ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՂՎԱԾ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախացումից հետո ամեն տարի` մայիսի 28-ին, նշվում է Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնը: Եթե մայիսյան հերոսամարտերում եւ հատկապես Սարդարապատում 1918-ին հայերը հաղթանակ չտանեին, ապա թուրքական զորքերն անարգել կմտնեին Էջմիածին եւ Երեւան:

Այսօր մենք այցելում ենք Սարդարապատի հուշահամալիր, գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը իրենց արյան գնով պաշտպանած նահատակների հիշատակի առաջ: Սակայն մեզնից քչերն են տեղյակ, թե այդ հայորդիները որտեղ են թաղված. նրանց հուղարկավորման վայրերի մասին մեր պատկերացումները շատ աղոտ են: Հայաստանցիներն առ այսօր չգիտեն այն մյուս վայրերը, որտեղ կարող են այցելել, գլուխ խոնարհել հայ մարտիկների հիշատակի առաջ: Մինչդեռ արխիվային վավերագրերը տալիս են դրա պատասխանը: Պատմաբան Հարություն Թուրշյանը ուսումնասիրություն է կատարել եւ հստակեցրել այդ վայրերը: Այդ մասին տպագրվել է «Պատմա-բանասիրական հանդես» ամսագրում (1978թ., 2-րդ համար). «Մեծ էր Սարդարապատի տակ ընկածների թիվը։ Զոհված աշխարհազորայիններից շատերը թաղվեցին իրենց գյուղերում, դրսեցիներից զոհվածներին թաղեցին Գայանեի վանքի բակում (Խենթի գերեզմանի կողքին՝ եղբայրական գերեզմանի մեջ), բնիկ երեւանցիներին բերեցին Երեւան եւ թաղեցին ներկայիս Կոմիտասի անվան այգում»։
Թեմայի առնչությամբ «Ժողովուրդ»-ին բացառիկ տեղեկություններ է հայտնել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Նրա խոսքով` գրող Դերենիկ Դեմիրճյանը, ով Թիֆլիսում էր բնակվում, այդ օրերին գործի բերումով եկել էր Երեւան եւ ակամա ականատեսն ու մասնակիցն էր դարձել մեր ժողովրդի հերոսական պայքարի: «Սարդարապատում զոհված հերոսների մի մասի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսյան մի օր, քաղաքի Մլեր գերեզմանատանը (ներկայիս Կոմիտասի անվան այգու տարածքում): Նրանք թաղվեցին մի վայրում` եղբայրական գերեզմանում, եւ հանգան նույն շիրմաթմբի տակ: Հավաքվել էր մեծ բազմություն: Շատերը հրաժեշտի ու գնահատանքի խոսքեր էին հնչեցնում: Եվ, ահա, հենց այդ պահին թափորի միջից դուրս է գալիս Դեմիրճյանը, մոտենում է թարմ շիրիմներին, գրպանից դուրս է բերում մի թուղթ եւ հուզված ձայնով սկսում է ընթերցել: Դա Սարդարապատի հերոսներին նվիրված առաջին բանաստեղծությունն էր: Հաջորդ օրը նրա չափածո հուզիչ խոսքը «Հայաստանի աշխատավոր» թերթի խմբագրատանը վերածում են թռուցիկի եւ փակցնում Երեւանի բոլոր փողոցներում: Ժամանակի ընթացքում այդ թերթիկները պոկվեցին ու անհետացան: Բարեբախտաբար, փրկվել է թռուցիկներից մեկը, որն այսօր էլ պահվում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում»,-նշեց գրականագետը:
Նա մեզ տրամադրեց նաեւ Դեմիրճյանի` հրաշքով փրկված բանաստեղծությունը (աղբյուրը` Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Դ. Դեմիրճյանի լրացուցիչ ֆոնդ, համար 48), որը ներկայացնում ենք ստորեւ:
Այսօր, այս վեհ ուրախության եւ խոր սուգի հանդեսին,
Ո՜վ մարմարե նահատակներ, կանգնած ձեզ հետ միասին,
Ո՜վ խնկելի Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան,
Խոսեցնում եք իմ բերան։
Սակայն ինչպե՞ս խոսեմ ձեզ հետ` ցավի դողը իմ շուրթիս,
Ի՜մ, ապրողիս խղճի խայթով՝ մեռածներիդ հանդիման,
Ինչպե՞ս հնչեմ ձեր անունը՝ ամոթանքը ճակատիս,
Գովեմ ձեր բառն աննման։
Բայց եւ ինչպե՜ս լռեմ հիմա, ինչպե՜ս լռե իմ բերան՝
Վերհիշելով Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան.
Դուք գնացիք, սակայն ինչպե՞ս իմ լուռ հոգին այսուհետ
Չխոսի ձեր շուքի հետ:
Ահա տեսնում եմ ձեզ մահատեսիլ, խստադեմ,
Երբ որ մահը մեռցնելու դուք գնացիք մահի դեմ,
Եվ դուք գտաք ձեր պտրածը-ձեզ համար՝ մա՛հ չարաթույն,
Հայրենիքին փրկությո՛ւն։
Եվ այլ ինչ բան պիտի սազեր հերոսական ձեր սրտին,
Բուն այդ կատակն օրհասական հանդեպ մահվան գոռ աստին.
Ո՞վ ավելի արհամարհեց, տեսավ մահը չըմեռած,
Եվ մեռնելիս չըդողաց։
Ահա, այս վեհ ռազմադաշտում, որտեղ լսվեց մի մեծ օր
Ձեր ռազմական խրոխտ գոչը, վերջին գոչը փրկության՝
Մենք երկու տոն ունենք այսօր-մեկ ձեր տոնը «սգավոր,
Մեկ մեր սուգը խնդության»:
Ահա ուժգին որոտում է ժողովուրդը ամբոխված,
Ձեր խնկելի շուքերի հետ, ռազմադաշտում Հայրենի.
Ահա՛ կարմիր դրոշակներ՝ ձեր արյունով կարմրած
Եվ արյունով բյուրերի։
Դուք հաղթեցիք, ով ընկածներ, մահվամբ զմահ կոխեցիք։
Դուք հաղթեցի՜ք եւ չըթողիք ոչինչ էլի հաղթելու.
Մկրտվեցիք դուք մահի մեջ, մահվամբ դառաք գեղեցիկ,
Ձեզ փա՜ռք հավետ, ալելո՜ւ:
Ի դեպ, Հ. Չարխչյանը հավելում է, որ այս բանաստեղծությունը Սարդարապատի հերոսամարտին նվիրված առաջին գեղարվեստական գործն է:

 

 

 
«ՀԱՅԻ ՈԳԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿՈՏՐԵԼ»

Մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը, Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս մի շարք միջոցառումներ կանցկացվեն:

Գարեգին Նժդեհի հրապարակում (Շենգավիթ համայնք) եւս երեկոյան տեղի կունենա տոնական համերգ: Քաղաքացիների համար ելույթներով հանդես կգան մի շարք երգիչ-երգչուհիներ, այդ թվում` ազգային, հայրենասիրական երգերի կատարող Արսեն Գրիգորյանը (Մրո): Վերջինս «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ համերգի ընթացքում հնչելու են երգեր, որոնք արտահայտում են հայրենիքի, հերոսների արժեւորման գաղափարները:
«Մենք մեր մատաղ սերնդին պետք է ցույց տանք, որ գնահատում ենք այն, ինչ ստեղծվեց մեր ժողովրդի համատեղ ջանքերով: Նշել ցանկացած տոն, որը նվիրված է մեր պետականությանը, կարեւոր է այնքանով, որ գալիք սերունդներին փորձենք մոտեցնել մեր տեսակին: Իհարկե, սա միայն տոնով չի որոշվում, այդ ուղղությամբ հարկավոր է ամեն պահի աշխատանք տանել»,-նկատեց Ա. Գրիգորյանը:
Նրա խոսքով` 1918 թվականից ի վեր գրեթե 100 տարի է անցել, սակայն հայ ժողովրդի ոգին մնացել է նույնը: Դրա վերջին ապացույցը ապրիլյան պատերազմն էր. «Ժողովրդի հավաքական ոգին նույնն է, չի էլ փոխվելու: Մեր ազգային նկարագիրն է այդպիսին: Հայի ոգին հնարավոր չէ կոտրել: Մենք հարատեւում ենք մեր պատկանելության շնորհիվ: Հայաստանի համար ճակատագրական պահերին ամեն անգամ պարզ է դառնում, որ յուրաքանչյուր հայորդի առաջինը մտածում է ժողովրդի, հետո նոր միայն իր մասին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայկական կամ Հայաստանի Հանրապետությունը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՈՉ ՍԹԱՓ ՀՈՎՈՆ
Մայիսի 27-ին Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Lexus մակնիշի 14 ՏԼ 384 համարանիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո վարորդին` հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին, ենթարկել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Պարզվել է նաեւ, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել: Ավտոմեքենան ոչ սթափ վարելու համար Հ. Ազոյանը ենթարկվելու է վարչական պատասխանատվության:

 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՕՍԿԱՐ»
Նախորդ տարվա դեկտեմբերին կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը կոչ էր արել կինոմրցանակ ստեղծել, որը կարող է դառնալ ամերիկյան «Օսկարի» եվրասիական տարբերակը: Այժմ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը սկսել է «Եվրասիական Օսկար» մրցանակի ստեղծման աշխատանքները: Lenta.ru-ի փոխանցմամբ` նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայումս ՌԴ մշակույթի նախարարությունն այլ շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների հետ համատեղ զբաղվում է ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման հարցով: Նախագծի իրականացման ժամկետների, ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ դեռեւս հայտնի չեն:

 

 

ԲՈՏԻՉԵԼԻՆ` ԱՃՈՒՐԴՈՒՄ
Իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի գլուխգործոցը` «Հրեշտակի գլուխը», Նյու Յորքում կայացած Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 1.09 մլն դոլարով: Փորձագետների կարծիքով՝ այդ կտավը «Մադոննան նորածնի հետ» նկարի էսքիզն է, որը ստեղծվել է Բոտիչելիի արվեստանոցում եւ պահվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում: Հեղինակի եւս մեկ կտավ` «Քրիստոսի մկրտությունը», գնվել է 466.000 դոլարով: Այն վերջին կես դարի ընթացքում պահվում էր մասնավոր հավաքածուում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
610.000 դոլարով վաճառվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Ուդրիի աշխատանքը, 490.000 դոլարով` Վալանտեն դե Բուլոնի նկարը:
Ամենահետաքրքիր նմուշներից է եղել «Մադոննան նորածնի հետ» կտավը, որը ստեղծվել է Սիենայի դպրոցի վարպետների կողմից մոտավորապես 1380-ին:
Աճուրդի տանը նշում են, որ հին վարպետների աշխատանքների վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 4.8 մլն դոլար:




Լրահոս