Թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը շարունակում է սպանության սպառնալիքներ ստանալ թուրք ազգայնականներից, գրում է Deutsche Welle-ն:
Սպանության սպառնալիքները հասել են այն մակարդակին, որ քրեական գործերով Դաշնային գերատեսչությունը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել քաղաքական գործչի անվտանգության ապահովման համար: Այս մասին հունիսի 5-ին հայտնել է Welt am Sonntag պարբերականը:
«Մենք սերտ կապի մեջ ենք անվտանգության ծառայության հետ»,-ասել է Օզդեմիրի մամուլի քարտուղար Մարկ Բերտթոլդը:
«Ցավոք, կա ոչ միայն գերմանական, այլև թուրքական Pegida (հակաիսլամական շարժում)»,-իր հասցեին սպառնալիքները մեկնաբանել է «Կանաչներ» կուսակցության առաջնորդը:
Նշենք, որ թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ակտիվ կողմնակիցներից մեկն էր: