7 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՍՓՅՈՒՌՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում առավել ակտիվացել են քննադատությունները՝ ուղղված ՀՀ սփյուռքի նախարարությանը: Շատերը նշում են, որ այն անիմաստ ծախսարար կառույց է, որի փոխարեն նույն գործառույթներով կարող է զբաղվել ՀՀ ԱԳՆ-ն: «Ժողովուրդը» զրուցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է նա վերաբերվում այդ քննադատություններին:

-Տիկի՛ն Հակոբյան, տեղեկություններ տարածվեցին, որ Դուք պատրաստվում եք Ձեր «Արի տուն» ծրագրի անունը դարձնել` «Եկուր կամ դարձիր տուն»: Կա՞ նման մտադրություն, եւ ո՞րն է դրա նպատակը:
-Չենք գնալու անվանափոխության, ճիշտ է, կարող է այդ շեշտը «արի՛ տուն» դնենք, որ արի բառից տարբերվի, կողքն էլ կասենք՝ եկուր տուն, բայց ես կարծում եմ՝ այնքան է տարածվել, բոլոր համայնքների համար հասկանալի դարձել այս ծրագրի անունը, որ փոխելն անիմաստ է: Բայց «Արի տունը» ասելուց հետո եկուր տունն էլ կասենք, որպեսզի որեւէ մեկի մոտ երկրորդ կարծիքը չառաջանա:
-«Արի տուն» ծրագրի շնորհիվ քանի՞ մարդ է Հայաստան եկել եւ բնակություն հաստատել:
-Ես դժվարանում եմ ասել, որովհետեւ հաշվառումն այսպես դժվար է կատարել, մենք պետք է նստենք օդանավակայանում եւ ամեն եկողի հարցաթերթիկ լրացնենք կամ տարբեր ճանապարհներով Հայաստան մուտք գործողների: Բայց բոլոր դեպքերում, կարծում եմ, կան տասնյակ մարդիկ, որ եկել են եւ ապրում են, եւ կան հարյուրավորները, որ եկել եւ սովորում են: Ընթացքում էլ այդ սովորողների մի մասը մնում է, մի մասը՝ գնում: Սա օգնող ծրագիր է, որ այդ երեխաների մեջ հայրենիքը մնա, որ հայրենիքից գնալուց հետո էլ միշտ մտածեն վերադառնալու մասին:
-Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանից մոտ 300 հազար հայ է արտագաղթել: Այս ծրագիրը որքանո՞վ կնպաստի, որ նրանք վերադառնան հայրենիք:
-Ոչ միայն այդ ծրագիրը, ցանկացած ծրագիր նախեւառաջ ուղղված է երիտասարդությանը, երկրորդը՝ հայրենասիրությանը, ազգասիրությանը: Մենք յոթ տարի է, ինչ գործում ենք, երկու տարի կայացել ենք, իսկ մնացած հինգ տարին շատ քիչ ժամանակ է՝ գնահատելու պատմական ինչ-որ ժամանակահատված, թե քանիսը վերադարձան: Բայց համոզված եմ, որ այն երիտասարդները, մարդիկ, որոնք մեր ծրագրերին մասնակցում են, հաստատ այս կամ այն ձեւով հայրենիքից երբեք չեն կտրվելու եւ միշտ հայ են մեծանալու: Նրանք չեն ձուլվելու եւ չեն ուծանալու: Սա ամենամեծ ձեռքբերումն է:
-Իսկ այս 7 տարիների ընթացքում օտարության մեջ գտնվող հայերին միասնական դարձնելու ուղղությանբ ի՞նչ քայլեր եք արել: Տեսակետ կա, որ, օրինակ, Ռուսաստանում հայերը համայնքային կյանք չեն վարում:
-Ռուսական համայքը շատ մեծ է, խոսել, որ 2.5 մլն մարդ պետք է միավորված, համախմբված լինեն, դա նույնն է, թե ասեք՝ Հայաստանում բոլորս նույն հարցի մասին նույն կերպ ենք մտածում: Հնարավոր չէ: Տարբեր մարդիկ են, տարբեր կրթությամբ, մասնագիտությամբ, սոցիալական վիճակով, մեկը՝ հարուստ, մեկը՝ աղքատ, մեկը կարող է, մեկը՝ անկարող, այնպես որ սպասել միասնականության ողջ ռուսական համայնքից, հնարավոր չէ: Ռուսական համայնքը բաժանված է 78 սուբյեկտների, այսինքն՝ յուրաքանչյուր մարզային կտորի վրա մենք աշխատանքները տանում ենք եւ ոչ թե ամբողջ Ռուսաստանը մեկ միավոր ենք դիտարկում: Այս առումով արդեն յուրաքանչյուր մարզի կտրվածքով կարողանում ենք հասնել յուրաքանչյուրի կյանքին, գործունեությանը, կրթությանը, մասնագիտությանը, եկեղեցուն, դպրոցին, մշակութային կենտրոնին, պարին, երգին, որոնք այս կամ այն կերպ կարող են հայրենիքի հետ կապվել: Բայց ես ցավով եմ ասում, որ ռուսական համայնքում հայոց լեզուն մոռացվում է ամենաշատը, եւ նրանք կորցնում են լեզվի նկատմամբ ուշադրությունը: Դրա համար մեր ամենամեծ պայքարը իրենց շրջանակներում այն է, որ նրանք ամեն ինչ անեն՝ հայերեն սովորելու համար: Հայերեն սովորելու ամենաճիշտ, ամենակարճ բանաձեւն այն է, որ այդ երեխաները անպայման Հայաստանի հողը տրորեն, Հայաստանը տեսնեն: Այն մարդը, ով Հայաստանը չտեսավ, նրան վերացական հայրենիքը չի կարող ստիպել, որ հայերեն սովորի: Իսկ Հայաստանը տեսնող երիտասարդը, պատանին կամ աղջիկը անպայման հեռանում է՝ մտածելով հայերեն սովորելու մասին:
-Տիկի՛ն Հակոբյան, այնուհանդերձ, հատկապես այս փուլում, երբ խոսվում է օպտիմալացման, խնայողության ռեժիմի եւ արդյունավետ կառավարման մասին, առավել ակտուալ են դառնում խոսակցությունները, որ սփյուռքի նախարարության գործառույթները կարող է իրագործել ԱԳՆ-ն, այնպես, ինչպես նախկինում: Ի՞նչ կասեք:
-Ինչքան մարդ, այդքան կարծիք: Քանի դեռ նախարարությունը չէր ստեղծվել, ես դեմ էի, որ ստեղծվեր: Նույնիսկ ստեղծման օրը ես ասում էի` ում է պետք, ինչու ենք ստեղծում: Սակայն 3 ամիս հետո ես հասկացա, որ այս նախարարությունը 91 թվականին պետք է ստեղծվեր: Եթե 17 տարի առաջ ստեղծվեր նախարարությունը, հիմա կլիներ 25 տարեկան եւ մեծ հաջողությունների հասած կլիներ, իսկ հիմա մենք նոր-նոր փորձում ենք հնարավորությունները ներառել, օգտագործել: Սփյուռքը մեր ռեզերվն է, ռեսուրսն է, ուժն է, հնարավորությունն է: Նախարարի կարգավիճակով չէ, որ ես ասում եմ, սփյուռքի նախարարությունը պետք է լինի, որովհետեւ աշխարհը գնում է սփյուռքի նախարարությունների ստեղծման: Այսօր աշխարհում գործում է 60-ից ավել նման կառույց, 25-ը կոչվում է նախարարություն, մյուսները՝ կոմիտեներ, վարչություններ եւ այլն: 7 միլիոնանոց սփյուռք ունենալու դեպքում հնարավոր չէ` այս նախարարությունը չլինի: Դա բացառվում է:

 

 
ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երեկ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2015 թվականի ՀՀ պետական բյուջեից տվյալ ոլորտներին հատկացված ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գերատեսչություններին հատկացված ծախսերի կատարման հաշվետվությունը: Նրա փոխանցմամբ՝ 2015 թվականին ՀՀ ԿԳ նախարարությանը հատկացվել է 40,8 միլիարդ դրամ, իրականացվել է 75 ծրագիր՝ ապահովելով 101,84 տոկոս կատարողական, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացրել է 48 ծրագիր` ծախսելով բյուջեով նախատեսված 17,3 միլիարդ դրամ եւ ապահովելով 99,6 տոկոս կատարողական:
Գանձապետի խոսքով՝ ՀՀ սփյուռքի նախարարությունն անցյալ տարի իրականացրել է 17 ծրագիր` ծախսելով 987 միլիոն դրամ եւ ապահովելով 92 տոկոս կատարողական:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2015 թվականին իրականացրել է 31 ծրագիր՝ ծախսելով 5,8 միլիարդ դրամ, ապահովելով 98,9 տոկոս կատարողական:
Իսկ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին հաշվետու տարում հատկացվել է 283 միլիոն դրամ, որից օգտագործվել է 279 միլիոնը՝ ապահովելով 98,6 տոկոս կատարողական:
Այնուհետեւ պատգամավորները գերատեսչությունների ղեկավարներին տարբեր հարցեր ուղղեցին:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով կրթական ոլորտում տիրող անարդարության մասին, ասաց, որ այսօր բուհերում կան այնպիսի ֆակուլտետներ, որտեղ վարձավճարի պատճառով սոցիալական դժվար պայմաններում ապրող, բայց խելացի երեխաներ չեն կարող ընդունվել: «Դրա համար մենք ունենք տգետ բժիշկներ, դատարանները լցված են տգետ դատավորներով, տգետ իրավաբաններով, եւ սա համազգային ողբերգություն է մեզ համար, ինչպե՞ս եք տեսնում սրա լուծումը»: Ի պատասխան՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հորդորեց միանշանակ գնահատական չտալ` ասելով, թե քննարկման մասնակիցները նույն կրթական համակարգի կրողներն են: «Իրենք խելացի են, բայց կարող են միասնական քննություններին ստանալ 14-15 միավոր, որը վճարովի բուհ ընդունվելու համար բավարար է, բայց երբեք բավարար չէ անվճար սովորելու համար: Հիմա մենք ուզում ենք առաջարկենք, որ իրարից առանձնացնենք երեք մաս՝ միասնական քննությունները, պետական պատվերը եւ մրցույթը»,- ասաց նա:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՆՊԱՏԱԿԸ ՆԱԵՎ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ
Քառօրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի կողմից զինծառայող Քյարամ Սլոյանի գլխատման, ինչպես նաեւ զինվորների մարմնի խոշտանգման դեպքերով ԼՂՀ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր հանցագործությունների դեպքերը պատշաճ կերպով քննության առարկա են դառնում, եւ իր իրավասության սահմաններում տեղեկացվում է քննության ընթացքի մասին: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված դեպքերի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքներին, ըստ նորանշանակ օմբուդսմենի՝ դեռ պաշտոնական առումով արձագանքներ չկան: «Բայց ոչ ֆորմալ առումով դրանք քննարկման առարկա են դառնում: Մենք պետք է հասկանանք, որ գործառույթը չի ենթադրում միայն ուղղակի արձագանքների ակնկալիք, այլ ենթադրում է ընդհանուր տեղեկացվածություն, ինչը շատ կարեւոր է»,- ասաց Ռուբիկ Մելիքյանը: Արցախի օմբուդսմենը չբացառեց նաեւ միջանկյալ զեկույցի հրապարակման տարբերակը. «Անկախ նրանից՝ միջանկյալ զեկույց կլինի, թե ոչ, վերջնարդյունքում մենք ակնկալում ենք անպայման ունենալ վերջնական զեկույց»,- ասաց նա:

 

 

ԲՆԱԿՉԻՑ ՇԱՏ ԸՆՏՐՈՂ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը: Ըստ այդ փաստաթղթի՝ մասնավորապես Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 41 հազար: Սա այն դեպքում, երբ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտոնական ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 44 հազար 338 հոգի: Ստացվում է, որ ընտրողների թիվը ողջ բնակչության թվից ավելի քան երեք հազարով ավել է: Իսկ եթե հաշվի առնենք, որ բնակչության առնվազն 30 տոկոսը կազմում են մինչեւ 18 տարեկանները, որոնք ընտրական իրավունք չունեն, ապա ստացվում է, որ իրական ընտրողների թիվը Հրազդանում կազմել է մոտ 28 հազար, որից մոտ 25 հազարը, այսինքն՝ 90 տոկոսը մասնակցել է ընտրություններին: Հետո էլ ասում են՝ կեղծիքներ չկան:

 

 

ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի արտաքին պարտքը 2011-ից մինչեւ 2014 թվականը կազմել է մեր համախառը ներքին արդյունքի մոտ 35 տոկոսը: Իսկ 2015-ին այդ ցուցանիշը դարձել է 41 տոկոս: Այսինքն՝ ողջ տարվա ընթացքում Հայաստանում ինչ ստեղծվում է, դրա կեսը արդեն մերը չէ, այլ պարտատերերինն է: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակում է նորանոր վարկեր վերցնել, ապա առավել հավանական է, որ այս տարվա վերջին արտաքին պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը 50 տոկոսից ավել կդառնա:




Լրահոս