ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած «բանդայի» գործով տուժող «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց: Ըստ Բեզոյանի, եթե իրական գողերին բռնեին, ապա գողոնը կհայտնաբերվեր: Բայց այս գործը, որը քննվում է շուրջ 2 տարի, դեռ համարվում է չբացահայտված, քանի որ թալանված բնակարաններից տարված որեւէ իր գործում՝ որպես իրեղեն ապացույց, ըստ էության չկա: «Օրինական երկրներում, երբ մարդուն բռնում են, քննում են, համոզվում են, որ հանցանքը նա է գործել, նոր դատապարտում են: Իսկ սրանց բռնել են ու ասում են, որ դուք պետք է վիզ վերցնեք: Սրանից հետո ի՞նչ սպասես այս երկրից»,-վրդովված նշեց Է. Բեզոյանը: Այս իրավիճակը եզակի է այն առումով, որ դատարանում տուժողներն ու ամբաստանյալները հավասարապես չեն հավատում իրականացված քննությանը, հարուցված քրգործին՝ այն համարելով շինծու: Ու ստացվում է, որ մեր երկրում քչերն են հավատում, որ մեծ շուքով վնասազերծված «բանդան» հենց այն խումբն էր, որը թալանում էր նախկին պաշտոնյաների բնակարանները՝ ուղեկցված դաժան ծեծով: Եվ ուրեմն որտե՞ղ է իրական «բանդան», ինչո՞ւ չի բացահայտվում…
Հիշեցնենք, որ Է. Բեզոյանի տանը (նկարում) «բանդայի անդամները» ծեծել էին իրեն, որդուն՝ Կարեն Բեզոյանին, զենքի սպառնալիքի տակ կապկպել տան բնակիչներ` թիվ 6 մսուր-մանկապարտեզի դաստիարակչուհի 54-ամյա Սերիկ Սողոյանին, 24-ամյա Գեղանի Զուրաբյանին եւ 24-ամյա Մանե Սողոյանին եւ բնակարանից տարել ընդհանուր առմամբ 180-ից 200 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա եւ արծաթյա զարդեր, մոտ 60 հազար ԱՄՆ դոլար:




Լրահոս