Հայաստանում է Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Երեւան է ժամանել աշխարհահռչակ “Deep Purple” ռոք խմբի մենակատար Յան Գիլանը կնոջ` Բրոնի, “Do Something” կազմակերպության գործադիր տնօրեն, “Rock Aid Armenia” նախագծի հեղինակ Ջոն Դիի եւ կանադացի Թիմ Իրվինգի ուղեկցությամբ: Գիլանի այցը հատուկ նպատակ ունի. այսօր՝ սեպտեմբերի 20-ին, նա կմասնակցի Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, որը կառուցվել է “Rock Aid Armenia” նախագծի շրջանակներում:
1988թ. Սպիտակ եւ Գյումրի քաղաքներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո երաժշտական դպրոցի սաները ստիպված էին ուսանել երկաթե տնակներում: Երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա բրիտանացի Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց “Rock Aid Armenia” նախագիծը: Վերջինիս շրջանակներում ռոք աստղերը ձայնագրեցին “Deep Purple”-ի “Smoke on the water” երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին: 
Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գիլանը պատմեց, որ իր ներգրավվածությունն այդ նախագծում շատ անձնավորված եւ խորհրդանշական բնույթ ունի, որովհետեւ 1990թ., երբ մարզահամերգային համալիրում ելույթ ունենալուց հետո այցելել է Սպիտակ, շատ ծանր է տարել այն ավերածությունները, որոնց ականատես է եղել. “Անգամ մի տարի անց մարդիկ մոլորված քայլում էին փողոցներով, եւ հենց դրանից ծնվեց “Rock Aid Armenia” գաղափարը”: Ռոք երաժիշտը նշեց, որ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել քաղաքին՝ նույնիսկ դեռ ոչինչ չիմանալով դպրոցի մասին: Այսօր արդեն Գիլանը խոստովանում է, որ իր համար շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես է դպրոցը տեսքի գալիս: Ինքն անձամբ մեծ խանդավառությամբ է ընդունում դպրոցի գալիք բացումը:




Լրահոս