Հայաստանում բնակչության թվի նվազման հետեւանքով գյուղական որոշ համայնքների դպրոցներ փակվելու վտանգի առաջ են կանգնած: Այս հանգամանքն անմիջականորեն ազդում է նաեւ բուհ ընդունվողների թվի վրա: Արդյոք այս խնդիրները լուծելու ուղղությամբ ՀՀ ԿԳՆ-ն քայլեր անում է, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից:
-Պարո՛ն Մկրտչյան, Դուք արդեն 4-րդ անգամ եք ստանձնել կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը: Արդյո՞ք այժմ Դուք նույն էնտուզիազմով եք Ձեր գործին վերաբերվում, թե՞ այն արդեն հոգնեցուցիչ է դառնում:
-Անկեղծ պատասխանեմ: Իսկապես 4-րդ անգամ է, բայց բոլորը միասին 4 տարի: Այսինքն՝ ծրագրեր կան, եւ ես համակարգից դուրս չեմ եկել: Լրիվ ուրիշ բան է, որ որոշումներ ես ընդունում, ծրագրեր ես ասում, հետո գնում ես համալսարան, եւ այդ ծրագրերը սկսում են քո վրա աշխատել: Ես մագիստրատուրայում դասավանդում եմ եւ այդ նույն համակարգը, բացթողումները, ներսում մթնոլորտը, ամեն ինչ ավելի գործնական եմ տեսնում: Իմ կարծիքով եկել է պահը, որ բոլորս միասին փորձենք մի քիչ ջանք գործադրել՝ որակը վերաստեղծելու համար, կրթության որակի բարձրացման հիմնախնդիր կա: Եթե այս նոր պատասխանատվության մեջ կարողանանք այնպես անել, որ ունենանք, օրինակ, ավելի ազատ, ինքնուրույն, ինքնավար համալսարաններ, կայացած ավագ դպրոց ունենանք, ինչի մասին որ խոսում եմ, այս ծրագրերը կհամարեմ, որ բավարարված, ինչ-որ չափով արդարացված են: Տեսնեմ՝ ինչպես կստացվի:
-Երբ Ձեզ առաջարկեցին կրկին դառնալ ԿԳ նախարար, անհրաժեշտությունը ինչո՞վ բացատրեցին, եւ Դուք ի՞նչ պատասխանեցիք:
-Մեր կուսակցությունը որոշակիորեն մտավ կոալիցիայի մեջ, եւ ինձ առաջարկ եղավ, որովհետեւ ես համակարգը, խնդիրները լավ գիտեմ եւ կկարողանայի երեւի արագ մտնել այդ հարցերի մեջ: Սա էր երեւի հիմնականը, որ մեր կուսակցությունը իմ վրա կանգնեցրեց թեկնածության ընտրությունը: Ես կարգապահ մարդ եմ, պատրաստ եմ աշխատել: Ինքս ինձ համարում եմ այդ իմաստով ավելի պատասխանատու եւ եթե մի բան կարող եմ անել, եւ հնարավոր է անել, անկախ շատ ցանկություններից պետք է անեմ: Այ, երբ զգամ, որ անօգտակար է, չեմ կարողանում ժամանակի հեւքը հասկանալ, եւ ինչ-որ բաներ չի ստացվում, հավատացեք՝ առաջինը ես կհրաժարվեմ:
-Պարո՛ն նախարար, ՀՀ բազմաթիվ գյուղերում աշակերտների սակավության պատճառով դպրոցները փակվելու վտանգի առաջ են կանգնած: Խնդիրը կարգավորելու համար ԿԳՆ-ն ի՞նչ քայլեր է անում:
-Գյուղերը մի քիչ բարդ հասկացություն է: Մենք մի հատ մեծ հարց ունենք. շատ դպրոցներ ունենք, որոնք, օրինակ, 20 աշակերտի վրա պահում են 28 ուսուցիչ կամ մնացել է 7 աշակերտ, 6 աշակերտ: Որեւէ դպրոց մենք չենք փակում: Այսինքն՝ եթե դա ինքնաբերաբար աշակերտների թվի նվազման, գյուղի դատարկման պատճառով չի լինում: Այսօր մենք որեւէ գյուղական դպրոց փակելու ծրագիր չունենք: Եւ իմ կարծիքով քանի դեռ գյուղը ճիգ է անում ապրելու, պետք է դպրոցը լինի: Սա իմ խորին համոզմունքն է, որովհետեւ գյուղական տրամաբանության մեջ դպրոցը այն կայուն հաստատությունն է, որը ապահովում է գյուղի կենսագործունեությունը: Ինչքան էլ դժվար լինի, մեր պետության վրա դա թանկ նստի, պետության քաղաքականությունը միշտ եղել է, որ այդ դպրոցները պահպանվեն: Մենք 1430 դպրոց ունենք, Երեւան քաղաքում բնակչության կեսից ավելին է, բայց Երեւանը ընդամենը 200 դպրոց ունի: Այսինքն՝ Հայաստանի դպրոցների մեծ մասը ֆինանսապես շատ դժվար վիճակի մեջ է գոյատեւում, որովհետեւ աշակերտների փոքր թիվ ունեն: Բայց մեր երկրի բնակչության եւ աշխարհագրության ձեւաչափն է սա: Այսինքն՝ չի կարելի գյուղին զրկել դպրոց ունենալու իրավունքից: Ես այս տեսակետին եմ:
-Պարո՛ն Մկրտչյան, իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ շատ տեղերում դպրոցների տնօրենները ժառանգաբար են հաջորդում միմյանց:
-Խնդիրը մենք կարգավորում ենք: Դրա մասին ես էլ եմ բարձրաձայնել, եւ հիմա շատ տեղերում այդ տնօրեններից մեկն ու մեկն է մնում՝ կա՛մ նախկինը, կա՛մ նորը: Պետք է փորձենք այս ճանապարհը, որովհետեւ դա խանգարում է երեխաներին:
-Վերջին տարիներին բուհերում ուսանողների թիվը գնալով նվազում է: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, միայն արտագա՞ղթը, թե՞ նաեւ բարձրագույն կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը:
-Մենք դեմոգրաֆիական խնդիրներ ունենք, եւ ծնունդների բնական պակաս կա. 17, 18 թվականից հետո կսկսի աճել: Այսինքն՝ այդ դասարաններով է նաեւ դա գալիս: Բայց դա ցանկության պակասից չի, որ, ասենք, ժողովուրդը սկսել է ցանկություն չունենալ սովորելու:
-Բուհերում կան կառավարման խորհուրդներ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներն են ղեկավարում: Ինչպես Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ում, Գալուստ Սահակյանը՝ ՀՊՄՀ-ում եւ այլն: Չեք կարծում, որ այս հանգամանքը եւս ոչ դրական ազդեցություն է ունենում բազմաթիվ, այդ թվում եւ Ձեր նշած բուհական ինքնավարության առումով:
-Բարձրագույն կրթության մասին օրենքը բոլոր այդ հարցերի պատասխանը կտա:
-Պարո՛ն Մկրտչյան, Ձեր եղբայրը` Վահանգն Մկրտչյանը, այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում եւ շարունակում է արդյո՞ք մնալ ՀՀԿ անդամ:
-Բիզնեսով, ինքը զբաղվում է գործարարությամբ, որեւէ կուսակցության անդամ չի, հաստատ:
ԼՈՒՌ ՈՒ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հայաստանում գրեթե բոլոր պաշտոնյաները դրամական միջոցներով միմյանց չեն զիջում, անգամ պաշտոնական տեղեկություններում իրենց ունեցվածքի մի մասը հաճախ դժվար է լինում թաքցնել:
Այս անգամ ուշադրություն հրավիրենք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի վրա, ում անուն-ազգանունը Ազգային ժողովում բացառիկ դեպքերում է հնչում: 2011 թվականից լինելով խորհրդարանում՝ այս պատգամավորը գրեթե հանդես չի եկել որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ: Բայց այս ամենն իրեն չի խանգարել, որ այս տարիների ընթացքում բավականին մեծ կարողություն կուտակի:
Նկատենք, որ անցյալ տարիներին Մուշեղ Պետոյանը իր ունեցվածքների մեջ հայտարարագրել էր նաեւ անշարժ գույք` հողամաս եւ մարդատար ավտոմեքենաներ: Նույն այդ փաստաթղթից պարզ է դառնում, որ 2015-ին նրա դրամական միջոցները եղել են 96 մլն ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում հասել է 106 մլն դրամի: Պատգամավորը, որպես եկամուտ, հայտարարագրել է իր պատգամավորական աշխատավարձը` 6 մլն 252,890 հազար դրամ: Բացի դրանից՝ նա ունի շահաբաժին, որը կազմում է 34 մլն 272,890 հազար դրամ: Իսկ իրեն պատկանող անշարժ գույքի մասին որեւէ տեղեկություն վերջին հայտարարագրում նշված չէ, իսկ թե ինչ եղան հողամասն ու մեքենաները, առեղծված է մնում. գուցե վաճառել կամ նվիրել է ուրիշի:
Իսկ ով է Մուշեղ Պետոյանը: Քառասուներկուամյա պատգամավորը ծնվել է Արթիկ քաղաքում, ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը, որից հետո ագրարային համալսարանը: «Հրաչյա Աճառյան» համալսարանում սովորելու տարիներին՝ 1991-1993-ին, աշխատել է նաեւ «Արթիկտուֆ» միավորումում որպես որակի հսկիչ: Ավելին՝ անգամ հասցրել է 1993-1994-ին բանակում ծառայել: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Պետոյանը չորս տարի սովորել է առկա բաժնում (համալսարանը հեռակա բաժին չի ունեցել) եւ այդ ընթացքում աշխատել ու ծառայել է բանակում:
Բացի այս՝ նա երրորդ կուրսում հասցրել է ծառայության անցնել Արթիկի ՆԳ բաժանմունքում որպես ՃՊԾ ավագ տեսուչ՝ ստանալով ոստիկանության լեյտենանտի կոչում եւ ծառայելով 13 տարի: Իսկ «Արթիկտուֆ» ՓԲԸ-ում էլ ավագ տեսուչի պաշտոնը փոխարինել է գլխավոր ճարտարագետի, ապա փոխտնօրենի պաշտոններով: 2007-ին Պետոյանը հիմնադրել է «Մուշ-Կոլ» ՍՊԸ-ն, որի սեփականատերն է մինչեւ օրս:
Այս ամենից բացի՝ տեղեկություններ կան նաեւ, որ Պետոյանը բիզնես գործունեություն է ծավալում նաեւ Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում:
Այսպիսով՝ նման խիստ աշխատանքային գրաֆիկ ունեցող Պետոյանը 2008 թվականին համալրել է ԲՀԿ շարքերը՝ որպես քաղխորհրդի անդամ, իսկ 2011-ից մինչեւ 2015 թվականի փետրվարը դարձել ԲՀԿ խմբակցության անդամ:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության «խոշորի» ներկայացուցիչները ստուգումներ են իրականցնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ» ընկերությունում: Մեր ստացած ահազանգերի համաձայն՝ ստուգումների արդյունքում «ՍԱՍ գրուպ» ընկերությունում լուրջ ֆինանսական խնդիրներ են ծագել, եւ աշխատակիցների զգալի մասը վերջին ամսվա աշխատավարձերը չի ստացել: «Ժողովուրդ»-ը փորձեց իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալ «ՍԱՍ գրուպ» ընկերությունից: Ընկերության տնօրենի ընդունարանի հեռախոսահամարին պատասխանող աշխատակիցը նախ ասաց, որ ստուգումների հետ կապված հարցերին կարող են պատասխանել հաշվապահության աշխատակիցները եւ խոստացավ միացնել նրանց հետ, քիչ անց կրկին նույն աշխատակիցը հայտնեց. «Ներեցեք, համապատասխան բաժինը չի պատասխանում: Հնարավոր է՝ դուրս են եկել գործերով: Հարկային հարցերի հետ կապված փիառ մենեջերները չեն կարող պատասխանել Ձեր հարցերին»: Մենք փորձեցինք խնդրի հետ կապված զրուցել ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ, սակայն կրկին ապարդյուն:
ՆԻԿՈՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի դրամական միջոցները 2015 տարեվերջին, նախորդ տարվա համեմատ, էապես աճել են: Նա հայտարարագրել է 63 հազար դոլար եւ 4 մլն դրամ դրամական միջոց: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարվա կտրվածքով կազմել է մոտ 7 մլն դրամ: Նրա կինը՝ Մադլենա Վիրաբյանը, հայտարարագրել է 3 հազար դոլար դրամական միջոց: Սակայն Մադլենա Վիրաբյանի եկամուտներն ավելի շատ են, քան պատգամավոր ամուսնունը: Նա հայտարարագրել է շահաբաժնի տեսքով ստացված եկամուտ, որը կազմել է 11 մլն 433 հազար դրամ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 1 մլն 360 հազար դրամ, եւ, որ ամենաուշագրավն է, հայտարարագրել է «այլ եկամուտ»՝ 1 հազար 600 դոլարի չափով: Հիշեցնենք, որ Նիկոյանի ընտանիքի հետ է կապվում «ՆԱՐ» դեղատունը, որը Ջրվեժում գործող միակ դեղատունն է: