Իրավապահ մարմիններն անո՛ւմ են իրենց գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգության” մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Aravot .am-ի հետ զրույցում անդրադարձել է “Րաֆֆի Հովհաննիսյանի թռուցիկները բաժանող” Վիգեն Դավթյանին ծեծի ենթարկելու դեպքին և անհիմն մեղադրանքներ հասցեագրելով ոստիկանությանը՝ պահանջել, որ այն բացահայտվի:
Մամուլի խոսնակի անիրազեկությունը զարմանք է հարուցում, իսկ բացահայտման պահանջը, մեղմ ասած, ժամկետանց է:
Բանն այն է, որ միջադեպից անմիջապես հետո ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել կատարվածի մասին՝ նշելով, որ 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն (նույն ինքը՝ Վիգեն Դավթյանը) նախ զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն, ապա մեկնած խմբին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն և Էդգար:
Շարունակական գործողություններով ոստիկանները կարճ ժամանակում պարզել են նրանց ինքնությունը՝ 1991 թ. ծնված Վազգեն Ա. և 1989 թ. ծնված Էդգար Շ.: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստորեն, կատարվածն արագ բացահայտվել է, մասնակիցների ինքնությունը պարզված է, ուրեմն ի՞նչն է հարուցել մամուլի խոսնակի “արդար ցասումը”:
Պարոն Խուրշուդյանին ոչ ոք չի ստիպում հետևել ոստիկանության կայքին, բայց սեփական կուսակտիվիստի գործի ընթացքը պե՞տք է նրան մտահոգեր ու մղեր հետևելու: Պե՛տք է: Կամ գոնե ժամկետանց եզրակացություններով ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար պե՞տք է հետևել լրահոսին: Պարտավո՜ր է՝ և՛ որպես մամուլի խոսնակ, և՛ քաղաքացի: Հատկապես այսպիսի սին, վերամբարձ ու “քաղաքական հեռուները” տանող եզրահանգումներից զերծ մնալու համար. “Մեր խնդիրն է հասնել նրան, որ մեր իրավապահ մարմիններն անեն իրենց գործը: Եթե նման փոքր հանցագործությունները չեն կարողանում բացահայտել, ի՞նչ կարող ենք պահանջել նրանցից ավելի գլոբալ հանցագործությունները բացահայտելու առումով”:
Իրավապահ մարմիններն անում են իրենց գործը՝ և՛ փոքր, և՛ գլոբալ հանցագործությունները բացահայտելու առումով: Իսկ ակամա կամ միտումնավոր անիրազեկներին կոչ ենք անում հիմնազուրկ հայտարարություններով ջուր չպղտորել և գործ չանողներին փնտրել իրենց մեջ:




Լրահոս