարահանումների երրորդ օրն արդեն աղոթում էի, որ փակվեր, մի շաբաթից փակվեց:
-Այդ դեպքում ինչո՞ւ համաձայնեցիք:
-Էսպիսի մի բան կա. դու քո գործընկերներից ինչքանո՞վ ես լավը, որ չես մտնում մի բանի մեջ, որտեղ բոլորն են, ինչո՞ւ ես առանձնացել իրենցից: Նկարվեցի ու հասկացա, դա իմը չէ: Այս պահին նաեւ որպես սցենարիստ եմ հանդես գալիս, երեք հրաշալի սցենար ունեմ, բայց դեռ ոչ մեկը չի իրականացել: Գրկաբաց չեն ընդունում, նույնիսկ թշնամանում են, հետո էլ ամեն ինչ անում, որ դու չլինես: Ու այդտեղ ես ժպտում եմ, որովհետեւ ինչ-որ իրենք անում են, այնքան փոքր է ու ճղճիմ: Ես չեմ ուզում հիմա կոնկրետ անուններ տալ, անձնավորել, բայց տհաճ բաներ լսում եմ: Կոպիտ պետք է ասեմ, բայց վառված մարդիկ են, որ խոչընդոտում են քո աշխատանքը, դրանից տուժում է քո պրոյեկտը, որ ներկայացրել ես: Բայց էստեղ կա մի այլ բան, չլինենք «օբիժնիկի» դերում, այլ լինենք ուժեղ մարդու դերում` «միայնակ գայլ»: Ու նույնիսկ քո «ընկերներին» տեսնելիս բարեւում ես, անգամ գրկում համբուրում ու իմանալով՝ ինչեր են անում, ուղղակի ժպտում ես ու առաջ քայլում: Վերջիվերջո, տիեզերքն այնքան հզոր ուժ է, որ ինքը քեզ երբեք մենակ չի թողնի: Ես չեմ մեղադրում նաեւ այն մարդկանց, որ սերիալներում նկարահանվում են, գուցե նրանք ավելի ուժեղ են ինձանից, որ համարձակ աշխատում են այդ փողը:
-Նեղվո՞ւմ եք այն փաստից, որ հիմա մի տեսակ ստվերում եք:
-Գիտեք, ավելի շատ նեղվում եմ, երբ ասում են՝ ինչ հրաշալի դերասանուհի եք, դա ինձ այնքան է նյարդայնացնում: Ինձ պետք չեն նման խոսքեր, ինձ պետք է, որ իմ գործին սատար կանգնեն, որ ես խաղամ այդ դերը: Թե ես հրաշալի կլինեմ, թե ինչ կլինեմ, ինձ այդքան չի հուզում, ինչքան որ ես անեմ այդ գործը: Հիմա այդպես է ստացվել, որ ես հայտնվել եմ ստվերում ու այնտեղից նայում եմ այդ լույսի մեջ, որտեղ իրականում աղմուկ է, փայլում է ամեն ինչ, բայց այդ փայլն էլ այնքան էժանագին թուղթ է, անգամ ոսկեջուր էլ չէ: Բայց ես հասկանում եմ, որ ամեն մի ժամանակ ունի իր ռիթմն ու պահանջը: Հիմա՝ այս կոմպյուտերային դարաշրջանում, մտել է այս աղմուկը, «որակը», որը, կարծես թե, պիտի լվացվի ու գնա:
-Իսկ այս ընթացքում ի՞նչ եք անում, սպասում եք Ձեր պահի՞ն:
-Տանը ձեռքերս ծալած չեմ նստում, ստեղծագործում եմ, փորձում եմ ինչ-որ կերպ իրականացնել նախագծերս, սպասելու ժամանակ չկա: Ուղղակի հիմա  մեր երկրում առաջ են գնում ճարպիկ մարդկանց գործերը: Օրինակ՝ էսպիսի մի բան կա. արվեստի մարդիկ` ռեժիսորներ, դերասաններ, միշտ հավաքվում են ինչ-որ «տուսովկաներում», բայց ես իմ ձագին ո՞նց թողնեմ, գնամ, այդ «տուսովկաների» մեջ երեւամ, որ ինձ հիշեն, որ իմ մռութը տեսնեն, որ ես չեմ ծերացել, որ ես նույն Ռուզանն եմ, ում հաճախ շփոթում ու 20 տարեկան են տալիս, ինչից ես ինձ լավ եմ զգում: Երբ խոսում եմ իմ ընկերների հետ, ինձ ասում են՝ Ռո՛ւզ, դու չես երեւում, երեւալ է պետք, հետո էլ գործից գործ է բացվում: Չգիտեմ, էստեղ գուցե իմ մեղքն էլ կա, բայց ես իմ բալիկին ո՞ւմ տամ, որ պահի, ես գնամ: Սոցիալական բաներ գոյություն ունեն: Ես չունեմ հարուստ հայր կամ հարուստ ամուսին: Իմ ամուսինը նկարիչ է` Անդրեյ Շուգարով, շատ լուրջ նկարիչ է, ինքն այսօր այնպիսի նկարչություն է անում, որ մենք կարողանանք գոյատեւել, բայց փորձում ենք նաեւ արժեքները պահել, որովհետեւ մեր հոգին մեր մարմնի մեջ այդպես է ապրում:
-Ծանոթությո՞ւն էլ չունեք, հիմա դրանով էլ կարելի է առաջ գնալ:
-Իրականում մենք վատ ծանոթություն չունենք, բայց մենք օգտագործելու ձեւը չգիտենք: Երբ դու ուրիշ արժեքների մարդ ես, ու քո ասածը լինում է այլ չափի մեջ, պարզվում է՝ պետք է ավելի կպչուն, հոգնեցնող լինել, ինչն ամեն մարդ իրեն թույլ տալ չի կարող: Բայց ես լավատես եմ, հավատում եմ, եթե գալիս է ինչ-որ բանի ժամանակը, այն լինում է: Ես նաեւ հավատում եմ հրաշքների ու նույնիսկ երազում եմ, որ մի օր պետք է միլիոնատեր դառնամ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս