«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Հիշեցնենք, որ Պապիկյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է, դստեր ամուսինը: Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է:
Մինչ այդ նա մոտ մեկ տարի պաշտոնավարեց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ: Ու եթե այսպես շարունակվի, ապա Խոսրով Հարությունյանն իր ողջ ընտանիքն աշխատանքի կտեղավորի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Արմեն Պապիկյանին կփոխարինի Պարույր Հովհաննիսյանը: Վերջինս ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԱԳ Եվրոպայի վարչության պետի պաշտոնը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: