«ԵՐԲ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին մերթընդմերթ բախումներ են առաջանում ստեղծագործական միություններում, այս անգամ հերթը հասել է ՀՀ կոմպոզիտորների միությանը։
Մոտ երկու ամիս առաջ 82 կոմպոզիտորներ դիմել էին ՀՀ նախագահին՝ Դիլիջանի՝ Հայաստանի կոմպոզիտորների միության տունն Էդուարդ Միրզոյանի անունով կոչելու խնդրանքով։ Հիմա էլ հանդես են գալիս արտահերթ համագումար հրավիրելու պահանջով. ըստ նրանց՝ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ինչպես նաեւ միության վարչությունը, արդեն չորս տարի «լեգիտիմ չեն»։
Այդ մասին օրերս «Ֆորում» ակումբում խոսեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը։ Ըստ նրա՝ միությունում բաժանելու ոչ մի բան չկա, դա բոլորինն է. «Երբ ղեկավարը դառնում է ուզուրպատոր՝ մարդ, որը կարողանում է արդեն թելադրել, զգում է իր անպատժելիությունը… Ամոթ է ստով ու շանտաժով պահել միությունը։ Վախի մթնոլորտ կա միությունում, մինչդեռ ստեղծագործող մարդը միշտ պետք է ճակատը բարձր պահի»։ Բանախոսը հիշեցրեց այն պատմությունը, ըստ որի՝ Բեթհովենն ու Գյոթեն այգով զբոսնելիս հանդիպում են Ավստրո-Հունգարիայի կայսրին։ Գյոթեն անմիջապես խոնարհվում է, իսկ Բեթհովենը ձիգ-ձիգ անցնում է։ Հետո Գյոթեն հարցնում է չխոնարհվելու պատճառը, եւ Բեթհովենը պատասխանում է. «Կարծում էի, որ Դուք թագավորն եք պոետների, պարզվեց՝ թագավորների պոետն եք»։
«Ռ. Ամիրխանյանը երեք տեղ ղեկավարում է, եւ երեք տեղում էլ կարգին գործ չի արվում։ Նա Կոնսերվատորիայի տեսական բաժնի վարիչն է, որտեղ աշխատում է նաեւ միության անդամների մեկ երրորդը։ Նրանք վախենում են Ռ. Ամիրխանյանից, քանի որ ժամերը կկրճատի»,-նկատեց Ա. Սաթյանը:
Բանախոսը նշեց, որ ստեղծագործական միություններ կան ԱՄՆ-ում, նախկին ԽՍՀՄ տարածքում, եվրոպական երկրներում, եւ ամեն մեկն ստեղծել է իր մոդելը։ Երկիրը փոխվել է, կառուցվածքն էլ պիտի փոխվի, մոտեցումը պետք է այլ լինի. «ԽՍՀՄ-ը կոմպոզիտորներին վճարում էր հեղինակային 0,05 տոկոս, 99,95 տոկոսը վերցնում էր։ Բայց այդ փողերով կառուցում էր Դիլիջանը, այլ հանգստյան տներ, որտեղ ծիծաղելի գներով հանգստանում էինք։ Սակայն մի պայման կար. պետք է ինչ-որ բան ստեղծագործեիր այնտեղ ու ներկայացնեիր։ Եթե չանեիր, քեզանից արդեն հանգստանալու լրիվ գինն էին վերցնում»։ Նա նաեւ ասաց, որ ինքը` անվանի երաժիշտը, մեծ դժվարությամբ է լուծում իր հարցերը, իսկ մրցանակակիր, շնորհքով երիտասարդները դա չեն կարող անել, ուրեմն նրանց նաեւ միությունը պետք է օգնի, որ ոտքի կանգնեն։ Բայց նրանց մեծ մասն այսօր դրսում է, կարծես առանձին կյանքով է ապրում։
Ինչ վերաբերում է Դիլիջանի տանը, ապա եթե այն կոչվի Էդուարդ Միրզոյանի անունով, չի վաճառվի, եւ սրանից կարելի է եզրակացնել, թե ինչու ՀԿՄ նախագահը չի ցանկանում, որ դա տեղի ունենա։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս