ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԸ ԲԱՇԽԵԼ ԵՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2014-2015 թվականներին գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի եւ աշնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը մարզպետարաններին սերմացուներ է տրամադրել: Սակայն մարզպետարանների կողմից սերմացուի անհրաժեշտ քանակի ոչ ճիշտ պլանավորման հետեւանքով ծրագրի գրեթե ամբողջ բեռը` շուրջ 80.9 տոկոսը, ընկել է պետության վրա:

Սերմնարտադրության զարգացման ծրագրերով ՀՀ Շիրակի եւ Արագածոտնի մարզերին հատկացված սերմացուներից ստացված բերքի ցուցանիշները տարբեր են եղել, քանի որ հատկացնելուց հաշվի չեն առնվել հողերի գոտիականությունը, որակական հատկանիշները, բնակլիմայական պայմանները եւ տեղայնությունը: Բացի այս՝ գյուղապետերի կողմից սերմացուները հատկացվել են կամայականորեն, հիմնականում միանձնյա որոշման հիման վրա, հաշվի չեն առնվել սահմանված մեկ հեկտար ցանքի համար սերմացուի չափաքանակները: Մինչդեռ մեկ հեկտարի ցանքի համար սերմացուի հատկացումն իրականացվում է հետեւյալ չափաքանակներով` գարնանացան գարի՝ 200 կգ, եգիպտացորեն՝ 25 կգ, առվույտ՝ 25 կգ, կորնգան՝ 150 կգ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ հատկացված սերմացուի մի մասը չի ցանվել, իսկ որոշ դեպքերում սերմացուն գյուղացիներին տրամադրվել է քիչ չափաքանակներով, որի պատճառով ծրագրով ակնկալվող արդյունքը չի ստացվել: Ի դեպ, ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ սերմերի բաշխման պատասխանատվությունն ընկած է ՀՀ մարզպետարանների եւ գյուղապետերի վրա: Գյուղապետերը իրենց մոտ պարտադիր պահում են բաշխացուցակները, մեկ օրինակ էլ տրամադրում են մարզպետարանին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը ուսումնասիրել է 15 գյուղի կողմից բաշխումը, որոնք միասին վերցրած ստացել են 238 հազար 822 կգ գարու, 20 հազար 412 կգ առվույտի եւ 5100 կգ եգիպտացորենի սերմացու: Պարզվել է, որ որոշ գյուղերում բաշխումը կատարվել է մանր չափաքանակներով:
Օրինակ` Շիրակի մարզի Անուշավան գյուղի 55 բնակչի հատկացվել է ընդամենը 7 կգ եգիպտացորեն, եւ այն բաշխվել է 7 անձի 1-ական կիլոգրամով: Գետափում 75 բնակչից մեկական շահառու ստացել է 10 կգ եւ 15 կգ գարու սերմացու, իսկ առվույտի սերմացու ստացել են 2.5-ական կիլոգրամ՝ 3 բնակիչ, 2-ական կիլոգրամ՝ 8 բնակիչ, իսկ մեկական բնակիչ ստացել են 1.5 կգ եւ 0.5 կգ սերմացու: Եգիպտացորենի սերմացուն բաշխվել է 75 բնակիչներից 71-ին, 0.2 կգ-ից մինչեւ 2.5 կգ չափաքանակներով: Փանիկում 101 բնակիչներից առվույտի սերմացու ստացել են 3-ական կիլոգրամ 4 բնակիչ, իսկ եգիպտացորենի սերմացու ստացել են 3-ական կիլոգրամ 5 բնակիչ, 2.5-ական կիլոգրամ 2 բնակիչ եւ 2-ական կիլոգրամ 3 բնակիչ:
Հառիճ գյուղում 8 քաղաքացու է բաժանվել սերմացու. նրանցից յուրաքանչյուրը ստացել է 0.5 կգ, իսկ 4-ը՝ յուրաքանչյուրը 0.7 կգ եգիպտացորենի սերմացու: Բենյամին համայնքում եգիպտացորենի սերմացուն բաշխվել է 24 բնակիչներին 0.6 կգ-ից մինչեւ 2.05 կգ չափաքանակներով: Վարդաքար համայնքում եգիպտացորենի սերմացուն 30 բնակչից 22-ին բաշխվել է 1կգ մինչեւ 2 կգ. չափաքանակներով:
Նշենք, որ Շիրակի եւ Արագածոտնի մարզերի բնակիչների կողմից ստացված բերքի ցուցանիշները անցած տարի տարբեր են եղել՝ կախված բնակլիմայական պայմաններից, հողերի բերրիությունից, ցանքատարածությունների ջրովի կամ անջրդի լինելուց: Մասնավորապես մարզի Թալինի տարածաշրջանի Կաքավաձոր գյուղում անվճար հատկացված 4000 կգ գարու սերմացուն ցանվել է ամբողջությամբ, սակայն գյուղի ցանքատարածությունների 80 տոկոսը չի հնձվել: Պատճառն այն է եղել, որ հասկը գաճաճ է եղել, իսկ մնացած հնձվածի բերքատվությունը կազմել է միջինը 250կգ/հա: Իսկ Ապարանի տարածաշրջանի Սարալանջ գյուղում շուրջ 5հա-ի վրա ցանված 1300 կգ գարնանացան գարու ցանքատարածությունների մոտ 2հա-ից ստացվել է 10ց գարի, իսկ մնացած 3 հա քաղվել է որպես խոտհարք: Ծիլքար եւ Լեռնապար համայնքներում սերմացուները ցանվել են ամբողջությամբ, սերմերի ծլողունակությունը բարձր է եղել, սակայն բերքատվությունը ցածր է եղել, գարու հասկը չի հասցրել հասունանալ:
Հաշվի առնելով սերմացուների փոշիացումը, նաեւ շատ փոքր ծավալի չափաքանակներով բաշխումը, պարզ է դառնում, որ ծրագրով ակնկալվող արդյունքը թերի է եւ ուղեկցվել է անցած տարում սերմերի վերարտադրողականության ծավալների նվազմամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
«ՃԻՇՏ» ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Երեկ Ազգային ժողովում ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը հայտնել է, որ իրենց մոտ նույնպես սկսել են ծախսերի օպտիմալացման հետ կապված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի իրականացման աշխատանքները: Ըստ նախարարի՝ դա «ճիշտ» ուղղություն է: Ղազարյանը նշել է, որ նախարարության 30 մեքենաներից 14-ը կրճատվել են: Հարցին, թե հաստիքների կրճատում ե՞ւս սպասվում է նախարարությունում, Գ. Ղազարյանը պատասխանել է. «Այո, սպասվում է, դա արդեն երկրորդ փուլը կլինի: Եթե մենք գնում ենք օպտիմալացման ՀՀ-ում, բնականաբար, պետք է հասկանանք, որ բոլոր նախարարություններում, գերատեսչություններում էլ կլինեն տարբեր հաստիքների կրճատումներ»:

 

 
ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ, ՈՉ ԹԵ ՏՈՒԳԱՆԵԼ
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում կարծիք է հայտնել, որ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) խնդիրը խախտումները կանխարգելելը պետք է լինի, ոչ թե տուգանելը:
«Տեսագրած խախտումների վերաբերյալ ՃՈ որոշումներից ավտովարորդների դժգոհություններն արդարացված են: Նրանց որոշումների 30%-ը խոտան է, եւ որոշումները կայացնում են պրինտ արած տարբերակով, որտեղ կնիքն էլ է պրինտ արած: Երբ մեր մոտից վարորդները բողոք են գրում ոստիկանությանը, բոլոր բողոքները մերժվում են, իսկ նույն բողոքը, երբ ներկայացնում ենք դատարան, վարորդը շահում է»: Է. Հովհաննիսյանի կարծիքով դատարանի կայացրած վճիռներից հետո էլ ՃՈ-ն համապատասխան հետեւություններ չի անում ու շարունակում է նույն կերպ տուգանել վարորդներին. «Ամեն մի վթար պարտավոր են ուսումնասիրել, հետեւություն անել ու միջոցներ ձեռնարկել՝ իրավախախտումները կանխարգելելու համար, բայց նրանց խնդիրը կարծես միայն գումարներ հավաքելը լինի»,- նշել է նա:
ՀԿ-ի նախագահն անդրադարձել է նաեւ մեքենաների ապակիների լուսաթափանցելիության խնդրին: Ըստ նրա՝ ՃՈ-ն ոչ հավասար մոտեցում է ցուցաբերում վարորդների նկատմամբ. «Այն վարորդը, որը գործարանային լուսաթափանցելիութամբ հողմապակիով մեքենա ունի, եւ այն վարորդը, որը հողմապակին թաղանթապատել է նույն սահմանված լուսաթափանցելիությամբ, հայտնվում են անհավասար վիճակում: Գործարանային մգեցվածության դեպքում չեն տուգանում, իսկ թաղանթապատված հողմապակու դեպքում տուգանում են: Տարբեր տեղեր դիմել եմ, սկսած ՃՈ-ից մինչեւ վարչապետ, մարդու իրավունքների պաշտպան, սակայն ասում են, թե ամեն ինչ օրենքով է արվում: Այստեղ իրավական հակասություն կա, քանի որ կառավարության որոշումը թույլատրում է թաղանթապատումը, իսկ իրենք ասում են՝ ոչ»,- ամփոփել է Է. Հովհաննիսյանը:




Լրահոս