ՔԱՅԼ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն հայտնի է, որ Եվրոպայի հետ մեր ընդհանուր ճանապարհը գոնե առայժմ կիսվել է: Աշնանը կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի եվրոպացիների հետ: Սերժ Սարգսյանն ընտրեց Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ճանապարհը:
“Ժողովուրդ”-ը զրուցեց “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ` պարզելու, թե ինչպիսի հանգուցալուծում կարելի է ակնկալել Հայաստան-ԵՄ հարաբերություններում:
-Պարո՛ն Սաֆարյան, փաստորեն, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ՀՀ իշխանություններին հասկացրեց, որ Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցելն արդեն անհնար է դարձել: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է լինելու Եվրոպայի հաջորդ քայլը:
-Իհարկե, գնալով հարցը բարդանալու է, եւ գնալով Հայաստանը ետ է մնալու մնացած երկրներից, բայց, համենայնդեպս, ինչպես Շտեֆան Ֆյուլեն է հայտարարել, իրենք Հայաստանից չեն հրաժարվելու: Եվ ուղիներ են փնտրելու լուծումներ տալու համար: Այս պահի դրությամբ եթե Հայաստանը ցանկանար Ասոցացման համաձայնագիրը ստորագրել, ինչը, իհարկե, ամենացանկալին կլիներ, այդ դեպքում, բնականաբար, պետք է դառնար  Մաքսային միության դիտորդ անդամ եւ ոչ թե լիարժեք անդամ: Այդ դեպքում խնդիրն ավելի արագ կլուծվեր, ու նոյեմբերին Վիլնյուսում ՀՀ-ն կստորագրեր Ասոցացման համաձայնագիրը: Բայց քանի որ Հայաստանը նման հնարավորություն չունի, եւ Սերժ Սարգսյանը բոլորի անունից ապօրինաբար խոսել է իր որոշման մասին, այս պահի դրությամբ ուղղակի դա անհնար է: Մաքսային միությանը միանալն էլ չի լինի, քանի որ նման ձեւով չեն կարող վարվել՝ առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու: Այս առումով դեռ զարգացումներ կլինեն:
-Մշտապես նշվում է, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը լուծում է իր անվտանգության հարցը…
-Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը ոչ թե երկրի անվտանգության խնդիրներից ելնելով է այդ քայլը կատարել, այլ ավելի շատ իշխանությունը պահելու: Կարծում եմ, որ ՌԴ-ն սպառնացել է ղարաբաղյան խնդրով, ու Ս. Սարգսյանն այդ քայլին է գնացել՝ հասկանալով, որ այդ հարցում ինքը չի կարող շահող կողմ լինել: Հետեւաբար կարծում եմ, որ իշխանությունները ղարաբաղյան խնդրի տակ թաքնվում են: Իրենք ավելի շատ մտահոգված են եղել իրենց իշխանությունը պահպանելով՝ հատկապես, որ ՌԴ էր հրավիրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Սա նշանակում է, որ Ս. Սարգսյանը հասկացել է, թե ինչ կարող էր լինել: Իսկ կարո՞ղ եք ասել կամ ապացուցել, որ այս իշխանությունները երկրի հարցերով խիստ մտահոգվում են: Ես որեւէ անգամ չեմ տեսել ու, ներեցե՛ք, չեմ էլ հավատում, որ դա կարող է լինել դրդապատճառը: Իշխանությունը երկիրը չի թուլացնում, իսկ այս տարիների ընթացքում իրենք թուլացրել են երկիրը: Մաքսային միությանն անդամակցելը կամ ռուսական ճնշումներին չդիմանալը փորձաքար էր, թե ինչպիսի երկիր են ստեղծել երեք նախագահները միասին:
-Եվրոպան ֆինանսական լուրջ աջակցություն էր խոստանում Հայաստանին, իսկ ՌԴ-ն հրաժարվում էր վարկ տրամադրելուց` հայտարարելով, թե ՀՀ իշխանությունները մինչ այդ տրված 500 միլիոն դոլարի վարկը ոչ նպատակային են օգտագործել: Ի՞նչ եք կարծում, գուցե ՌԴ-ն ֆինանսական աջակցությո՞ւն է խոստացել իշխանություններին` ՄՄ-ին անդամակցելու դիմաց:
-Չեմ կարծում, եթե նման բան լիներ` իշխանություններն առաջին հերթին դրանից կխոսեին: Դա միայն նրանց անձնական շահագրգռվածությունն է եղել՝ չկորցնել իշխանությունը: Ես մի բան եմ հասկացել, որ հիմնախնդիրներն ավելի են բարդացել, բայց դրանք անլուծելի չեմ համարում: Որքան էլ Ս. Սարգսյանը նշում է, որ ինքը “ե՛ւ… ե՛ւ”-ի կողմնակից է, իրականում իշխանությունը կանգնել է “կա՛մ… կա՛մ”-ի առջեւ: Իրականում ՀՀ-ին կողմնորոշեցրին: Դա է պատճառը, որ Ֆյուլեն խոսում է հավատի, հույսի, վստահության մասին: Նա ակնարկել է, որ ՀՀ-ին վստահելի գործընկեր չի համարում:
-Տեսակետ կա, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունը: Դուք համամի՞տ եք:
-Իրականում կա նման բան: ՄՄ-ի դեպքում մենք անդամակցում ենք երկպետական մի կառույցի, ԵՄ-ի դեպքում մենք չենք անդամակցում ոչ մի բանի: Ու ՄՄ-ին միանալու դեպքում իշխանությունները պարտավոր են հաշվի առնել հասարակության կարծիքը: 
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 618 համար




Լրահոս