Խաչիկ Խաչատրյանը բանակի վրա թանկ գնով ձու է «նաղդել». ՊՆ-ն հրաժարվել է էժան տարբերակից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության մատակարարման պայմանագրերը ցանկացած ընկերության համար նվեր են, քանի որ նման գործարքներն ընկերությունների համար ապահովում են հաստատուն եկամուտ՝ երբեմն շուկայականից բարձր գներով: Ու որքան էլ խոսվում է ՊՆ-ում գնումների ավանդույթը փոխելու մասին, նույնիսկ պաշտոնանկություններ են տեղի ունենում, միեւնույն է՝ առարկայական ոչինչ չի փոխվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ, օրինակ, բանակի ձվի մատակարարման պայմանագրով, որը կնքվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ, ձուն մատակարարվում է 53 դրամով:

Եւ, ահա, այս տարվա ապրիլին՝ քառօրյա պատերազմից հետո, մեկ այլ թռչնաֆաբրիկա ՀՀ ՊՆ-ին առաջարկել է ձուն մատակարարել 40-ից 45 դրամով: Սակայն ՊՆ-ն հրաժարվել է ավելի էժան արժեքով ձու գնելու տարբերակից: «Ժողովուրդ»-ին ՊՆ-ից պաշտոնապես պարզաբանեցին, որ օրենսդրությունը թույլ չի տալիս պայմանագիրը կեսից խզել: Միեւնույն ժամանակ հավաստիացրին, թե ներկայիս մատակարարի հետ բանակցում են գործող պայմանագրի շրջանակներում ձվի գինն իջեցնելու նպատակով: Հիշեցնենք, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան պատկանում է հայտնի «ձվերի Խաչիկին»՝ Խաչիկ Խաչատրյանին, ու թերեւս առանձին քննությունով պետք է պարզել, թե նա ում հետ ինչ պայմանավորվածություն  է ձեռք բերել՝ բանակի վրա թանկ գնով «նաղդելու» համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս